Հայ ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը Facebook սոցիալական ցանցում գրում է.
«Ի լրումն նախագահ Տեր-Պետրոսյանի երկու անկյունաքարային առաջարկների, որոնք վերաբերում էին երկրի հիմքերը քայքայած ու Հայաստանի դժբախտության գլխավոր պատճառներից մեկը դարձած կոռուպցիայի հաղթահարմանը, կառավարության ներկայիս ծրագիրն իր հռչակած նպատակներով տեղ է տալիս բազում այլ առաջարկների, ինչը վկայում է ծրագրի թերի, ժամանակի ու հասարակության պահանջներին չհամապատասխանող բնույթի մասին:
Ամենախոցելին ու վտանգավորը, սակայն, ծրագրում արտացոլված նպատակները չեն, այլ կառավարման ու պետությունը handle անելու այն փիլիսոփայությունը, որ դրված է ծրագրի տակ: Արդեն քանի տարի որևէ ծրագիր կամ ելույթ, որ ներկայացվում է վարչախմբի կողմից՝ 95 տոկոսով ցանկությունների շարան է (և ոչ բոլոր դեպքերում՝ նույնիսկ բարի ցանկությունների), փաթեթավորված ճոռոմ բառաֆոնդով՝ կառուցակարգեր, խթանման հարթակներ, թափանցիկության մեխանիզմներ և այլն... Իսկ ծրագրերի տակ դրվող փիլիսոփայությունը հետևյալն է. Հայաստանի ներկա վիճակի մեղավորությունը օրենսդրական բացերն են, բարդ ընթացակարգերը, միջին օղակների թերի մենեջմենթն ու ինչ-որ անհայտ չարագործներ: Իշխանությունը, բնականաբար, ոչ մի կապ չունի:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս ծրագրի հիմքում դրված կոնցեպտում բացակայում է պատասխանատվությունը, որը քաղաքական ու պետական կառավարման գործընթացների անկյունաքարն է: Կառավարության ծրագիրը նախևառաջ քաղաքական պատասխանատվության արտահայտություն է, նոր միայն՝ երկրի տնտեսական ու քաղաքական զարգացումն ապահովելու գործիք: Չկա պատասխանատվություն նախորդ սխալներն ու հանցանքները լուծելու, չի ապահովագրվելու հաջորդ հանցանքների կանխումը: Ու լղոզած այս պատասխանատվության արանքում վարչախմբի բոլոր անդամները զգալու են ինչպես ձուկը ջրում՝ վստահ իմանալով, որ պետության պատժիչ մեքենան իրենց չի հասնելու: Իրենք մենակ թիմի հետ լավ լինեն: Ուրիշ հարց չկա:
Որևէ ոլորտում կա խնդիր, ոլորտի պատասխանատուն ոլորտի ղեկավարն է՝ վերջ: Ու եթե ոլորտում կան պետական մասշտաբի մարտահրավերներ, չի կարող ոլորտի ղեկավարը հենց այնպես գնա կամ ազատվի աշխատանքից: Ամեն նոր կառավարություն գալիս է, մի կարճ ժամանակ լրատվական փոթորիկ է անում, որ նայեք հլը՝ ինչքան խնդիրներ կան, ինչպե՞ս կարելի է, այ, այ, այ: Բայց թե ովքեր են այդ թերացումների ու հանցանքների պատասխանատուները, ոչ մի ձայն: Հայաստանում կա՞ կոռուպցիա, բոլորը գլուխներն են շարժում՝ հա, բա ոնց, իհարկե՝ կա: Բա ինչու՞ գոնե մեկ ոլորտի պատասխանատու չի ենթարկվել պատասխանատվության: Տեղում հարցը ջրում են, անցնում մյուս ոլորտի «համակարգային բարեփոխումներին»: Օրինակ, ինչպե՞ս կարող է ՊԵԿ երկարամյա ղեկավար Գագիկ Խաչատրյանը հենց էնպես աշխատանքից ազատվի գնա: Որ մի քաղաքացի տասը րոպե ավել կանգնի կարմիր գծերի մեջ, մի օր էլ ուշ մուծի տուգանքը, ԴԱՀԿ-ով էղած-չեղածը ձեռից կառնեք, մարդուն կգցեք էնպիսի մի բյուրոկրատական նվաստացուցիչ մղձավանջի մեջ, կփոշմանի, որ մեքենա գնեց: Բայց մի մարդ, որ տասը տարի և ավել համակարգ է ղեկավարել, որտեղ կոռուպցիան թթվածին է, և առանց դրանում ներգրավվելու էնտեղ աշխատել հնարավոր չէ (ինչը դուք էլ եք ընդունում), ու հիմա այդ պաշտոնյան գնում է վաստակած, բառիս բուն իմաստով՝ վաստակած հանգստի՞: Ո՞ր տրամաբանությամբ, երկրի ո՞ր մի շահից ելնելով: Ու այսպիսի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր գագիկխաչատրյաններ, որոնք գալիս ու անցնում են՝ իրենց բաժին փորձանքը բերելով էս երկրի ու ժողովրդի գլխին:
Հիմա նախատեսվում է օրենք ընդունել ապօրինի հարստացման քրեականացման մասին: Սա մի բան կարող է նշանակել՝ որ Հայաստանում կա նման խնդիր: Ոչ միայն կա, այլև այնպիսի մասշտաբների է հասել, որ գործող քրեական օրենսգրքով նախատեսված մեխանիզմներն այլևս բավարար չեն: Ուրեմն՝ եթե կա նման լուրջ խնդիր, պետության ու հասարակության շահերով առաջնորդվող և պատասխանատվություն կրող պաշտոնյայի (նախագահ, վարչապետ և այլք) առաջին կամ զուգահեռ քայլը պետք է լինի քննել բոլոր այն գործերը, որտեղ ապօրինի հարստացման ռիսկ կա: Մաքսիմում 100 մարդ: Ցուցակը մեծ չէ, փոխարենը՝ սպասվող օգուտն է շատ մեծ՝ ինչպես պետություն վերադարձվելիք գումարների, այնպես էլ իշխանության, երկրի ու ապագայի նկատմամբ հանրության վստահության բարձրացման տեսքով: Բայց այդ զուգահեռ քայլը չկա: Որովհետև կա ավելի մեծ նպատակ՝ իշխանություն պահելը, որն իր սահմանմամբ իսկ հակոտնյա է Հայաստանի շահերին: Իսկ որ 100 գործի քննությունը իշխանության քարը քարին չի թողնի, հասարակությունում գոնե 1 մարդ չի կասկածում:
Փոխարենը՝ լիքը բլա-բլա-բլա առաջարկություններ: Դրա համար էլ վարչախումբն ու նրա հին ու նոր կառավարություններն ամեն ինչ անում են, բացի իրերն իրենց անունով կոչելը: Որովհետև դրանից բխում է հաջորդ կոնկրետ քայլը, որին իշխանությունն ուղղակի չի կարող գնալ: Այն իշխանության համար ինքնասպանության հավասար մի բան է»: