Երգիչ-երգահան Ազատ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ հայաստանյան որևէ քաղաքական ուժ, որևէ կուսակցություն համաժողովրդական չի դառնում.
- Որովհետև բոլորն իշխանության են եկել՝ որպես նեղ-կուսակցային կառույցներ…
Երկրին վերաբերող խնդիրներում լուծումներ մշակելու հարցերում՝ նեղ-կուսակցային, համընդհանուրին վերաբերող՝ տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ ոլորտներին վերաբերող ծրագրերում՝ նեղ-կուսակցային…
Այսինքն այնպես, ինչպես իրենք են տեսնում, ինչպես իրենց կուսակցական միտքն ու դրա խզբզած գաղափարներն են տեսնում՝ առանց հաշվի առնելու նրանց ձայները, ովքեր չեն վստահել տվյալ ուժին. «Մենք ենք իշխանություն, ուրեմն և ամեն ինչ մերն է ու մեր կուսակցայինը»։
Հիմա պատկերացնենք, թե արդյունքում որքա՞ն արհեստավարժ, բարձրակարգ, բանիմաց, պիտանի ու բազմաշնորհ մարդիկ լուսանցքից դուրս կհայտնվեն։ Եվ հայտնվեցին… Շահեցին՝ կուսակցությունները, տուժեցին՝ երկիրն ու համընդհանուրը։ Որովհետև երկրի ու համընդհանուրի համար բոլոր կարևորագույն պահանջներում կարևորվեց իրենցը՝ նեղ-կուսակցայինն ու նեղ-անձնայինը։
Ու էսպես, բոլորիս աչքի առջև վերացվեց երբեմնի՝ «միջին խավ» ասվածն ու մեր իրականությունը կուսակցական ինքնագործունեության թատերաբեմերի վերածվեց։
Հանրային միջավայրը «մինչև ատամները» քաղաքականացվեց ու սկսվեց պառակտումը…
Կուսակցական գաղափարներին իբր զինվորագրված հազարավոր «երդվյալներ», որոնց շոշափելի հատվածներն էս կամ էն նեղանձնային նպատակներով էին զինվորագրվել,դարձան մեր հանրային կյանքի «օրենքներն ու դրանց կառավարիչները»։
Մինչ անկախությունը, հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, բազմաթիվ հեղինակավոր մարդիկ ունեինք.
- Անտեսվեցին ու անկարևորվեցին։
Միտումնավորություններ չկայի՞ն, չկա՞ն…
Կասեք մտածված չարվե՞ց, որ հանրության հետ մեն-մենակ մնալով՝ «սիրաշահեն ու հաջողեն»՝ ինչպես ու որքան ցանկանան։
Եվ որպես հանրության ընտրյալ-հեղինակություններ, ովքե՞ր պետք է ուղղորդեին ու առաջնորդեին հանրությանը, եթե միանձնյա առաջնորդն այլևս ինքը՝ կուսակցականությունն էր…
Մեր գլխին փշրված էսքանից հետո, գոնե հիմա, չարժե՞ հետևություններ անել…»։
Դիտեք նաև՝