«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նախօրեի նիստում, մեր տեղեկություններով, խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ունիկալ առաջարկով է հանդես եկել։ Մինչ դրան հասնելը նշենք, որ կուսակցական հավաքի առաջին մասում ՔՊ-ականները, վարչապետի գլխավորությամբ, շարունակել են նախորդ նիստում կիսատ մնացած հարցերը՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հաշվետվությունն են քննարկել, ապա ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ՔՊ-ականներին հաշվետվություն է ներկայացրել։ Չնայած իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերին, որ Սիմիդյանը Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում» է հայտնվել, քանի որ նրա ղեկավարած ոլորտում խոշոր չարաշահումների մասին են վարչապետին զեկուցել, երեկվա քննարկումը, ըստ մեր աղբյուրի, անցել է «ջան-ջիգյար» մթնոլորտում։ Սիմիդյանին հարցեր տալու համար 30 ՔՊ-ական է գրանցվել, այդ թվում՝ նաեւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կառավարության, խորհրդարանի ներկայացուցիչներ, սակայն գրեթե բոլորի հարցերում նկատելի մեղմություն, «պադդերժկա» է նկատվել Սիմիդյանի նկատմամբ։ Հատուկ շնորհակալություններ են հնչել, ասենք, Սեւանա լճի եւ արգելոցների բարվոք վիճակի հետ կապված, իրենց համագործակցությունը բարձր է գնահատել նաեւ Ավինյանը: Նիկոլ Փաշինյանն էլ երբեմն կողքից «բուքսիր» է գնացել նախարարին ու հարցերին պատասխանելու ժամանակ հուշարարի դեր ստանձնել։
Իսկ ի՞նչ է առաջարկել ամենակրեատիվ ՔՊ-ականը` Հովիկ Աղազարյանը. երբ ֆինանսների նախարարը հասկացրել է, որ բյուջեում փող չկա, պետք է հարկային ռազմավարությունը փոխել, հարկեր-տուրքերի մասով նոր մոտեցումներ որդեգրել, ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանը՝ ոչ ավել, ոչ պակաս, առաջարկել է ՀԴՄ կտրոն չվերցնող քաղաքացիներին տուգանել, եթե պետք է, նաեւ՝ դատել։
Հայտնի է, որ 2018 թվականից այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խոսում է ՀԴՄ կտրոն պահանջելու անհրաժեշտության մասին, ՀԴՄ-ի նկատմամբ սեւեռումն այն աստիճանի է հասել, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն «ազգային հերոս» հռչակեց հարկ վճարողներին։ Աղազարյանն էլ, թերեւս, փորձելով հարցին մյուս ծայրից մոտենալ, որ եթե հարկ վճարողները հերոս են, ապա այդ փաստի վրա աչք փակողներին էլ պետք է հանցագործ համարել, առաջարկել է տուգանել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ՀԴՄ կտրոն չեն վերցնի։ Թե ինչպես է այդ գործընթացը վերահսկվելու, Աղազարյանը չի մանրամասնել․ հավանաբար, մի քանի հարյուր պարեկի էլ հերթապահության կդնեն առեւտրի եւ սպասարկման կենտրոնների մոտ, որպեսզի հենց քաղաքացին դուրս գա այդտեղից, արագ պահանջեն ցույց տալ՝ արդյոք ՀԴՄ կտրոն վերցրե՞լ է, թե՞ ոչ, եթե չի վերցրել, ապա տեղում արձանագրություն կազմեն եւ տուգանեն «տուգանքի մատերիալ չհանդիսացող» ՀՀ քաղաքացիներին։
Մեր աղբյուրի պատմելով՝ այս առաջարկը ՔՊ-ականների հավանությանը չի արժանացել: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Աղազարյանին փորձել է համոզել, որ ավելի արդյունավետ կլինի, եթե ՀԴՄ կտրոն վերցնող քաղաքացիներին դրամական պարգեւ տան։ Օրինակ, կարող են ամսական կտրվածքով քաղաքացիներից պահանջել, որ ցույց տան, թե որքան գումարի ՀԴՄ կտրոն են հավաքել, եւ ընդհանուր գումարի որոշակի տոկոսի չափով պարգեւատրեն բարեխիղճ եւ պետության մասին հոգ տանող քաղաքացիներին։
Սակայն Աղազարյանն անդրդվելի է մնացել՝ մոտավորապես հասկացնելով, որ հայերը գործում են, երբ հարվածում են նրանց գրպանին։