▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նկարահանումների ուրախ պահերը հետ բերել չենք կարող` Երվանդ Ենգիբարյանն այլևս մեզ հետ չէ.Վահագն Գալստյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է դերասան Վահագն Գալստյանը:

-Վահագն, վերջերս ավարտվեց «Տնփեսա» սիտքոմը, որտեղ երկու տարի նկարահանվեցիք նաև դուք, այս պահին հանգստի շրջանո՞ւմ եք:

-Ոչ, չեմ հանգստանում, շարունակում եմ ակտիվորեն աշխատել, և չնայած նոր նկարահանումներ դեռ չկան, բայց նախապատրաստական աշխատանքներ են տարվում, խոսքը վերաբերվում է շուտով  նախատեսվող գեղարվեստական ֆիլմին, որի մասին շատ մանրամասնել չեմ կարող: Գուցե նոր ենթաշրջանում էլ նորից հեռուստաէկրաններին լինեմ, բացի այդ էլ, հրավեր ունեմ Ռուսաստանից՝ կապված գեղարվեստական ֆիլմի հետ. Աստված առաջ:

Տնփեսա» սիտքոմում դուք գլխավոր դերում չէիք, բայց հերթական անգամ կարողացաք երկրորդական դերում սիրվել և ստեղծել հետաքրքիր կոլորիտային կերպար: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք կարողանում երկրորդական դերերին նման հաջողություններ վերագրել:

-Ամբողջ կյանքում թե ընտանիքիցդ, թե ընկերներիցդ, թե առհասարակ յուրաքանչյուր շրջապատից, որտեղ հայտնվում ես, ձեռք ես բերում մեծ կյանքի փորձ: Եթե ինձ դերը դուր եկավ, եթե տվյալ աշխատանքում կա առաջխաղացում, եթե կա ինչ-որ փոփոխություն, որի արդյունքում բարձրանում է ճաշակն ու մասնագիտական փորձը, ուրեմն նման պարագաներում ես այդտեղ եմ: Կոնկրետ սպասելիք չպետք է դնես քո առաջ՝ մտածելով, թե այդ աշխատանքը քեզ փառք պետք է բերի, պետք է սիրով կատարես աշխատանքդ և հաճույք ստանաս գործիցդ ու այդ հաճույքով էլ պարուրես այն մարդկանց, ովքեր քո հանդիսատեսն են: Ես փոքր, թե մեծ դերերին շատ լուրջ եմ մոտենում:

-Դերերի առումով դուք սահմանափակումներ չունեք, Ձեզ մոտ ստացվում է և ծիծաղեցնելը, և լուրջ կերպարներով  ներկայանալը:

-Այո, իմ դերերը իրենց բնույթով իրար հաջորդում են, մշտապես կոմիկ դերերին հաջորդում են դրամատիկ կերպարները և ես դրա համար շատ ուրախ եմ: Դրամատիկ դերերի շրջանակում ինձ համար շատ կարևոր ֆիլմ էր «3 ընկերը»-ը, որը հետո ավելի կարևորվեց, քանի որ  տարիներ անց հասկացա, որ ֆիլմի նկարահանումների ուրախ պահերը այլևս հետ բերել չենք կարող, քանի որ ընկերս ՝ Երվանդ Ենգիբարյանը, այլևս մեզ հետ չէ: Ես սիրում եմ դրամատիկ դերեր, միաժամանակ պետք է ասեմ, որ էկրանից ուրախացնող մարդիկ հաճախ ամենատխուրը կարող են լինել: Հավատք ունեցող մարդն է միայն, որ հավատում է, որ ամեն բան լավ կլինի և փորձում է ուրախացնել մյուսներին, նա երազում է, որ հայտնվի մեկը, ով մի օր էլ իրեն ուշադրություն կդարձնի, որ կարողանա ինքն էլ ծիծաղի: Նման դերասանը պետք է մեծ ներքին ունենա, որ կարողանա լավ կոմիկ դերեր խաղա:

-Վահագն, ճիշտ ընկալեցի, դուք երջանիկ չե՞ք:

-Իհարկե, ես դժբախտ չեմ, բայց երջանկությունից օդերում էլ չեմ սավառնում: Ես նորմալ հայ քաղաքացի եմ, ով ունի իր խնդիրները, սովորական մարդ եմ:

-Ի վերջո, ո՞ր կերպարներում եք Ձեզ ավելի հարմարավետ զգում՝ դրամատիկ, թե կոմիկ:

-Բոլոր կերպարներում էլ ես ինձ հարմարավետ եմ զգում: Եթե ինձ հետաքրքրեց դերը, չեմ անդրադառնա ոչ մի բանին, այդ թվում և աշխատավարձին: Ես սխալ եմ համարում, որ ասում են՝ «դե ժողովուրդը սա է նայում», ոչ, ամեն ինչ կարելի է վերցնել ժողովրդից, բացի ճաշակից, որովհետև պետք չէ գնալ ժողովրդի ճաշակով, արվեստը պետք չէ ձգել-ձգել, և դարձնել հանրամատչելի, սա Սևակի խոսքերն են, որի հետ երկու ձեռքով համաձայն եմ և ստորագրում եմ դրա տակ: Եթե ժողովրդին լավ բան տանք, նա կպահանջի լավը:

-Ինչպիսի՞ հումոր է այսօր պահանջում հանդիսատեսը:

-Մենք ազգովի սիրում ենք հումոր ասվածը, դա գուցե մռայլ ապրելակերպի հետևանք է ու այդպես ուզում ենք ցրել այդ վիճակը, թեպետ գենն էլ իր դերն ունի, բայց այսօրվա հումորը վերածվում է «խնդցնելու» մակարդակի:

-Եթե հիմա շատ անկեղծորեն խոսեք, որակային առումով ինչպե՞ս էիք գնահատում «Տնփեսա»-ն, այն տալի՞ս էր Ձեր ցանկալի որակը:

-Ներկայիս դաշտին նայելով և հաշվի առնելով մերօրյա պայմանները՝ ես կարող եմ ասել, որ մենք աշխատել ենք 5+ ցուցանիշով: Կար հրաշալի խումբ, ինձ համար այն կայացած նախագիծ էր: Ես նախագծի վերջում էլ ասացի, որ այն ինձ հետաքրքիր էր հատկապես նրանով, որ այստեղ կար հայկական համուհոտ: Օրինակ ռուսաստանում «տնփեսա» երևույթի մասին որևէ նախագիծ չէր դիտվի, քանի որ այնտեղ բոլորը տնփեսա են, իսկ մեզ մոտ այդ երևույթը մի փոքր այլ կերպ է ընկալվում: Այս սիտքոմում բոլորն իրենց տեղում էին, ես էլ շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել ի դեմս նրանց: «Տնփեսա»-ն միակ նախագիծն է եղել, որ երբ տանն եմ եղել երեխաներիս հետ դիտել եմ, որովհետև այն իսկապես ընտանեկան ծրագիր էր: Ցավոք, այսօր հանգիստ չես կարող երեխաներին թողնել հեռուստացույցի առջև, այսօր այդ առումով չես կարող շատ վստահել հեռուստատեսություններին: Երեխան սպունգի նման է, պետք է իր ճանաչողական շրջանում շատ ուշադիր լինել, որպեսզի 10 տարի հետո պատահած վատ դեպքի ժամանակ չհասկանաս, որ թերացել ես երեխաների ուշադրության հարցում:

-Իսկ «Տնփեսա»-ում հումորը Ձեր ասած «խնդցնելու» մակարդակի վրա չէ՞ր:

-Շատ անկեղծ պետք է ասեմ, որ եղել են օրեր, որ հումորի մակարդակը շատ բարձր է եղել, օրեր էլ եղել են, որ ես համաձայն չեմ եղել սցենարի հետ: Բայց պետք է նկատի ունենալ, որ հումորը մի այնպիսի բան է, որ շուտ է սպառվում, կարող է պատահել, որ թերացումներ էլ լինեն, այն չի կարող միշտ ուժեղ լինել:

-Ինչպիսի դեր կցանկանայիք կերտել հաջորդ նախագծում:

-Կցանկանայի մի հետաքրքիր լուրջ դեր կերտել, բայց եթե շատ անկեղծ լինեմ, եթե գործերս լավ գնան, կցանկանայի երկու տարի չնկարահանվել ընդհանրապես:

-Ինչո՞ւ, որպեսզի կարոտե՞ն:

-Չէ, խնդիրը կարոտելը չէ: Նախ ինչպես երևում է դաշտում շատ լուրջ մոտեցումներ չկան, հետո հասկացա, որ ինչքան էլ հեռուստատեսությունը գայթակղիչ է, ինչքան էլ քեզ ճանաչում տա, միևնույն է, թատրոնը ուրիշ է, որտեղ ես աշխատում եմ 1992-թ-ից՝ սկզբում լույսերն էի կարգավորում՝ կոճակներ սեղմելով, հետո օգնում է տարատեսակ գործերում, հետո կամաց-կամաց կյանքը տարավ Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոն, հետո Արմեն Էլբակյանի Խամաճիկների թատրոն, որտեղ մարիոնետներ եմ վարում: Այսնքն երկու հրաշալի վարպետներ Աստված ինձ տվեց՝  Արմեն Խանդիկյանին և Արմեն Էլբակյանին, որոնցից լավ առումով շատ բան եմ գողացել և ստեղծել եմ իմը: Հիմա էլ էներգիա, ցանկություն կա բեմից ավելի բարձրաձայն գոռալու և դատարկվելու, գուցե սա տարիքից է, որ ցանկություն ունես ինքդ քեզ ասելու, թե ինչ ես հավաքել այս տարիների ընթացքում: Հաճախ թատրոնը ոչ թե բուժում է, այլ ցավի մասին է բարձրաձայնում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին