Լուրեր․com-ը գրում է․ Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնն ավարտել է քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ քիմիաթերապիայի կուրսը։ Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում հրապարակված մեծ գրառման մեջ։ Սպասվում է, որ նա այժմ ավելի հաճախ կհայտնվի հանրության առաջ և կկարողանա վերադառնալ աշխատանքին՝ որպես թագավորական ընտանիքի ավագ անդամ։ Սակայն նրա ապաքինումը պաշտոնապես չի հաստատվել։
Ուելսի արքայադուստրն ասում է, որ անցած ինը ամիսները աներևակայելի դժվար են եղել ինչպես իր, այնպես էլ իր հարազատների համար: «Այժմ ինձ համար առաջնահերթություն է անել ամեն ինչ, որ քաղցկեղը չվերադառնա: Չնայած քիմիաթերապիան ավարտվել է, ես երկար ճանապարհ ունեմ անցնելու, որպեսզի հասնեմ լիարժեք ապաքինման։ Բոլոր նրանց, ովքեր շարունակում են քաղցկեղի դեմ պայքարի իրենց ճանապարհը, ես մնում եմ ձեզ հետ՝ կողք կողքի, ձեռք ձեռքի տված: Խավարի միջից կարող է լույս ծագել» - գրել է նա:
Քենսինգթոնյան պալատը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Քեյթ Միդլթոնի ապաքինման մասին։
Քեյթ Միդլթոնի բուժման ավարտի մասին լուրն անակնկալ է եղել բրիտանական թագավորական ընտանիքի փորձագետների համար։ Դեռ մեկ ամիս առաջ անանուն պալատական աղբյուրները պնդում էին, որ նա չի վերադառնա իր նախկին աշխատանքային գրաֆիկին:
Պալատականները նաև խորհուրդ են տալիս չշտապել եզրակացություններ անել։ Քենսինգթոնյան պալատն ակնարկել է, որ այս պահին հնարավոր չէ հաստատապես ասել, որ քաղցկեղը նահանջել է։