Նոտր Դամի համալսարանի գիտնականները սպորտային արհեստական խոտածածկի մեջ պոտենցիալ վտանգավոր թունավոր նյութեր են հայտնաբերել, որոնք կարող են կապված լինել գլխուղեղի հազվագյուտ քաղցկեղից վեց մարզիկների մահվան հետ: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Ինչպես հայտնում է Philadelphia Inquirer-ը, վեց մարզիկներ, ովքեր իրենց կարիերայի մեծ մասը մասնակցել են Philadelphia Phillies-ում, մահացել են գլիոբլաստոմայից՝ գլխուղեղի քաղցկեղի հազվագյուտ տեսակից: Նրանք 40-50 տարեկան էին և տասնամյակներ շարունակ խաղում էին արհեստական խոտածածկով մարզադաշտերում:
Խոտածածկերի նմուշներն ուղարկվել են Նոտր Դամի համալսարանի գիտնականներին՝ վերլուծության համար: Նրանք դրա մեջ հայտնաբերել են թունավոր նյութեր, այդ թվում՝ PFAS, որը նաև հայտնի է որպես «հավերժական քիմիական նյութեր», քանի որ դրանք բնական կերպով չեն քայքայվում: Նախորդ ուսումնասիրությունները կապում էին դրանց ազդեցությունը քաղցկեղի, լյարդի խնդիրների, վահանաձև գեղձի խնդիրների, բնածին արատների, երիկամների հիվանդության, իմունիտետի նվազման և առողջական այլ խնդիրների հետ:
Ինչպես նշում է The Guardian-ը, բոլոր արհեստական խոտածածկները պատրաստված են PFAS պարունակող նյութերից, իսկ որոշները պատրաստված են վերամշակված անվադողերից, որոնք կարող են պարունակել ծանր մետաղներ, բենզին և այլ քաղցկեղածին նյութեր:
The Guardian-ի մեկնաբանություններում ուղեղի քաղցկեղի մասնագետները զգուշացրել են, որ անհնար է ապացուցել, որ խաղացողների քաղցկեղը առաջացել է խոտածածկի PFAS-ից: Մասնագետները կարծում են, որ գլիոբլաստոմայի առաջացմանը կարող են նպաստել այլ գործոններ՝ խոտածածկ դաշտերում օգտագործվող թունաքիմիկատները, ծխախոտը, թմրամիջոցների օգտագործումը և ուղեղի ցնցումը:
Մի քանի ուսումնասիրություններ հաստատում են գլիոբլաստոմայի և PFAS-ի միջև կապը, ինչպես նաև ցույց են տալիս, որ այդ նյութերը կարող են կուտակվել ուղեղում: Թեև կապը դեռ վերջնականապես պետք է ապացուցվի, մի քանի նահանգներ, ներառյալ Կոնեկտիկուտը, Կալիֆորնիան և Մասաչուսեթսը, արդեն արգելել կամ սահմանափակել են արհեստական խոտածածկի օգտագործումը: