▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփան Ղամբարյանը՝ ընտանիքի, մասնագիտական գործունեության և դոփապարի դպրոց հիմնելու մասին

Life.panorama.am-ը գրում է. Դերասան, պարող Ստեփան Ղամբարյանն այսօր դասվում է ամենազբաղված արտիստների շարքում. գործունեություն թատրոնում, նկարահանում՝ միանգամից 4 գեղարվեստական ֆիլմերում: «Նկարահանվում եմ «Շանթ» հեռուստաընկերության արտադրության «Որոգայթ» սերիալի հիման վրա նկարահանված գեղարվեստական ֆիլմում, որի ռեժիսորն է Ռոման Մուշեղյանը: Իհարկե, մի փոքր փոփոխված կլինի, քանի որ բոլոր գործողությունները մեկ գեղարվեստական ֆիլում են կատարվելու: Գոքորի և Գարիկի կերպարում հանդես կգան Սոս Ջանիբեկյանը և Գրիշա Աղախանյանը, ես կլինեմ նրանց երրորդ ընկերոջ՝ Տիկոյի դերում: Նկարահանվում եմ նաև Վիգեն Չալդրանյանի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմում՝ «Վարդապետի լռությունը», որը Կոմիտաս վարդապեստի կյանքի վերջին տարիներն է արտացոլում, երբ նա գտնվում էր հոգեբուժարանում: Ես կերպարանավորելու եմ Կոմիտասի ընկեր, աշակերտ, նրա երգերը կատարող աշխարհահռչակ տենոր Արմենակ Շահմուրադյանին: Հունիսի 1-ից կնկարահանվեմ նաև Սերժ Ավետիքյանի կինոկատակերգությունում, որի նկարահանումները կկատարվեն Խաչիկ գյուղում: 4-րդ ֆիլը ևս Եղեռնի մասին է և Ցեղասպանության 100-րդ տարելիցին է նվիրվելու: Ռեժիսորը ռուսաստանաբնակ Կարեն Մարտիրոսյանն է: Այն կոչվում է «Արարատը, Դավիթի որդին և Արարատի թոռնիկը»,- զրույցում մանրամասնեց Ստեփան Ղամբարյանը:

Դերասանը նշեց, որ տարեվերջին բոլոր ֆիլմերն էլ կհասնեն հանդիսատեսին. «Կարծում եմ, Վիգեն Չալդրանյանի ֆիլմը պատրաստ կլինի նոյեմբեր ամսին, Որոգայթը՝ հոկտեմբեր: Կարեն Մարտիրոսյանի ֆիլմը փառատոնային է, հավանաբար կներկայացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Իսկ կատակերգությունը՝ հաջորդ տարեսկզբին»:

Ի դեպ, դերասանը չի մոռացել նաև պարի նկատմամբ իր սերն ու առաջնակարգ պարող լինելը. բոլորովին վերջերս ստեղծել է դոփապարի (Step) հայկական ֆեդերացիան. «Ցանկանում եմ այդ պարաձևը տարածել Հայաստանում, հիմնել իմ ստուդիան և մասնակցել դոփապարի համաշխարհային փառատոններին: Շատ նպատակներ ունեմ այս ասպարեզում, հուսամ՝ կիրականացնեմ»:

Դերասանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս զբաղվածության մեջ հասցնո՞ւմ է ընտանիքի, փոքրիկի կողքին լինել. «Ցավոք սրտի՝ վերջերս չեմ հասցնում, ինչն ինձ համար չափազանց մեծ խնդիր է: Բայց, ինչ արած… Կարծում եմ, ամռան վերջ կավարտեմ նկարահանումները և հնարավորինս շատ ժամանակ կհատկացնեմ ընտանիքիս»:

Յուրաքանչյուր մասնագետի համար կարևոր է իր մասնագիտական զբաղվածությունը, պահանջվածությունը. մինչ դերասաններից շատերն այսօր բողոքում են մասնագիտական պարապուրդից, Ստեփան Ղամբարյանը փորձում է կերպարից կերպար անցման մեջ որակական կորուստ չկրել: «Իրականում, բոլոր դերասանների մոտ էլ լինում է էտապ, երբ ստեղծագործական բուռն գործունեությունից հետո խաղաղ վիճակ է առաջանում, պարապուրդ: Ես էլ նման վիճակում հայտնվել եմ: Ասեմ նաև, որ ժամանակ առ ժամանակ պետք է ինքդ հրաժարվես, որպեսզի վերականգնվես: Օրինակ, ես հիմա մի քանի կերպար եմ խաղում միևնույն ժամանակահատվածում ու անընդհատ պետք է կերպարանափոխվեմ. Արմենակ Շահմնուրադյանը պատմական կերպար է՝ 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ, մյուս ֆիլմում ժամանակակից երիտասարդ եմ, ով իր համար բոլորովին այլ աշխարհ է ընտրել, ռուսական ֆիլմը մի ընտանիքի մասին է, որը երկար տարիներ Հայաստան չի եկել, օտարացել է: Կինը հայ լինելով՝ այլևս չի կարողանում Հայաստանում ապրել… Շատ բարդ է նույն ժամանակահատվածում կերպարից կերպար փոխվել: Պարզապես, այս բոլոր կերպարներն էլ ինձ շատ հոգեհարազատ էին, այդ պատճառով չկարողացա հրաժարվել»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին