▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատվաստումներից հրաժարվելու տենդենցը կարող է բերել լուրջ բռնկումների․ բժշկի կարծիքը

Վերջին շրջանում համացանցում մեծ աղմուկ բարձրացրին պատվաստումների շուրջ ծավալվող քննարկումները։ Ֆեյսբուքյան տարբեր խմբերում ու հարթակներում մարդկանց կարծիքը խիստ հակասական է։ Մի մասը կարծում է, որ պատվաստումները փորձարկված չեն և կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ, ընդհուպ խոսում են աուտիզմի մասին։ Մյուս մասը պատվաստումների թիկունքում տեսնում է դավադիր «մութ» ուժեր, որոնք մտադրված ցանկանում են վերացնել «հայու գենը»։    

 

Պատվաստումների կարևորության ու հանրության անվստահության պատճառների վերաբերյալ Asekose-ն զրուցեց մանկաբույժ նեոնատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Մարի Դարակչյանի հետ։

 

Վերջին շրջանում պատվաստումների թեման հանրության լայն քննարկումների առիթ է դարձել։ Ի՞նչ կարևորություն ունեն պատվաստումներն առողջապահության տեսանկյունից։

 

Պատվաստումները կարևոր միջոց են բարելավելու համար հանրային առողջությունը։ Վերջիններս օգնում են կանխարգելել որոշակի հիվանդություններ, որոնք բռնկումների պատճառ են դառնում և խլում հարյուրավոր մարդկանց կյանքեր։ Այն, որ ժամանակակից բժիշկներից շատերը չեն տեսել դիֆտերիայով, պոլիոմիելիտով, բնական ծաղկով հիվանդներ, հանդիսանում է արդյունավետ պատվաստումների արդյունք։

 

Ինչո՞վ է պայմանավորված պատվաստումների նկատմամբ մարդկանց բացասական տրամադրվածությունը վերջին տարիներին։ Չէ՞ որ բազմաթիվ հիվանդություններ վերացել կամ վերացման եզրին են հենց պատվաստումների շնորհիվ, օրինակ՝ Ձեր կողմից նշված պոլիոմելիտը, բնական ծաղիկը և այլն։

 

Պատվաստումներն օրգանիզմում առաջ են բերում փոփոխություններ և երբեմն հետպատվաստումային ռեակցիաներ, որոնք հաճախ ներկայացվում են հանրությանն առավել մեծ տոկոս հանդիպելիությամբ, քան իրականում դիտվում են։ Եվ քանի որ այդ պատմությունները հիմնականում պատմվում են առաջին դեմքով, չնայած որ հաճախ ուղղակի որևէ տեղ լսված պատմության ուռճացված տարբերակն են, ապա դա առաջացնում է հասարակական վախ։ Պակաս կարևոր չէ նաև այն, որ հասարակությունն ունի պակաս գրագետ և ճիշտ ներկայացված ինֆորմացիայի։ Եթե այդ ինֆորմացիան հասանելի լինի, ապա ծնողը կկարողանա ճիշտ կոմնորոշվել, պատրաստ լինել ճիշտ խնամել երեխային պատվաստումից հետո, և դա կբերի վստահության ավելացման։

 

Ի՞նչ տեղի կունենա, երբ պատվաստումներից հրաժարվելու տենդենցը մեզանում ավելի տարածվի։ Արդյո՞ք չպատվաստված երեխաները վտանգ չեն ներկայացնում շրջապատի համար։

 

Պատվաստումներից հրաժարվելու տենդենցը կարող է բերել լուրջ բռնկումների, որի օրինակը տեղի ունեցավ Եվրոպայում մի քանի տարի առաջ: Հակակարմրուկային հերթական արշավից հետո եվրոպական շատ երեխաներ մնացել էին առանց պաշտպանության և ամեն ինչ ընթանում էր լավ, մինչ էմիգրանտների հոսքը, որի հետ սկսվեց կարմրուկի մեծ բռնկում: Վերջինիս պատճառով մեծաքանակ տեղացի երեխաներ հիվանդացան, և այս ամենն, ավաղ, ընթացավ նաև մահացու ելքերով: Սա օրինակ է, և այսիպիսի օրինակներ կարող են կրկնվել յուրաքանչյուր երկրում, որտեղ գրանցվի պատվաստումների ցածր ծածկույթ:

 

Որպես մասնագետ ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդ ծնողներին երեխաներին պատվաստելու հարցում, մասնավորապես ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել և ինչի՞ց զգուշանալ։

 

Երիտասարդ ծնողները պետք է տեղյակ լինեն պատվաստումների գրաֆիկից, պատվաստումների տեսակից: Նրանք պետք է նախապես խորհրդակցեն իրենց տեղամասային մանկաբույժի հետ՝ հասկանալու համար՝ ինչ պետք է անել հետպատվաստումային օրերին՝ պակասեցնելու համար երեխայի մոտ դիտվող հնարավոր ազդեցությունները, լինի դա ցավ ներարկման տեղում, թե ջերմային ռեակցիա:

Պետք է զգուշանալ պատվաստումներից առաջ և հետո հակահիստամինային դեղորայքի կիրառումից և ներարկման տեղում տարբեր ժողովրդական միջոցներով թրջոցների օգտագործումից:

Հետպատվաստումային օրերին երեխան կարող է դառնալն առավել կամակոր, հրաժարվել սննդի, հեղուկների ընդունումից, ունենալ ջերմության բարձրացում, ցավ ներարկման տեղում կամ քնի խանգարումներ: Ծնողները պետք է գիտակցեն, որ դա կրում է ժամանակավոր բնույթ և ուղղակի ճիշտ խնամեն երեխային։

 

Պատրաստեց Հովհաննես Եսայանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին