▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է «Կյանքի Խոսք»-ը վերաբերվում ազգային խնդիրներին, մասնավորապես` ղարաբաղյան հիմնահարցին

«Կյանքի Խոսք» եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը ֆեյսբուքյան էջում տարածել է իր հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա պատասխանում է, թե «Ինչպե՞ս է «Կյանքի Խոսք» եկեղեցին վերաբերվում ազգային խնդիրներին, մասնավորապես` ղարաբաղյան հիմնահարցին»:

- «Կյանքի Խոսք» եկեղեցին, անկասկած, ուշադիր է ազգային խնդիրներին և ունի իր մոտեցումները հայությանը հուզող հիմնահարցերին: Հայաստանը համայն հայության հայրենիքն է, իսկ բոլոր հայերս` անկախ մեր եկեղեցական պատկանելությունից, ունենք միևնույն ազգային ինքնությունը: Հայրենիքը և ազգը մեզ համար բարձր արժեքներ են, հետևաբար, մենք չենք կարող անտարբեր գտնվել մեր հայրենիքի զորացման և ազգային խնդիրների կարգավորման նկատմամբ:

Կոնկրետ ղարաբաղյան խնդրի առումով մենք համոզված ենք, որ այս հակամարտության խաղաղ կարգավորումը չպետք է ունենա այլընտրանք, նկատի ունեմ ռազմական գործողությունները: Աստված խաղաղության Աստված է, և մենք էլ աղոթում ենք մեր երկրի սահմանների խաղաղության համար: Իհարկե, գուցե տեղին է հիշել նաև հայտնի ասույթը, որ եթե ցանկանում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի: Այս առումով, կարծում եմ` մեր պատրաստությունը պետք է լինեն մեր մարտունակ բանակն ու մեր ժողովրդի ներքին համերաշխությունը:

Ահա թե ինչու, մենք կարևորում ենք նաև Հայաստանում կրոնական հանդուրժողականության և, առհասարակ, սիրո և փոխադարձ հարգանքի մթնոլորտի հաստատումը: Ղարաբաղյան ազատամարտի ժամանակ կողք-կողքի մարտնչում էին առաքելական, կաթոլիկ, բողոքական և անհավատ հայը, և ոչ մեկի մտքով չէր անցնում բաժանության սեպ խրել նրանց միջև: Ուստի այսօր մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վաղը այդ նույն համերաշխությունը տիրի հայրենիքը պաշտպանող զինվորների շրջանում:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի իրավական կողմին, ապա փաստ է, որ Արցախի հայությունն օգտվել է իր իրավունքից և ինքնորոշվել իր պատմական հայրենիքում, ինչի արդյունքում այսօր գոյություն ունի երկրորդ հայկական պետությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ Ղարաբաղի հայությունն ամուր հաստատված է իր հողին և լիովին ընդունակ է պաշտպանելու իր իրավունքները:

Ի դեպ, ասեմ, որ մեր եկեղեցի հաճախում են Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ, ազատամարտիկներ, ովքեր, հավատացնում եմ Ձեզ, շատ լավ են գիտակցում այս հարցի կարևորությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին