▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նամակ Վաշինգտոնից․ Երեւանը դեռ լուռ է.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն եւ Բրեդ Շերմանը ստորագրություններ են հավաքում՝ ԱՄՆ գանձապետարանի քարտուղար Սթիվեն Մնուչինին կոչ անելով վերանայել Հայաստանի հետ կրկնակի հարկման հնացած պայմանագիրը: Վալադաոյի եւ Շերմանի նամակում նշվում է, որ «խորհրդային ժամանակաշրջանից գոյություն ունեցող պայմանագիրը չի արտացոլում գլոբալիզացված աշխարհի աճող բարդությունները, ինչպես նաեւ ամերիկացի եւ հայ ժողովուրդների բարեկամությունը»:

ԱՄՆ-ում կրկնակի հարկման մասին պայմանագիրը հստակ իրավական հիմք կստեղծի ներդրողների եւ անհատ ձեռնարկատերերի գործունեության համար՝ կանխելով կրկնակի հարկումը եւ նպաստելով տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի հարկային քաղաքականության հարցերով ապագա օգնական Դեյվիդ Քոթերը պատրաստակամություն էր հայտնել, որ եթե իր թեկնածությունը հավանության արժանանա, ապա ինքը կզբաղվի ԱՄՆ-ի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրով:

Այս հարցով Վաշինգտոնն ու Երեւանը բանակցում են վաղուց, սակայն այնպիսի տպավորություն է, որ երկուստեք մեծ շահագրգռվածություն առկա չէ: Երեւանում, կարծես, առայժմ տիրապետող չէ այն գիտակցությունը, որ շեշտը պետք է դնել ոչ թե ամերիկյան օգնությունների վրա, այլ խրախուսել տնտեսական լուրջ հարաբերությունների զարգացումը, ներդրումների ներգրավմանը Հայաստանի տնտեսության մեջ: Մյուս կողմից` ԱՄՆ-ի հետ տնտեսական, առեւտրային հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու համար Հայաստանի իշխանությունները պարտավոր են արմատապես փոխել տնտեսության կառուցվածքը` այն ազատելով մենաշնորհային, կոռուպցիոն դրսեւորումներից եւ ռուսական տոտալ կախվածությունից: Հիշեցնենք, որ մոտավորապես նման նախապայման էր առաջ քաշել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, երբ անցած տարվա ընթացքում հնչեցրել էր էներգետիկայի ոլորտում ութ միլիարդ ներդրում անելու ամերիկյան պատրաստակամության մասին: Դեսպանի առաջարկը Հայաստանի վերնախավում համարժեք պատասխանի չարժանացավ, նույնիսկ որոշակիորեն կասկածի տակ դրվեցին նրա խոսքի մասնագիտական հիմքերը: Իրականում` ամերիկացի դիվանագետը, ըստ ամենայնի, ձեւակերպել էր հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման բանաձեւը, որի շնորհիվ Վաշինգտոնը փորձում էր պարզել` ինքնիշխան որոշումներ կայացնելու Հայաստանի իշխանության պոտենցիալը:

Եթե Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն կառուցվածքային փոփոխություններ կատարել տնտեսության մեջ եւ դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները, ապա կոնգրեսականների նախաձեռնությունը կամ նույնիսկ Հայաստանի հետ կրկնակի հարկման հնացած պայմանագրի չեղարկումը գործնականում Հայաստանին որեւէ բան չեն տալու:

Գնդակն իրականում Հայաստանի իշխանությունների դաշտում է, իսկ լուծումներ պետք է գտնել քաղաքական որոշումների մակարդակում: Ռուսական կոռուպցիոն համակարգի հետ ինտեգրված Հայաստանի տնտեսությունը մրցունակ չէ եւ գրավչություն չունի արտաքին ներդրումների համար, իսկ նման իրավիճակում, Վաշինգտոնում, բնականաբար, մոտիվացված չեն արտոնյալ պայմաններ ստեղծել Հայաստանի համար:

Մյուս կողմից` խնդրի քաղաքական կողմն է կարեւոր, որովհետեւ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն: Եթե անկեղծ լինենք, չկա հայ-ամերիկյան օրակարգ բովանդակային առումով: Հենց սա է գերխնդիրը, հիմնական հարցը եւ այս հարթության վրա անելիք ունի պաշտոնական Երեւանը, մանավանդ, կոնգրեսականների նամակը մեր իշխանությունների համար նախաձեռնողական քաղաքականության ազդակ պետք է հանդիսա: Ղազախստանը ԵՏՄ անդամ է, սակայն տաս օր առաջ Նուրսուլթան Նազարբաեւը տվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու բանաձեւը: Անկարելի ոչինչ չկա, նույնիսկ ԵՏՄ անդամությունը կարող է խոչընդոտ չլինել, եթե կա ինքնաբավ, մոտիվացված արտաքին քաղաքականություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին