Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է Ուկրաինայից կրած 0։3 հաշվով պարտությունը Ազգերի լիգայի երրորդ տուրում։
«Հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի տրամաբանությանը, չափազանց խոշոր հաշիվ է։ Սակայն խաղը տեւում է 90 րոպե, տղաները շատ մեծ ուժեր ծախսեցին։
Խորեն Բայրամյանն ինքը խնդրեց փոխարինվել, Էդգար Բաբայանը դեղին քարտ ուներ եւ սովոր չէ ակումբում 90 րոպե խաղալուն, պետք էր թարմացնել թիմը։
Ցավոք, երկու գոլի դրվագներում մեզ բախտը չժպտաց։
Շատ գոհ եմ տղաների ջանքերից։ 10 օրում 4 խաղը բարբարոսություն է։ Ֆուտբոլիստների մասին պետք է մտածել, նրանք էլ մարդ են։ Շատ գոհ եմ այսօր խաղադաշտ դուրս եկած տղաների խաղից»,- ասաց Կապառոսը։