▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մատ՝ մեկ քայլով.«Ժողովուրդ»

Եվ այսպես` ապրիլի 10-ին հայեցակարգի նախագծի ներկայացումից ի վեր քաղաքական զարգացումների առանցքը դարձնելով սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ Սերժ Սարգսյանն առանձնապես չի շտապում իր տեսակետը հայտնել արդեն իսկ պատրաստ հայեցակարգի շուրջ: Երեկ նրա խոսնակը հայտարարել է, թե հայեցակարգի վերաբերյալ Սարգսյանի «վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կդառնա 2015թ.  փետրվար-մարտ ամիսներին»: Ինչպես հայտնի է՝ ՀՀ նախագահի կողմից հայեցակարգին հավանություն տալու կամ այն մերժելու համար որեւէ ժամկետ սահմանված չէ, ուստի Ս. Սարգսյանը միանգամայն ազատ է՝ այս «պարտիան» ավարտին հասցնել երբ կամենա եւ ինչպես կամենա: Ավելին՝ նա կարող է եւ չանել ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը` այդ հարցը թողնելով իր իրավահաջորդին: Թեեւ, գործնականում դա քիչ հավանական տարբերակ է:

Ամեն դեպքում` տարբերակներից յուրաքանչյուրով էլ նա շահած է դուրս գալու: Անգամ այդ տարբերակների ենթատարբերակներն են Սարգսյանի համար նպաստավոր զարգացումների հանգեցնելու: Ինչի մասին է խոսքը. ենթադրենք` Սարգսյանը որոշում է մերժել հայեցակարգը, նա այդ որոշումը կհիմնավորի քաղաքական դաշտի մի հատվածի բացասական դիրքորոշումն ու հանրային ոչ բավարար պահանջարկը հաշվի առնելու իր` ժողովրդավար եւ պետականամիտ մոտեցմամբ: Ի լրումն` նաեւ կնշի, որ ինքն անձամբ եւս դեմ էր երկրի կառավարման համակարգի փոփոխմանը, ինչի մասին ասել էր դեռ անցած ապրիլին: Արդյո՞ք նման որոշումը բացասական կընկալվի. պատասխանը, կարծում ենք, միանշանակ է` ոչ: Հնարավոր մեկնաբանություններն էլ, թե նա տեղի տվեց ընդդիմության հորդորներին, կընդունվեն որպես անլուրջ շահարկումներ:

Իսկ եթե Սարգսյանը հավանություն տա հայեցակարգին եւ, այնուամենայնիվ, հարցը դնի հանրաքվեի, դարձյալ ցանկացած ելքի դեպքում շահած դուրս կգա: Բարեփոխումների ընդունումը նրան կապահովի ցանկալի վերարտադրությունն ու քաղաքական մրցակիցների` Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի չեզոքացումը` երկրորդ ժամկետից հետո չպաշտոնավարելու արգելքով: Վստահաբար, այդ դեպքում ոչ իշխանականների գործադրելիք ճնշումները չեն կարողանա բավարար ազդեցություն ունենալ` հանրաքվեի արդյունքները չընդունելու համար: Իսկ հանրաքվեի բացասական արդյունքի պարագայում էլ Սարգսյանը դա կներկյացնի՝ որպես իր նախագահած երկրում ժողովրդավարության  դրսեւորման աննախադեպ օրինակ, երբ ժողովրդի կամքն իրացվում է հանրաքվեի միջոցով, ինչին իշխանությունը որեւէ կերպ չի ընդդիմանում:

Բացի ժողովրդավարի՝ առավել փարթամ դափնիներից, Ս. Սարգսյանն այս դեպքում իր համար կապահովի նաեւ առնվազն մեկ տարվա կանխատեսելի եւ վերահսկելի քաղաքական օրակարգ, իսկ դրանից հետո արդեն սահուն կերպով անցում կկատարի դեպի հաջորդ խորհրդարանական ընտրություններ:

Այնպես որ` այս պարտիան Սերժ Սարգսյանը հաղթել էր արդեն առաջին քայլից հետո:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին