▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ նոր մտածելակերպ ունեցող գրող գտնել և մեծ բառապաշար ունեցող թարգմանիչ

Մեկնարկում է  տարվա լավագույն պատմվածքի ամենամյա «Արձակ 2014» մրցույթը, որի նպատակը  պատմվածքը զարգացնելն ու ժամանակակից հայ գրականության հանրահռչակումն է: Մասնակիցների տարիքային շեմը 18 տարեկանն է,  հայտատուի տարիքը սահմանվում է տվյալ տարվա հոկտեմբերի 15-ի դրությամբ: Իսկ մրցույթին կարող են մասնակցել 2014 թվականի հունվարի մեկից հետո ստեղծված հայերեն տպագիր և անտիպ պատմվածքները: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ պատմվածք, որի ծավալը չի գերազանցում 14.000 նիշը:

«Հատուկ պարգև կստանան պատանեկան և գիտաֆանտաստիկ ժանրի ստեղծագործությունների դեպքում: Չէ՞ որ գիտաֆանտաստիկան նորարարությանը նպաստող բաղադրիչներից մեկն է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ հաղթողներին որպես մրցանակ կշնորհվեն «Արձակ 2014» մրցանակի դափնեկրի վկայագիր և դրամական պարգև՝ 200.000-ի և 100.000-ի չափով:

Մրցանակ կտրվի նաև «Իմ հեղինակը» անվանակարգում, որը կորոշվի ընթերցողների առցանց քվեարկությամբ՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում: Լավագույն պատմվածքների ժողովածուն կհրատարակվի առանձին գրքով:

Արմեն Մարտիրոսյանը  նկատում է՝   հնարավոր չէ, որ լավագույն պատմվածքը  չհաղթի, իսկ պատճառներից մեկն էլ հրատարակչության շահն է. «Ես ունեմ շահ, ուզում եմ նոր մտածելակերպ ունեցող գրող գտնել, մեծ բառապաշար ունեցող թարգմանիչ: Ի դեպ, ով գրաբար գիտի՝ անգլերենից շատ լավ է թարգմանում: Իսկ Հայաստանի ապագան անհեռանակար դարձնելու պատճառներից է կրթության պակասը, որի բաղկացուցիչ մասը ընթերցանությունն է»:

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ տեղեկացրեց ևս մեկ կարևոր՝ «Կամուրջ» թարգմանչական մրցույթի մասին.

«Ցանկանում ենք, որպեսզի ներգրավվեն նաև ուսանողները: Վերջին երեք տարում  4 թարգմանիչ ենք հայտնաբերել, թե չէ ամուսնանում են, երեխա ունենում կամ այլ տեղ են աշխատում»,-նշեց  գրականագետը՝ հավելելով, որ թարգմանիչներ են գտել, ովքեր օրինակ  շվեդերենից, կորիերենից թարգմանություններ են կատարել:

«Մրցույթին  կարող են մասնակցել  թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից: Օգտագործելու ենք նաև Սփյուռքի ներուժը»,-ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է kamourj@antares.am հասցեով ուղարկել մասնակցության հայտ՝ նշելով, թե որ լեզվից եք պատրաստվում թարգմանություն կատարել: Հայտը հաստատվելու դեպքում էլ.փոստին կստանաք այն հեղինակի և ստեղծագործության վերնագիրը, որը կառաջարկվի թարգմանել:

Իսկ «Արձակ 2014» մրցույթին մասնակցելու համար ardzak.mrcuyt@yahoo.com էլ. փոստին կարող եք ուղարկել ստեղծագործությունը և մասնակցության հայտի լրացված ձևը՝ նամակի վերնագրում նշելով «Արձակ 2014» -ը: Հայտերն ընդունվում են 2014թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչը 2015 թվականի հունվարի 31-ը:

Նշենք, որ մրցույթի նախաձեռնությունը պատկանում է «Անտարես» հոլդինգին, «Գրանիշ» գրական ակումբին, Գրքի ինստիտուտին և հայ գրականության մշակույթի հիմնադրամին:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին