▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նաիրի» բժշկական կենտրոնը հրաժարվել է ընդունել ծանր վիճակում գտնվող հիվանդին

Azatutyun.am-ը գրում է. Մարդը, ով չի ցանկանում ներկայանալ, պատմում է, որ իր հորը մոտ երկու շաբաթ առաջ արյան բարձր ճնշմամբ «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխել են «Նաիրի» բուժկենտրոն, որտեղ սակայն հրաժարվել են ընդունել հիվանդին:

Հարազատները պնդում են, որ բուժկենտրոնի որոշման վրա չի ազդել ոչ հիվանդի ծանր առողջական վիճակը, ոչ էլ այն հանգամանքը, որ նա առաջին կարգի հաշմանդամ է, որի բուժումն իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակներում:

«Բժիշկը ասաց՝ մեզ մոտ ամեն ինչ վճարովի է, սա մասնավոր հիվանդանոց է և կարգը էսպես է՝ վճարովի սենյակներ են, օրը 25 հազար դրամ, բացի դրանից ոչ բոլոր դեղերն ունենք, անհրաժեշտության դեպքում դուք եք դեղերը բերելու դրսից, բոլոր հետազոտությունները ևս վճարովի են»,- պատմեց մեր զրուցակիցը։

Միայն հաշմանդամության նպաստ ստացող հիվանդը ստիպված է եղել նախաինֆակտային վիճակում «Նաիրի»-ից քաղաքի մյուս ծայր տեղափոխվել ՝ «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն, որտեղ թեև նրան ընդունել են և առաջին բուժօգնություն ցուցաբերել են, սակայն ամբողջական բուժում չեն կազմակերպել:

«Ու հիվանդին ասել են՝ ի՞նչ եք ուզում, ճնշումն էր բարձր, իջեցրել ենք, էլ անելու բան չունենք։ Այսինքն հետագա բուժում չկազմակերպվեց, ընդամենը այդ պահին միացրել են կաթիլային, կարգավորվել էր ճնշումը, և դուրս գրեցին»,- պատմեց հիվանդի դուստը։

Հիվանդանոցից դուրս գրվելու հաջորդ օրը, սակայն, հիվանդը կրկին արյան բարձր ճնշում է ունեցել։ Հարազատները ստիպված են եղել նրան տեղափոխել մասնավոր հիվանդանոց և բուժումը կազմակերպել իրենց միջոցներով։ «Նաիրի» բուժկենտրոնից պատասխան ստանալ չհաջողվեց:

Մեր ահազանգից հետո Առողջապահության նախարարությունից փորձեցին պարզել, թե ինչու «Նաիրի»-ում հիվանդին չեն ընդունել: Նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը փաստում է՝ «Նաիրի» բոժկենտրոնը բյուջեից ֆինանսավորում ստանում է պետպատվերի շրջանակում բուժում ապահովելու համար։

«Այդ բժշկական կազմակերպությունում բուժվում են նաև պետական պատվերով հիվանդներ։ Տվյալ դեպքի համար մենք կապվել ենք ադմինիստրացիայի հետ և մեզ ասել են, որ այդ ժամանակահատվածում չեն ունեցել ազատ մահճակալներ։ Սակայն դա նախաինսուլտային, նախաինֆարկտային վիճակ է համարվում, վտանգավոր իրավիճակ է մարդու առողջության համար, և մանավանդ այստեղ խոսքը հաշմանդամ մարդու մասին է»,- ասաց պաշտոնյան։

Հիվանդի հարազատները պնդում են, որ այդ պահին վճարովի հիվանդասենյակ հաստատ եղել է, համենայնդեպս, բժիշկներն նման ծառայություն իրենց առաջարկել են: Իսկ օրենքը պահանջում է նման դեպքերում ազատ սենյակը անհրաժեշտության դեպքում տրամադրել նաև պետպատվերով բուժվողներին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին