▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մուտք ենք գործում նոր աշխարհ, որտեղ քվանտային մոտեցումը կլինի առաջատարներից մեկը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասսիմո Ինգուշոյին: 

Պրոֆեսոր Ինգուշոյի հետ նախագահ Սարգսյանը վերջին անգամ հանդիպել էր անցյալ տարի նոյեմբերին Հռոմում և նրան հրավիրել Հայաստան՝ տեղում համագործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու նպատակով:

Ողջունելով նրան՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ընկերոջ հետ հանդիպելը միշտ հաճելի է: Կարծում եմ՝ այս այցը, հնարավոր համագործակցությունը մեր երկրի հետ կարևոր են ոչ միայն գիտության, այլ նաև հասարակության, հասարակական վարքի, անգամ քաղաքականության համար: Մենք մուտք ենք գործում նոր աշխարհ, և այդ նոր աշխարհը գերազանցապես ղեկավարվելու է նոր մտքերով, նոր մոտեցումներով, որտեղ քվանտային մոտեցումը կլինի առաջատարներից մեկը»:

 

 

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը մասնավորապես ասել է. «Իտալիայում Հայաստանն ընկալում են որպես ամենաբարձր մակարդակի ռազմավարական երկիր: Մեր երկրի նախագահը գիտությունը համարում է ապագային միտված հզոր և ուժեղ գործիք: Այս համատեքստում կարևոր էր նոյեմբերի մեր որոշումը՝ այցելել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա»:

Նախագահ Սարգսյանը և Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահն անդրադարձել են հայ-իտալական գիտական համագործակցության խորացման, գիտակրթական կապերի ընդլայնման հեռանկարներին:

Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել երկու երկրների գիտնականների և հետազոտական ինստիտուտների միջև կապեր ստեղծելու, գիտահետազոտական համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները՝ նշելով, որ Հայաստանը չունի մեծ ֆինանսական ռեսուրսներ, բայց ունի տաղանդավոր գիտնականներ: Արմեն Սարգսյանի խոսքով, երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել մասնավորապես արհեստական բանականության մաթեմատիկական մոդելավորման, ջրի պաշարների արդյունավետ կառավարման և այլ ոլորտներում:

Իսկ իր հարցազրույցում Մասսիմո Ինգուշոն ասել է.

«Սա Հայաստանի նախագահի հետ մեր երկրորդ հանդիպումն է, ավելի վաղ մենք հանդիպել էինք Հռոմում: Երևանում կայացած այս հանդիպումը շատ ավելի արդյունավետ էր: Այս օրերին մենք կազմակերպում ենք երկկողմ գիտական հանդիպում, որում քննարկվելու են հարցեր այն մասին, թե ինչպես կառուցել ավելի լավ ապագա մարդկանց, շրջակա միջավայրի, կյանքի համար: Նախագահի հետ ունեցած այս հանդիպմանը մենք խոսեցինք քվանտային ֆիզիկայի մասին, որն իրականում բարդ համակարգ է, որը կարող ես կիրառել կլիմայական, ֆինանսական և այլ ռիսկերի վրա: Այստեղ՝ Հայաստանում դուք հրաշալի ուղեղներ ու այս ոլորտին առնչվող դպրոց ունեք: Մենք պատրաստվում ենք շատ արագ կապեր ստեղծել Իտալիայում մեր հետազոտական ինստիտուտների և ձեր գիտնականների միջև՝ առաջընթաց ունենալու այս ոլորտում, որտեղ կարևոր արժեքներ են ստեղծարարությունն ու ֆանտազիան: Մենք նաև քննարկել են թեմաներ, որոնք առանցքային են: Ձեր նախագահն ինձ պես ֆիզիկոս է, մենք քննարկել ենք կարևոր հարցեր, ինչպես, օրինակ, ջրի պաշարների արդյունավետ օգտագործումը: Ինչպես գիտենք, Հայաստանը շատ հարուստ է ջրի պաշարներով, դուք պետք է խնայեք ջուրը՝ գյուղատնտեսության մեջ օգտագործելու այն ամենաարդյունավետ ճանապարհով, քանի որ կարևոր է գյուղատնտեսության ճիշտ կազմակերպումը: Քննարկել ենք նաև արհեստական բանականության օգտագործումն այս բոլոր ոլորտներում: Վերջապես, դուք Հայաստանում ունեք պատմական արժեքներ հնագիտության, ձեռագրերի ոլորտներում: Քանի որ Եվրոպան և Իտալիան այս ոլորտներում կազմակերպում են կարևոր ցանցային հետազոտություններ, մենք համաձայնության եկանք, որ սա կլինի մեկ այլ ուղղություն, որով կշարժվենք՝ բարելավելու կարևոր արժեքների պահպանության մակարդակը, բացահայտելու նոր հնագիտական վայրեր: Մշակույթը դարձնել ամուր արժեք, ինչի շնորհիվ կազմակերպությունները կարող են զարգացնել արվեստի պահպանության, ինչպես նաև զբոսաշրջության համար կարևոր գործիքակազմ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին