▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է Հայաստանը աշխարհում 3-րդ տեղը զբաղեցնում աբորտների ցուցանիշով․ մեկնաբանում է փորձագետը

Փոքրիկ, անմեղ աղջիկներ, որոնք կարող էին սեր, նպատակ, հույզեր, ապագա ունենալ, փոխել մարդկանց կյանքերը, ճամփորդել, ինքնամոռաց պարել իրենց հարսանիքին, բայց․․․ Չեն կարող։ Չեն կարող, քանի որ դեռ չծնված նրանց «ծնողները» որոշել են, որ պետք է զրկեն փոքրիկներին ապրելու հնարավորությունից։

Մեր երկրում այս խնդիրը ծայրահեղ մտահոգիչ է։  Հայաստանը աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման ցուցանիշով՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո։ 

Օրեր առաջ «Financial Times» ամսագրում հրապարակվեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ  «Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում»  վերնագրով հոդվածը, որի հեղինակ Էնդրյու Ջեքը խոսում է այս  խնդիրի հիմնական պատճառների մասին։

Հեղինակը նշում է․ «Առանց մարդու միջամտության՝ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր նորածին 103-106 տղային բաժին է ընկնում 100 աղջիկ. բնությունը որոշակիորեն կարգավորում է այդ հավասարակշռությունը՝ հաշվի առնելով տղաների մանկական մահացության մեծ հավանականությունը: Այնուամենայնիվ, «տղա նախընտրող» հասարակություններում այս հարաբերակցությունը զգալիորեն խախտվում է: Այս տասնամյակի սկզբին Չինաստանում այդ ցուցանիշը դարձել էր 116 տղա՝ 100 աղջկա դիմաց: Նույնն է պատկերը Ադրբեջանում և Հայաստանում: 2000-ականների սկզբին Հայաստանում այդ ցուցանիշը գերազանցում էր 120/100 հարաբերակցությունը, իսկ այն զույգերի համար, ովքեր արդեն 3 աղջիկ ունեին, 4-րդ երեխայի հարաբերակցությունը հասել էր 177 տղա 100 աղջկա դիմաց: Գեղարքունիքի մարզում, որտեղ գտնվում է Գանձակը, 4-րդ երեխայի դեպքում տղաների թիվը գերազանցել է 200»։

 

Այս խնդրի շուրջ զրուցեցինք Վորլդ Վիժն Հայաստանի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի ղեկավար Սևան Պետրոսյանի հետ։

 

Ինչու՞ են մեր երկում հղիության արհեստական ընդհատման դեպքերը այսքան հաճախ տեղի ունենում

Հետազոտություններն են փաստում, որ աշխարհում հղիության արհեստական ընդհատման դեպքերը ենթադրում են հիմնական երեք գործոն, առաջինը՝ տեխնոլոգիաներն են, որոնք հնարավորություն են տալիս ճշտվի երեխայի սեռը, այսինքն՝ «Էխոն»։ Երկրորդը՝ ցածր ծնելությունն է։ Երրորդը՝ տղա երեխայի նախընտրությունն է։ Իմ կարծիքով՝ վերջինը ամենակարևոր գործոնն է, որի վրա պետք է աշխատել։ «Էխոն» հնարավոր չէ հանել, ընտանիքի իրավունքն է երեխայի սեռը իմանալը։

Տղա երեխայի նախընտրությունը մեզ մոտ բավականին արմատավորված է։ Եվ հետազոտությունները ցույց են տալիս, որ տղա երեխայի նախընտրության պատճառը սկսվում է նրանից, որ մարդիկ կարծում են, որ տղա երեխան կարող է շարունակել իրենց ցեղը, ծեր ժամանակ պահել իրենց և այլն, բանակի գործոնն էլ է կարևոր։ Սա ազգաբնակչության շրջանակներում կատարված հարցումների արդյունքն է,  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրման հետազոտության արդյունքները։

Վերջին 5 տարում Հայաստանում կատարվել է մոտավորապես 7200 սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում (սելեկտիվ աբորտ)։Ուսումնասիրութունները ցույց են տալիս, որ սեռով պայմանավորված հղիության արգեսատական ընդհատումներն ամենավառն են արտահայտվում  3-րդ եւ 4-րդ երեխայի դեպքում, քաղաքաբնակ, բարձրագույն կրթություն, բարձր եկամուտներ ունեցող (100,000 դրամ և ավելի) կանանց շրջանում: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հայ կանայք սելեկտիվ աբորտների են դիմում իրենց կամքով, առանց իրենց իրավունքների ու ազատության ոտնահարումների։

 

Նախ այդ թիվը, որ ասեցիք՝ 7200-ը, ես չգիտեմ ինչ թիվ է, դժվար է հասկանալ մարդիկ ինչու են գնում աբորտի։ Տեսեք ոնց են հաշվում։ Նայում ենք ծնված երեխաների թվին, աղջիկները՝ 100, տղաները պետք է լինեն՝ 105։ Հայստանում մենք սկսել ենք տղա երեխաների 116-117 թվից, այս տարի հասել է 110-ի։ Իսկ թե կանանց իրավունքները ոտնահարվում են այդ պրոցեսում, թե ոչ, այդպես միանշանակ հնարավոր չէ ասել։ Հայրիշխանական համակարգը՝ միջավայրը որի մեջ մենք ապրում ենք ու որի մեջ մտնում է տղա երեխայի նախընտրելիությունը, ազդում է բոլորիս վրա։ Հայրիշխանական եմ նաև ես, միգուցե ձեզնից մի քիչ պակաս, քանի որ կին եմ և ֆեմինիստ եմ։ 

Հիմա դուք պատկերացրեք մի կին, որին ամբողջ կյանքում թվացել է, և ինձ էլ է միգուցե թվացել, որ տղա երեխա ունենալը, կամ տղա լինելը ավելի ձեռնտու ու շահավետ է։ Կինը պետք է բավականին փուլեր անցնի, հավատամքներ փոխի, որպեսզի այդպես չմտածի, կամ եթե նույնիսկ այդպես է մտածում, ապա կարողանա դեմ գնա իր նահապետական ընտանիքին։ Անընդհատ ասում ենք, եթե մի ընտանիքում երեք հարս կա, տղա ունեցող հարսի գլուխը ավելի բարձր է․ սա օդից բերված խոսք չէ։ Ես գիտեմ, որ դուք մեղադրել բառը չօգտագործեցիք ձեր հարցի մեջ, ասեմ՝ առհասարակ կանանց մեջ մեղավոր փնտրելը ինձ չափազանց վտանգավոր է թվում։

Քանի որ կանանց իրավունքներն անընդհատ ոտնահարվում են ամբողջ աշխարհում, անշուշտ նաև Հայաստանում, դրա համար մեզ մոտ կա տղա երեխա ունենալու նախընտրելիության խնդիրը, դրա համար մայրերը ուզում են ունենալ տղա երեխա, որովհետև աղջիկ, կին լինելը նախընտրելի չէ ոչ մեկի համար։ Իսկ երբ կինը գնում է աբորտի, արդյո՞ք նրան զոռով են ուղարկում, անշուշտ ո՛չ, շատ կանայք կան, որ ամուսիններին անգամ տեղյակ չեն պահում և գնում են աղջիկ երեխային հանելու։

 

Մեր երկրում առկա սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խիստ մտահոգիչ խնդիրը այնքան է արմատավորված, որ անցած տարվա հուլիսին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց խնդիրը կարգավորող օրենք։ Սակայն վերջին օրերին հրապարակված ծնելիության ցուցանիշները խոսում են բոլորվին այլ պատկերի մասին։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայելեր են պետք այս խնդրի դեմ պայքարելու համար, ի՞նչ ճանապահարհներ եք տեսնում։

Դուք նշեցիք օրենսդրական փոփոխությունների մասին։

Այստեղ մի նուրբ խնդիր կա։ Մինչև 12 շաբաթը կինը կարող է աբորտ անել, բժիշկը պարտավոր է կնոջ իրավունքներին ու կամքին ենթարկվել։ Այժմ ինչն է փոխվել, բժիշկը պետք է կնոջ հետ հղիության արհեստական ընդհատման հետևանքների մասին նախազգուշացնի, մտածելու ու որոշում կայացնելու համարերեք իր ժամանակ տա։ Եթե կինը իր որոշումը չփոխի ու դեռ մնա 12 շաբաթվա շրջանակներում, աբորտը պետք է արվի։ Սա է փոխվել միայն օրենքով։

Կինը այս համակարգի զոհն է։ Մենք կնոջ վրա ենք փորձում դնել այս խնդրի լուծումը, սակայն կանայք չեն այս երևույթի մեղավորները։ Իմ կարծիքով այս հարցը լուծելու համար տղա երեխաների նախընտրելիությանը պետք է թիրախավորել, արժեհամակարգային փոփոխություններ են պետք, ինչը դանդաղ է, թանկ է ու արդյունքը կարող են շատ ուշ տեսնել։ Այսօրվա իշխանությանը դա պետք չի։ Ամենուր առնականության գովեստ ու քարոզ է, իհարկե պատերազմական իրավիճակն էլ է նպաստում այս ամենին։

Քանի դեռ ունենք այս պատկերը հղիության արհեստական ընդհատումները շարունակվելու են։ Մի կարևոր հանգամանք էլ կա, նախկինում շատ հեշտ էր կնոջից իմանալ՝ որքան աբորտ է արել և ինչի համար։ Վերջին տարիների պրոպագանդայից հետո, որ աբորտը վատ է, սելեկտիվ աբորտը ավելի վատ, կանայք այլևս չեն խոսում, երևույթը թաքնվում է։

Այս հարցը կլուծվի միայն աղջիկ երեխայի հավասար արժևորման դեպքում։ Սա ժողովրդագրական սպանալիք է,  վաղը մեր ազգում կանայք ավելի քիչ են լինելու, Այս երևույթը մեր դեմքին շփացրեց այն գենդերային կարծրատիպերն ու խտրականությունը, որ մեր հասարակության մեջ կուտակվել էր դարերով։

 

 

Որպես վերջաբան կցանկանայինք հավելել, որ երեխայի սեռը պայմանավորված է հենց տղամարդու կողմից տրամադրված քրոմոսոմի գործոնով, քանի որ կանանց օրգանիզմը տալիս է միայն X քրոմոսոմ: Իգական սեռի երեխա ունենալու համար երկու քրոմոսոմն էլ պետք է լինեն X, իսկ արական սեռի երեխա ունենալու համար հարկավոր է XY քրոմոսոմների կոմբինացիան։

Այսպիսով` կարող ենք փաստել, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքում հենց տղամարդիկ են «մեղավոր», որ երեխան իրենց համար ոչ նախընտրելի սեռի է։

 

Նյութը պատրաստեց Հովհաննես Եսայանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին