«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին հրապարակված Էդմոն Մարուքյանի «Արագ պարտության եւ երկարատեւ, բայց անխուսափելի հաղթանակի երկընտրանքը» հոդվածը քննարկվեց հիմնականում «Ելք» դաշինքում ստեղծված ներքին հարաբերությունների համատեքստում: Հոդվածի առիթը հիմնականում, իհարկե, դա էր, սակայն դրանում բարձրացված հարցերը շատ ավելի գլոբալ էին ու միտված են ռացիոնալ քաղաքական օրակարգի ձեւավորմանը, իշխանության պատասխանատվության եւ ընդդիմության վերահսկողության ինստիտուտի կայացմանը:
Քաղաքական կոնյուկտուրան թույլ չտվեց, որ այս հարցերը լուրջ քննարկման առարկա դառնան, բայց իշխանության եւ, այսպես կոչված, «հեղափոխական» ընդդիմության թեկուզեւ լատենտ արձագանքի որակը բացահայտում է մեր քաղաքական համակարգի ցածր նշաձողը:
Էդմոն Մարուքյանը կարողացավ իր հոդվածի դեմ միավորել բոլորին` իշխանության ներկայացուցիչներին, նրանց դեմ պայքարող եւ «հեղափոխական» ընդդիմությանը, «լայթ» ընդդիմությանը եւ «ծռությանը»:
Նման «համերաշխությունն» արտաքուստ պարադոքսալ է թվում, սակայն միանգամայն տրամաբանական է քաղաքական համակարգի «բարիկադային» մտածողության համատեքստում:
Ասենք, իշխանությանը միշտ ձեռնտու է գործ ունենալ հեղափոխական կոչեր անող ընդդիմության հետ, որը, որպես կանոն, առաջնորդվում է կարճաժամկետ օրակարգով` շեշտը դնելով «կրիտիկական զանգվածի» հավաքման, արագ իշխանափոխության ծրագրի վրա:
Նման վարքագիծը ենթադրում է իշխանության հետ ռեսուրսային պայքար, որտեղ ընդդիմության հաղթելու հնարավորությունը զրոյական է: Ընդդիմության յուրաքանչյուր պարտությունից հետո իշխանությունը դարձել է ավելի ավտորիտար եւ սանձարձակ` առնվազն մինչեւ հաջորդ ընտրական ցիկլը երկարաձգելով ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորման հնարավորությունը: Մարուքյանն առաջարկում է ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորման փշոտ ճանապարհը, ինչը ենթադրում է վերահսկողական լիազորությունների «նվաճում» իշխանությունից:
Ավտորիտար իշխանությունը քաղաքական տոլերանտությունը համարում է թուլության դրսեւորում եւ պատահական չէ, որ Մարուքյանի առաջարկների մեջ ՀՀԿ ներկայացուցիչները տեսան «սահմանադրական հեղաշրջման» էլեմենտներ:
Հայաստանի իրար հաջորդող ընդդիմությունները գործել են նույն «բարիկադային» տրամաբանության շրջանակներում` ակնկալելով ամբողջը` փոքր, բայց ինստիտուցիոնալ հաղթանակների փոխարեն:
Որպես կանոն, ընդդիմությունը երբեք ամբողջը չի ստացել, սակայն ձախողման ֆոնին կորցրել է իր միակ ռեսուրսը` հասարակության վստահության պաշարը: Ըստ ամենայնի` դասեր չեն քաղվել, որովհետեւ այսօր դարձյալ լյումպենն է թեստավորում ընդդիմությանը: Ինստիտուցիոնալ ընդդիմության նախագիծը համարվում է «ՀՅԴ»-ացում եւ «ՕԵԿ»-ացում, որովհետեւ դրանում չկա հայհոյանք Սերժ Սարգսյանի հասցեին կամ Լինչի դատաստանի խոստում:
Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետն ավելի ավտորիտար է լինելու, որովհետեւ կայանալու է ընդդիմության ձախողման եւ հասարակության ապատիկ տրամադրությունների ֆոնին: Երբ հասարակության գործոնը չեզոքացվում է, ինստիտուցիոնալ ընդդիմության դիրքերից հանդես եկող ուժերը չեն կարող իրականացնել իշխանության գործունեության պատշաճ վերահսկողություն:
Այս իմաստով` ավտորիտար իշխանությունն ու «հեղափոխական» ընդդիմությունը դաշնակիցներ են. բարիկադները բացառում են կրեատիվ եւ ստեղծագործական մոտեցումները` ստեղծելով թամաշաներ, որոնք սպանում են քաղաքականությունը, նրա բովանդակությունը:
Էդմոն Մարուքյանը առաջարկել է էվոլյուցիոն զարգացման ծրագիր, որը հեռանկարի իմաստով բացառում է ավտորիտար իշխանության եւ նրան տապալելու ցանկություն ունեցող «ծռության» գոյությունը: Քաղաքական հարաբերությունների բնականոնությունը բացառելու դաշտում ավտորիտար իշխանությունը եւ «ծռությունը» դաշնակիցներ են, որովհետեւ վայրենի իշխանությունը քաղաքակիրթ կարող է երեւալ միայն «մաուզերիստների» ֆոնին, իսկ վերջիններիս կրակոցների միակ մոտիվը «քարանձավային» իշխանությունն է:
Ինստիտուցիոնալ հիմքեր ունեցող համակարգային ընդդիմության ձեւավորումը կտրում է նաեւ, այսպես կոչված, կառուցողական ընդդիմության հացը. իրական այլընտրանքի ձեւավորման պարագայում իշխանությանը չի կարող ապահովագրել ոչ մի բուֆեր կամ` «ազգային համերաշխության» պոտենցիալ սուբյեկտ, որը համակարգային կարգավիճակ եւ «արտոնություններ» է ստանում լյումպենի վարքագիծը կառավարելի դարձնելու դիմաց:
Բոլորը քննադատեցին Էդմոն Մարուքյանի հոդվածը եւ սա հայաստանյան այսօրվա իրականության օրինաչափությունն է, երբ հիմնական դերակատարները կոնսենսուս ունեն` ռացիոնալ քաղաքականության դեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում