Սիրելի՛ հայրենակիցներ
Ցանկանում եմ հրապարակայնորեն պատասխանել իմ էլեկտրոնային փոստին ուղարկված և որոշ լրատվամիջոցների կողմից առավել հաճախ շրջանառվող հարցերին:
1. Քաղաքական գործունեություն
Բոլոր հարցադրումներում կարմիր գծով անցնում է այս միտքը.
– Արդյոք ես համարվո՞ւմ եմ իշխանական նախագիծ:
Սպային վայել բարձր պատասխանատվությամբ վստահեցնում և պատասխանում եմ՝ ՈՉ:
-Ուղղորդո՞ւմ են արդյոք ինձ ՀՀ առաջին, երկրորդ և գործող նախագահները:
Ես՝ Սեյրան Օհանյանս, կրկնում եմ՝ քաղաքական հայտ ներկայացնելու որոշումը կայացրել եմ ինքնուրույն՝ ելնելով երկրում ստեղծված ներքաղաքական, տնտեսական, բարոյական ճգնաժամից: Վստահեցնում եմ ինձ հետ թիմ կազմող հայրենանվեր մարդկանց, քաղաքական գործիչներին, մարտական և զինակից ընկերներին, ովքեր քաղաքական պայքարում կանգնելու են իմ կողքին, որ մենք լինելու ենք ժողովրդի հետ՝ հանուն ազգային գաղափարների, նրա անվտանգության և խաղաղ արարումի:
Կուզեի նշել, որ իմ գործունեության ընթացքում զբաղեցնելով կարևորագույն պաշտոններ պետության բոլոր նախագահների օրոք՝ ծառայել եմ ոչ թե անձերին, այլ Հայաստանի Հանրապետությանը, ուստի անընդունելի եմ համարում «պրիմիտիվ» շահարկումները:
2. Ղարաբաղյան հակամարտություն
Ես առաջնահերթորեն անդրադարձել եմ Ղարաբաղյան հակամարտությանը, որովհետև իմ՝ քաղաքականության մեջ հայտ ներկայացնելուց հետո Հայաստանից, Արցախից և սփյուռքից ինձ դիմող քաղաքական, զինվորական, գործիչների, հասարակական տարբեր շերտերի, տեղական և միջազգային լրատվամիջոցների կողմից հնչող համար մեկ հարցը եղել է իմ դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ես՝ որպես ռազմական, այսուհետ նաև քաղաքական գործիչ, հրապարակային հայտնել եմ իմ տեսակետը՝ մեր ժողովրդի, պետության համար անկյունաքար հանդիսացող Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:
Ես նորից եմ պնդում, որ Ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ և ոչ բարենպաստ լուծումը՝ անիմաստ զիջումների գնով, հարված է մեր պետականությանը: Պնդում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, համառ և արյունոտ պայքարի ընթացքում ձեռք բերելով իր անկախությունը, ձևավորել է պետություն, որը կոչվում է Արցախ, որն ունի իր Սահմանադրությունը, անվտանգությունն ապահովող զինված ուժերը, զարգացնում է պետական ինստիտուտները, տնտեսությունը և որպես պետություն փորձում է հայտ ներկայացնել աշխարհում հակամարտությունների արդյունքում իրենց անկախությունը նվաճած պետությունների կողքին: Չկարգավորված հակամարտության պայմաններում արցախցին զարգացրել է իր տնտեսությունը՝ արձանագրելով տնտեսական աճ, ավելացրել է բնակչության թիվը: Եվ այսօր պաշտպանության բանակը՝ իբրև բնակչության անվտանգության երաշխավոր, վստահորեն վերահսկում է սահմանագիծը: Ռազմական առումով՝ 2014 թ.-ի հունվարից Ադրբեջանը նոր մարտավարություն սկսեց՝ մեծացնելով լարվածությունը շփման գծում, բայց արցախցին դարձյալ պայքարեց, ապրեց ու արարեց, իսկ ջահել հարսները շարունակեցին որդիներ ծնել:
Հասկանալով ՀՀ բոլոր ղեկավարների՝ խաղաղության պահպանմանը միտված մոտեցումները՝ անընդունելի եմ համարում խոսել փոխզիջումների մասին՝ առանց Արցախի պետականությունը և ժողովրդի անվտանգությունն ապահովող բանաձևերի ընդունման:
Բարձր եմ գնահատում բոլոր միջազգային կառույցների և առաջին հերթին ՌԴ-ի շահագրգռվածությունը և զսպող առաքելությունը խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
3. Ապրիլյան պատերազմ
Մեր հերոս ժողովուրդը, պաշտպանության բանակը, ողջ հրամանատարական կազմը արիաբար հետ են շպրտել հակառակորդին և պաշտպանել հայրենի հողը: Ապրիլյան պատերազմին ռազմական գնահատականներ տալու իրավունք ունեն ռազմական բոլոր այն գործիչները, որոնք տեղյակ են առաջնագծի, նրա առանձնահատկությունների, սպառազինության և բանակի իրական խնդիրներին: Որպես ռազմական գործիչ՝ ես չեմ խուսափում պատասխանել հարցերին, որոնք չեն պարունակում գաղտնիություն և ենթակա են հրապարակային քննարկման: Հաղթանակը տարել են զինվորն ու հրամանատարը, և չի կարելի քաղաքական առևտրի նյութ դարձնել առաջնագծում զոհված տղաների արյունը:
Համոզված եմ, որ այս հարցը մամուլում շահարկելն ունի հասարակության ուշադրությունը քաղաքական գործընթացներից շեղելու և իմ անձի շուրջ բացասական դաշտ ձևավորելու դիտավորություն:
Պետության անվտանգության խնդրի լուծմանը նպաստում են իրավիճակի ճշմարիտ և ազնիվ վերլուծությունները, իսկ «քաղաքագետը», որ իրեն հայտարարություններով հանդես գալու իրավունք է վերապահում, պետք է ինձ նախ հավաստիացնի, որ երբևիցե զինվորի հետ մարտական հերթապահություն է իրականացրել առաջնագծի որևէ խրամատում:
Հարգելի՛ քաղաքական մեկնաբաններ, հորդորում եմ զերծ մնալ անիմաստ և պետության անվտանգությանը վնասող հայտարարություններից:
4. Ի գիտություն հարցազրույցների համար ինձ դիմող լրատվամիջոցների
Իմ ծրագրային գործունեության ընթացքում ունեմ ժամանակահատված՝ նախատեսված մամուլի ասուլիսների համար, որոնց մասին նախապես պատշաճ կծանուցվի:
Խոստանում եմ մշտապես անկեղծ և հրապարակայնորեն պատասխանել ինձ ուղղված հարցերին: