▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երգիչներին այնքան են քննադատում, որ սարքում են փալաս, շպրտում մի կողմ. Արսեն Սաֆարյան

Life.panorama.am-ը գրում է. Վերջին օրերին հանդիսատեսի դատին հանձնվեց «Երազանք 19:27» ֆիլմը, որտեղ իր մասնակցությունն էր ունեցել նաև երգիչ Արսեն Սաֆարյանը: Զրուցում Արսենը պատմեց, որ ֆիլմում նկարահանվելու ընթացքն իրեն շատ է դուր եկել` հավելելով, որ հանդիսատեսի արձագանքներին դեռ շատ ծանոթ չէ:

«Ինձ արձագանքներ դեռ այնքան էլ շատ չեն հասել: Գիտեմ, որ մարդիկ գնում են այս ֆիլմը դիտելու ու կարծում եմ, որ մարդիկ բարի տպավորություններով են դուրս գալիս դահլիճից, բայց թե կոնկրետ ի՞նչ կարծիքի են իմ խաղի վերաբերյալ, չեմ կարող ասել, քանի որ կարծիքներ անծանոթ մարդկանցից դեռ չեմ լսել: Ամեն դեպքում,  այս աշխատանքը ինձ համար շատ հետաքրքիր էր: Ինձ համար կարծես երազանք լիներ ֆիլմում նկարահանվելը, քանի որ հետաքրքիր էր, թե ինչպես կստացվեր դա ինձ մոտ, իսկ արդեն նկարահանվելուց հետո հասկացա, որ սա ամենևին նման չէր մինչ այս՝ օրինակ տեսահոլովակներում նկարահանվելու հետ. ֆիլմում կա խոսք, խաղ և սա ուրիշ աշխարհ էր, ինձ շատ դուր եկավ այս պրոցեսը, եթե առաջարկներ լինեն կրկին կհամաձայնվեմ նկարահանվել»,- նշեց երգիչը ու պատմեց, որ նկարահանվելու ընթացքում նաև դժվարությունների է հանդիպել,- ամենադժվարը կոստյումով -3 աստիճան  ցրտին ժպտալով նկարահանվելն էր, կամ խաղալ այնպես, որ կեղծ չթվա»:

Երգիչը նկատեց, որ չի ցանկանա, որ այս ֆիլմում նկարահանվելուց հետո իրեն կոչեն երգիչ-դերասան. «Դերասանի կոչմանը պետք է արժանի լինես, ես միայն շատ մեծ փորձառությունից հետո պետք է արժանանամ այդ կոչմանը»:

Խոսելով 2000-ականների երգիչներից շատերի, այդ թվում՝ իր պասիվության պատճառների մասին, Արսեն Սաֆարյանն անկեղծացավ. «Երբ որևէ աշխատանք ես անում, ուզում ես, որ այն հասնի հանդիսատեսին: Այսօրվա շատ երգիչների լռությունը կապված է պայմանավորված, կամ գուցե չպայմանավորված մեդիաների հետ, քանի որ, եթե նախկինում նույն ռադիոներում մեր երգերը շատ էին հնչում, ապա այսօր միան  104.1 FM-ով կարելի է լսել էստրադային երաժշտություն: Այսօր պակասել են երաժշտական ծրագրերը, որոնք առաջ շատ էին, կարծես հետաքրքրությունը կորել է, այսօր համերգներ գրեթե չկան, իրականում ամեն ինչ գնաց դեպի հարսանիք-կնունք-ծնունդի: Լավ որակի համերգներ քիչ են լինում, գուցե ֆինանսական կողմն էլ իր նշանակություն ունի այս առումով»:,- նշեց նա:

2000-ականների երգիչների ոչ ակտիվ գործունեության պատճառների շարքում Արսեն Սաֆարյանը տեսնում է նաև քննադատությունները. «Այսօր շատ են քննադատում երգիչներին, ով արթնանում է, փորձում է մի սկանդալային բան հորինել, մեր երգիչներին այնքան են քննադատում, որ սարքում են փալաս, շպրտում մի կողմ, իսկ թե ով է նրանց այդ իրավունքը տվել, չգիտես: Նույն վերջերս Քայնե Ուեսթը երևանյան համերգի ընթացքում թռչեց ջուրը ու համացանցում չգիտես ինչու որոշեցին, որ պետք է հայ երգիչներին համեմատեն նրա հետ ու քննադատեցին թե ինչու մերոնք չեն թռչել ջուրը, ուղղակի սխալ է համեմատել միջազգային երգչի հետ մեր տեղական երիգիչներին: Մենք մեզ ենք փնովում, համեմատում ու լավը չենք ուզում տեսնել, սա ազգային տեսակ է, բայց առաջ մարդիկ ուզում էին տեսնել լավը, ճաշակովն ու գեղեցիկը, հիմա մարդկանց մեջ մի տեսակ չարը շատացել է»,- շեշտեց նա:

Գնահատելով շոու բիզնեսի այսօրվա ներկայացուցիչների գործունեությունը՝ Արսենը նկատեց. «Այսօր ով ուզում է, նա երգում է: Մեր նշաձողը ուրիշ է եղել, մենք ձգտել ենք, որ մարդը, որ քեզ ոչ բարեկամ է, ոչ ծանոթ, ցանկանա տոմս գնել և գալ քո համերգին, մեր ձգտումը համերգասրահն էր, իսկ այսօրվա երգիչների ձգտումը ռեստորանն է: Այսօր երգիչները նայում են, թե որ երգին են ավելի շատ ծափահարում ու այդօրինակ երգեր է երգում, արդյունքում նրանց երգերը չես կարողանում մտաբերել: Բացի այս, մենք՝ 2000-ականների երգիչներս, հստակ գիտակցում էինք, որ նաև կրթում ենք, մեզ սովորեցրել են, որ չափդ ճանաչի, հետևի խոսքիդ, քանի որ չես կարող խոսել այնպես, ինչպես ուզում ես, նաև չես կարող երգել այն, ինչ մտքիդ գա,  որովհետև քեզ հիմա կարող է լսել հինգ տարեկան մի երեխա, ում համար դու օրինակ ես: Ես չեմ ասում, որ մենք հարսանիքներում չէինք երգում, պարզապես մենք ամեն հարսանիք չէինք երգում, իսկ այսօր կանաչ գույնը ամեն բան փոխում է»:

Նյութն ամբոջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին