«Կարծում եմ, որ ձմռանը Ադրբեջանը չի գնա լուրջ պատերազմական գործողությունների, որովհետև եղանակային պայմանները հարձակման համար հարմար չեն, բայց գարնանը, երբ հերթական ներքաղաքական սրացումը կլինի Ադրբեջանի մոտ, չեմ բացառում, որ նման բան լինի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվանագետ Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ տարածք հանձնելով մենք խաղաղություն ձեռք չենք բերի, հակառակը, Ադրբեջանին հնարավորություն կտանք ավելի ուժեղ հարձակում գործել.
«Պատերազմի հավանականությունը կանխելու համար կարծում եմ՝ ամեն ինչ կախված է ներքաղաքական իրավիճակից: Նոր վարչապետի հետ հասարակությունը որոշ հույսեր է կապում և, մինչև գարուն պետք է փորձել իրական բեկում մտցնել տնտեսության մեջ, նպաստել արտագաղթի դադարեցմանը, բանակն ազատել կաշառակերներից»:
Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դիվանագետը դրանք արմատապես փոխելու կողմնակից է.
«Միջազգային իրավունքը պետք է առաջ քաշվի, ոչ թե սովետական վարչական սահմաններով առաջնորդվեն ու Արցախը Ադրբեջանի մաս համարելով սկսեն ինչ-որ ինքնավարության շուրջ բանակցեն: Ադրբեջանը մեզ առաջակում է ԼՂՀ ինքնավարություն՝ իր կազմում, մենք էլ առաջարկում ենք Նախիջևանի ինքնավարություն՝ Հայաստանի կազմում»,-նշեց Արա Պապյանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնած տեղեկությանը, որ առաջարկությունների փաթեթում քննարկվում է նաև ադրբեջանցի փախստականների Արցախ վերադառնալու մասին հարցը, դիվանագետը նկատեց.
«Ես սրան էլ եմ դեմ, քանի որ արդարությունը չի կարող վերականգնվել, որովհետև հայկական կողմը զուրկ է մնում նման հնարավորությունից: Պետք է նշել նաև, որ հայերի թողած գույքն ու տարածքներն ավելի մեծ են: Բաքվում 3 սենյականոց բնակարանը շատ ավելի թանկ արժեր, քան Քարվաճառում կամ Շուշիում գտնվողը»:
Մեր հարցին, թե ի՞նչն է փախստականների հարցի միակողմանի քննակելու պատճառը, Արա Պապյանը պատասխանեց.
«Ցանկացած միջազգային կառույց քննարկում է այն հարցերը, որոնք դրվում են նրանց սեղանին: Ցավոք, հայկական կողմն ի սկզբանե հայ գաղթականների հարցը չի դարձրել քննարկման առարկա: Հիմնական պատճառաբանությունն այն է, թե եթե խոսենք Բաքվի և Գանձակի հայերի մասին, նրանք էլ կխոսեն ասենք Վարդենիսի ադրբեջանցիների մասին: Պարզ է մեկ բան՝ ադրբեջանցի գաղթականները 1988թվականին՝ երկրաշարժից առաջ գնացել են ու փոխհատուցում ստացել են, նույնը չի կարելի ասել հայերի մասին: Մենք պետք է գոնե բարձրացնենք Շահումյանի, Դաշտային Արցախի կամ Գարդմանքի հարցը»:
Անի Կարապետյան