▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասում եմ պահին, երբ ես էլ երջանիկ կլինեմ. Սևակ Ամրոյան

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը:

-Սևակ, շուտով նոր տեսահոլովակ եք ներկայացնելու: Կպատմե՞ք, թե երբ եք նախատեսում հանձնել այն հանդիսատեսի դատին:

-Արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում նոր տեսահոլովակիս համար, որը կնկարահանենք ամռանը, իսկ արդեն աշնան սկզբին այն կհանձնեմ իմ սիրելի հանդիսատեսին: Երգը, որն ընտրել եմ տեսահոլովակի համար, կոչվում է «Մի մոռանա քո ազգին», այն ես մի քանի համերգների ընթացքում ներկայացրել եմ արդեն: Այս երգը գրել և ինձ է նվիրել ամերիկահայ ստեղծագործող Լէոն Գաթրջյանը: Երգն ինձ շատ հոգեհարազատ է, երգի մեջ և՛ սեր է, և՛ հայրենիք կա, ինչի արդյունքում շատ հավանեցի և որոշեցի տեսահոլովակով այն ներկայացնել: Ի դեպ, բացի տեսահոլովակից, հիմա աշխատում եմ նաև ալբոմի վրա, որը ևս աշնանը կներկայացնեմ:

-Դուք այն երգիչներից եք, ով շատ լուռ է աշխատում ու միանգամից ներկայացնում է արդեն պատրաստի աշխատանքներ, ինչո՞վ է պայմանավորված նման զուսպ գործելաոճը:

-Դա գուցե իմ տեսակի հետևանքն է, բայց կարծում եմ, որ այդ հարցում մեծ նշանակություն ունի այն երաժշտական ժանրը, որը ներկայացնում եմ: Ժողովրդական երգիչը չի կարող էկրաններին երևալ այնքան, ինչքան, օրինակ, փոփ երգիչը: Ժողովրդական երգիչների աշխատանքների մեծ մասը Սփյուռքում է իրականացվում: Այսօր մեզ մոտ ավելի քիչ են համերգներ կազմակերպվում, իսկ դրսից հրավերների քանակը շատ է:

-Սևակ, այդպես խտրականություն չի՞ ստեղծվում Հայաստանի Ձեր հանդիսատեսի նկատմամբ:

-Իհարկե, ստեղծվում է, բայց ես դրան չէի ցանկանա «խտրականություն» բառով բնորոշել: Ես շատ կցանկանամ, որ մեր երկրում ավելի շատ սիրեն ժողովրդական, ազգային երգը, ես մշտապես ասում են, թող չսիրեն ինձ, կամ ժողովրդական մեկ այլ երգչի, թող սիրեն ժողովրդական երգը, այն, ինչը մեր արմատներն է համարվում: Կցանկանամ, որ մի փոքր ավելի շատ տեղ տան ժողովրդական երգին: Իհարկե, պետք է լինեն և լսվեն նաև երաժշտական այլ ոճերը, իմ կյանքում էլ երաժշտական բոլոր ոճերը տեղ ունեն, բայց այլ երաժշտական ոճերում չպետք է կողքի դրվի մերը՝ ազգայինը:

-Ըստ Ձեզ ժողովրդական երգը այսօր մոռացվե՞լ է մեզ մոտ:

-Որոշ չափով այո, բայց պետք է մեծ ուրախությամբ նշեմ, որ վերջին շրջանում գնալով ավելի է տարածվում ազգային երգը, ես շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, թե իմ տարեկիցների շրջանում գնալով ավելանում են հետաքրքրվողները, բայց այն չափի չէ, որ կգոհանայինք: Կցանկանայի, որ ժողովրդական երգի տարածողներն էլ ավելանային, բայց որակով տարածողներ լինեին, այսինքն` շեշտը դրվեր որակի, այլ ոչ քանակի վրա:

-Կարծիք կա, որ մեր օրերում երգարվեստում լավ վաճառվող ոճերից մեկն էլ հենց ժողովրդականն է: Ժողովրդական երգիչ լինելը այսօր ձեռնտո՞ւ է:

-Կարծում եմ, այն, ինչ լավ ես ներկայացնում, ուրեմն պետք չէ կենտրոնանալ կոմերցիայի վրա: Բոլորն էլ կարիք ունեն գումարի, բայց, եթե միայն դրանով առաջնորդվես, ժողովրդական ժանրում սխալ կլինի, որովհետև երգդ կտուժի, որովհետև չես կարող երգել Սայաթ-Նովա ու այն դառնա այնքան կոմերցիոն,  ինչքան սովորական  6/8 չափի երգը, որի միջոցով կարելի է ավելի հեշտ գումար աշխատել: Ժողովրդական երգով էլ կարող ես նաև գումար վաստակել: Իմ փորձից եմ ասում. ես երգել եմ «Ախպերս ու ես» երգը, որը ինձ հաջողություն բերեց, այսինքն` այդ երգով ես և տարածեցի ժողովրդական այդ երգը, և գումար վաստակեցի: Անկախ ժանրից, եթե գործդ ստացված է, կարող ես նաև գումար վաստակել՝ բարձր պահելով որակը: Մեկ այլ օրինակ էլ կարող եմ բերել. Արա Գևորգյանի «Ադանա» երգը, Մհերի հետ երգելով, մեծ ծրագրով այն ներկայացրինք, բայց այդ նույն երգը ներկայացրինք նաև Լենինգրադում անձնական միջոցառման ժամանակ, այսինքն՝ մարդիկ գերադասել էին իրենց միջոցառմանը լսել ժողովրդական, այլ ոչ թե ռաբիս կատարում: Այդ միջոցով և՛ արվեստն է տարածվել, և՛ գումար ենք վաստակել:

-Հայաստանում ժողովրդական համերգներ շատ հազվադեպ են կազմակերպվում, ըստ Ձեզ դա ինչի՞ հետևանք է:

-Միանշանակ ասել չեմ կարող, պատճառները շատ են, բայց ասել, որ պահանջարկ չկա, սխալ կլինի: Նման համերգներ կազմակերպողներ են պետք:

-Շատ ժամանակ երգիչներն իրենք են ձեռնամուխ լինում տարբեր համերգների:

-Այո, դա հնարավոր է, բայց երգիչը այսօր իր երգով է տարված, առօրյան հագեցած է աշխատանքով, բացի այդ էլ երգիչը այնքան էլ չի տիրապետում կազմակերպչական լծակներին, չհաշված անհրաժեշտ գումարը: Կարծում եմ, համերգ կազմակերպելը երգչի անելիքը չէ: Երբ ամեն մարդ իր աշխատանքն անի, շատ ավելի լավ կլինի, ինչը այսօր չի արվում:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին