Հայաստանի նորանշանակ վարչապետը հավատում է, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ինքն ունի հաղթողի ուղերձ՝ տնտեսությունը սարսափելի վիճակում է, և ինքն է այն մարդը, ով կարող է լուծել այդ խնդիրը,- գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարցազրույցին։
«Աղքատ հետխորհրդային երկրին անհրաժեշտ են բեկումնային փոփոխություններ»,- գործակալության հետ զրույցում ասել է Կարեն Կարապետյանը, ով ստանձնել է իր պաշտոնը սեպտեմբեր ամսին։
«Մենք առաջարկում ենք ամենաարագ փոփոխությունը, այն, ինչ հնարավոր է»,- նշել է ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով՝ բիզնեսը չպետք է խոչընդոտների հանդիպի կոռումպացված պաշտոնյաների կողմից, որոնք վճարումներ են ակնկալում ադմինիստրատիվ որոշումների կայացման կամ մենաշնորհային դիրքեր ունեցողների կողմից, որոնք օգտագործում են քաղաքական կապերը՝ սահմանափակելով մրցակցությունը։
Երևանի քաղաքապետը, ով ստանձնել էր իր պաշտոնը՝ վերադառնալով Ռուսաստանից, որտեղ 2012թ. սկսած աշխատում էր ռուսական «Գազպրոմ» ընկերությունում, հայտարարել է, որ «մենք կստեղծենք հավասար, մրցակցային, բարձրակարգ դաշտ»։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր վարչապետին անվանել է «փոփոխությունների խորհրդանիշ», երբ հայտարարել է Կարապետյանի թեկնածության մասին։
«Տնտեսությունը ծայրահեղ վատ վիճակում է և կառուցվածքային բարեփոխումների կարիք ունի»,- հայտարարել էր Կարապետյանը նշանակման հաջորդ օրը՝ օրենսդիրների հետ հանդիպմանը։
Սարգսյանն այս փոփոխությանը դիմեց այն բանից հետո, երբ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն զինված խմբի, որը պատանդներ էր վերցրել Երևանի Ոստիկանության բաժանմունքում՝ պահանջելով նախագահի հրաժարականը։
53-ամյա Կարապետյանը որոնում է բյուջեի ծախսերը կրճատելու միջոցներ, որի պակասուրդը ներկայում հասնում է 5.9 տոկոսի։
Իր իսկ կողմից սահմանված հարկաբյուջետային կանոնը կառավարությանը ստիպում է սահմանափակել դեֆիցիտը ոչ ավել, քան 3%, այն դեպքում, երբ արտաքին պարտքը գերազանցում է ՀՆԱ 50%-ը։
«Հայաստանի պետական պարտքը հասնում է 5.8 մլրդ դոլարի, մինչդեռ 2017թ. 3.2 տոկոսը բավարար չէ կենսապայմանները բարձրացնելու համար։ Մենք նաև ունենք արտաքին պարտք, որն արագ է աճում, քան ՀՆԱ-ն, ու ավելի արագ, քան եկամուտը»,- ասում է ՀՀ վարչապետը։
Կարապետյանի խոսքով՝ Մաքսային ծառայության ղեկավարությունում և Հարկային օրենսգրքում փոփոխությունները ցուցադրում են իրենց՝ թափանցիկ աշխատելու ցանկությունը, և ինքը չի ցանկանում թույլատրել գերիշխող դիրք ունեցող խաղացողներին «օգտագործել վարչական օգնությունը, ինչը հասու չէ մյուսներին»։
«Ոչ ոք անձեռնմխելի չէ և ոչ ոք արտոնյալ չէ»,- ասում է ՀՀ վարչապետը։
Bloomberg-ը գրում է, որ վերջինս պատրաստվում է հաջորդ վեց ամսում մշակել զարգացման ծրագիր, որպեսզի «երկիրը տարեցտարի կայուն աճ արձանագրի՝ սկսած 2018 թվականից»: