Թուրքիայի տարածքի քրդաբնակ նահանգների ինքնավարության հռչակման լրատվությունները կարող են չափազանցված լինելու տպավորությունը թողել: Միջազգային մամուլի լայն անդրադարձը, նույնիսկ պատահարների երբեմն ուռճացված ձեւով ներկայացումը որոշ քաղաքականություն է մատնում: Ներթուրքական անկայունությունը աշխարհաքաղաքական կենտրոններում օրակարգային խնդիր է, չասելու համար՝ գուցե առաջադրանք:
Քրդական (իմա` աշխատավորական կուսակցության) գետնի վրա շարժումները ռազմավարական ընդհանուր երկու ուղղություն ունեն: Առաջինը` թուրքական պետական կենտրոնների եւ իրավապահ մարմինների նկատմամբ թիրախավորված գործողություններ. երկրորդ` քրդաբնակ շրջանների զինյալ ինքնապաշտպանություն: Երկու ուղղությունները շեշտակիորեն ունեն զինվորական բնույթ եւ ըստ էության փոխկապակցված են: Բախումնային վիճակի ստեղծումը հիմնարար պատճառ է երկրորդի դիմումին: Գործողությունների այս շղթայի վերջնաթիրախը քաղաքական բնույթ ունի՝ ինքնավարության հաստատումն է:
Այս պատճառով էլ թեեւ առայժմ թվերով եւ տարողություններով հատկանշված, Թուրքիայում քրդական ինքնավար շրջանների արագ բազմապատկման լրատվությունը տեղեկատվական պատերազմի մաս կազմող քարոզչաքաղաքական գործողություն է, որ ըստ երեւույթին հովանավորվում է միջազգային ընտանիքի կողմից:
Մանրապատկերային մի օրինակ կարող է լույս սփռել ինքնավարության այսօրվա իրողական պայմանների վրա: Հետագա իրադարձությունների ելակետային նմուշ կարող է նկատվել Դերսիմը, ուր Քրդական բանվորական կուսակցությունը արդեն 5 օր է` Դերսիմ նահանգը ինքնավար մարզ է հայտարարել: Քրդական խումբը փակել է նահանգի երկու կարեւորագույն ճանապարհները եւ ստուգումներ է կատարում: Թուրքական աղբյուրը հայտնում է, որ ճանապարհները հսկող քրդերը զննում են բոլոր աւվոմեքենաները եւ եւ ստուգում ուղեւորների անձնագրերը։
Եթե խնդրո առարկա չդառնա այս լրատվության հավաստիությունը, հետեւյալ արագ եզրակացություններին կարելի է հանգել.
Ա. Դերսիմը դուրս է եկել թուրքական իրավապահ մարմինների վերահսկողությունից:
Բ. Քաղաքը այլ շրջանների կապող ճանապարհները քուրդ զինյալների ամբողջական վերահսկողության տակ են:
Գ. Հինգ օրից ի վեր թուքական զինյալ ուժերը կացությունը վերահսկելու միջոցի չեն դիմել:
Երեւույթը կարող է մտածել տալ, որ ինքնավարության այս մոդելը միայն Դերսիմին չի վերաբերում: Քրդական գործողությունները ներառել են քրդաբնակ այլ շրջաններ եւս:
Այս իրականությունը, համեմատած իրաքյան Քուրդիստանի հետ, հուշում է, որ զինվորաքաղաքական իրադարձություններին զուգորդվող քաղաքական առաջադրանքը Թուրքիայի տարածքի ինքնավար քուրդստաններ ստեղծելն է: Եթե ավելացնենք նաեւ Սիրիայում ոչ պաշտոնականացած իրողապես ինքնավար Քուրդիստանը` հյուսիսային շրջանում, ապա միջազգային ընդհանուր առաջադրանքը ուրվագծվում է: Երեք երկրներում այս հանգրվանին ստեղծել ինքնավար Քուրդիստաններ։
Իրաքյան Քուրդիստանը կայացել է. սիրիականը կայացման ընթացքում է, իսկ թուրքականը նոր դրսեւորումներ արձակելու ընթացքն է առել։
«ԻՊ»-ը հարվածելու միջազգային կանաչ լույսից օգտվելով քրդերին հարվածելու թուրքական խաղը սպառել է եւ հետհարվածային ազդեցություն է գործում շատ ուժեղ ձեւով: Անկարան ինքն իրեն առաջնորդել է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը խնդրո առարկա դարձնող կացության առջեւ: Քրդական ինքնավարությունը հավասարազոր է թուրքական ինքնավառության:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր