▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի համբերության բաժակը կլցվի՞, և Էրդողանը թանկ գին կվճարի՞. ռուս դեսպանի սպանության հետքերով

 

 

 

 

 

 

Asekose.am-ը զրուցել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի միջազգային իրավունքի մագիստրոս, նույն համալսարանի գիտաշխատող Սուրեն Սարգսյանի հետ` ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հնարավոր հետևանքների մասին:

-Օրերս Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունն ի ՞նչ հետևանք կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

-Այս պահին մենք տեսնւմ ենք, որ կողմերն ամեն ինչ անում են հարաբերություների հնարավոր էսկալացիայից խուսափեելու համար։ Իրավապահ մարմիններն այս պահին քննում են գործը և վերջնական կարծիք կարելի կլինի հայտնել այն ժամանակ, երբ բացահայտվի, թե ովքեր են կանգնած սպանության հետևում։

-Ըստ վարկածներից մեկի` սա ընդամենն Էրդողանի պատասխանն էր` Հալեպի ազատագրման դիմաց, իբրև թե Էրդողանն այդ ամենը չէր կարող թողնել առանց պատասխանի:

-Իրականում այս պահին դժվար է ասել, թե ովքեր կարող են կանգնած լինել այս սպանության հետևում։ Քննությունն ընթանում է և հետևություններ կարող են արվել միայն դրա ավարտից հետո։ Եթե պարզվեց, որ այս ամենում կա հետք, որը տանում է դեպի Թուրքիայի ղեկավարություն, ապա հետևանքները, իհարկե, կլինեն բավականին լուրջ։

-Սպանությունից հետո  Թուրքիան ամեն ինչ  անում է, որպեսզի պաշտոնական Մոսկվան հավատա, որ Էրդողանն այս սպանության հետ որևէ կապ չունի: Ահավասիկ` Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն, ժամանելով Մոսկվա, հայտարարել է, որ այն փողոցը, որտեղ գտնվում է ՌԴ դեսպանատունը, կվերանվանվի Անդրեյ Կարլովի անունով: Իսկ Անկարայի քաղաքապետարանի ներկայացուցիչներից մեկը լրագրողներին հայտնել է, որ քաղաքի ղեկավարությունը որոշել է Անկարայի Ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը,  անվանակոչել Կարլովի անունով:   Թուրքական կողմի այս ջանքերն արդյունք կունենա՞ն:

-Իրականում Թուրքիան այլընտրանք չունի, քան սիրաշահելու Մոսկվային։ Ցանկացած պարագայում դիվանագիտական ներկայացուցչության և դիվանագիտական ներկայացուցիչների անվտանգության ապահովումը հենց ընդունող պետության պարտավորությունն է, սահմանված 1963 թվականի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով։ Թուրքիան պարտավոր էր ապահովել իր երկրում հավատարմագրված դեսպանի անվտանգությունը։

-Գուցե Էրդողանը գնաց այս քայլին, որովհետև նախորդ անգամ ներումը շատ չուշացավ:

-Կրկին պետք է փաստենք, որ վարկածներից զատ այս պահին թուրքական կամ ռուսական իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայությունները դեռ տեղեկություններ չեն հրապարակել։

-Հավանակա՞ն եք համարում, որ Պուտինի համբերության բաժակը կարող է լցվել:

-Եթե ապացուցվի թուրքական իշխանությունների մեղսակից լինելը, ապա, իհարկե, դա լուրջ հետևանքներ կունենա։

-Չնայած տեղի ունեցածին թե Պուտինը, թե ռուս վերլուծաբանները, կարծես թե, ավելի հակված են այս ամենը համարելու սադրանք` այլ երրորդ կողմի (տվյալ պարագայում հասկանալի է ակնարկը) : Այս վարկածն իրատեսակա՞ն եք համարում:

-Համարում եմ իրատեսական, քանի որ վստահ եմ, ռուսական իշխանություններն առավել շատ տեղեկություն ունեն դեպքերի վերաբերյալ քան մեզանից յուրաքանչյուրը։

Հետաքրքիրն այն է, որ Կարլովի սպանության պաշտոնական վարկածին (ահաբեկչություն` ուղղված ռուս-թուրքական բարիդրացիական և եղբայրական հարաբերությունների դեմ) չեն հավատում նույնիսկ թուրք ընդդիմադիրները` որպես հիմնավորում նշելով այն, որ սպանության կատարած անձին ուղղակի վերացրին, ինչը, իհարկե, կխանգարի գործի բացահայտմանը: 

-Իհարկե դա կխանգարի քննության ընթացքին, սակայն կարծում եմ, որ ռուս-թուրքական իրավապահների համատեղ աշխատանքը բերելու է միասնական դիրքորոշման և միասնական գործողությունների։

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին