«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը կալանավայրում դադարեցրել է 13 օր շարունակվող հացադուլը: Պատճառը առողջական խնդիրն ու թիմակիցների հորդորն է եղել: «Նա բուժվում էր նախաինֆարկտային վիճակից դուրս գալու համար, բայց հացադուլի ժամանակ դադարեցրել էր դեղերի ընդունումը, ինչը չի թույլատրվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ ընթերցելով Եղնուկյանի հայտարարությունը.
«Իշխանությունների կողմից իմ նկատմամբ արդեն 5-րդ տարին իրականացվող քաղաքական հալածանքը ունի խորը արմատներ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող իմ եռահարկ շինությունը անվճար տրամադրեցի Հիմնադիր խորհրադարանին և բոլոր այլ քաղաքացիական շարժումներին, ովքեր դրա կարիքն ունեցել են: Ավելին, ես սկսեցի ակտիվ մասնակցություն ունենալ մի շարք քաղաքացիական նախաձեռնություններին, ինչը բնականաբար դուր չէր գալիս իշխանություններին:
Մաշտոցի պուրակի և «Ծածկած շուկա»-ի հետ կապված քաղաքացիական նախաձեռնություններից հետո իրական հալածանքներ սկսվեցին իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ: Մի քանի օրվա ընթացքում երկու անգամ հարձակումներ եղան իմ երկու մեքենաների վրա, մի դեպքում դանակով պատառոտեցին չորս անվադողերը, մյուս դեպքում երկաթյա ծանր ձողով կոտրեցին մյուս մեքենայիս շարժիչի ծածկոցը և հայելիները: Հիմնադիր խորհրդարանին անդամակցելու համար հրկիզվեց իմ 3-րդ մեքենան, իսկ Բերձորի ահաբեկչությունների ժամանակ հիմնովին ջարդվեցին երեք մեքենաներս:
Ավելի քան մեկ ամիս իմ լուսանկարով մեծ պաստառը՝ ատելություն, խտրականություն, թշնամանք, բռնություն հրահրող մակագրություններով փակցված մնաց Երևանի կենտրոնում «Ծածկած Շուկա»-ի ամենատեսանելի մասում: Չնայած իմ բազմաթիվ բողոքներին ոչ մի պաշտոնյա չմիջամտեց այս ակնհայտ անօրինությանը և իշխանությունների կողմից հանցավոր անգործություն դրսևորվեց: Նույն ժամանակաընթացքում ինձ և ընտանիքիս անդամներին բազմաթիվ անգամներ հետապնդել են՝ վախի մթնոլորտ սերմանելու նպատակով:
Այսպիսով արդեն երկար ժամանակ է իշխանությունները պատրվակ էին փնտրում ազատվել ինձանից՝ չկա անձը, չկա նաև պրոբլեմը թեզիսի համաձայն: Եվ, քանի որ ես որևէ սև գործերի կամ ֆինանսական մութ պատմությունների մեջ խառնված չեմ եղել, իշխանությունների համար դժվար էր ինձ մեկուսացնել կամ սահմանափակել: «Սասնա ծռեր»-ի գործողությունները առիթ հանդիսացան ինձ մեկուսացնելու և պատժելու համար: Ինձ կեղծ և շինծու մեղադրանք առաջադրեցին: Քանի որ որևէ հանցավոր արարք ես չէի կատարել, ինձ մեղադրեցին հավաքի ժամանակ տեղեկատվություն հրապարակելու, համացանցով տեղեկություններ տարածելու, հանրահավաք կազմակերպելու և ռադիոկապով ապահովել ձգտելու մեջ: Չնայած ինձ նման արարքներ մեղսագրեցին, սակայն նախաքննական մարմինը որևէ ապացույց այդպես էլ չկարողացավ ներկայացնել:
Ինձ մեղադրում են ոստիկան պատանդներին պահելուն աջակցելու մեջ, սակայն «Սասնա Ծռեր»-ից որևէ մեկին ոստիկան պատանդներին պահելու մեջ չեն մեղադրել: Ինձ մեղադրում են զավթած շենք շինությունները պահելուն օժանդակելու մեջ, սակայն երբ «Սասնա Ծռեր»-ի տղաները զենքերը վայր դրեցին և շինությունները ազատեցին, նրանց ոչ մեկին չմեղադրեցին նման մեղադրանքով: Փաստորեն հանցագործություն կատարողները չկան, սակայն ինձ մեղադրում են գոյություն չունեցող հանցագործներին օժանդակելու մեջ: Վերջերս ՀՀ Նախագահը նեղ շրջապատում իմ կարգավիճակի հետ կապված շփումների ժամանակ հայտարարել է, որ ես սպառնում եմ ազգային անվտանգությանը: Եթե կա նման ենթադրություն անելու որևէ թեկուզև աննշան հիմք, ապա թող բոլոր հիմքերը հրապարակվեն, եթե ոչ, նշանակում է, որ Նախագահը անձնական վրեժխնդրություն է դրսևորում:
Բացի այն, որ Նախագահը խախտում է անմեղության կանխավարկածը, նա ինձ պատժելով վրեժխնդիր է լինում նաև եղբորիցս, ով «հանդգնել էր» մի քանի տարի առաջ Նյու-Յորքում, Կոլումբիայի համալսարանում քննադատել Նախագահին քաղբանտարկյալների մասով: Այստեղ Նախագահը ևս խախտել էր անմեղության կանխավարկածը և դեռ դատաքննությունը չավարտված ասել էր, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել: Այս ամենից հետո ավելի քան անհասկանալի է ԱՄՆ դեսպանի դիրքորոշումը, ով ներկայացնում է ԱՄՆ կառավարությանը: Ես դեսպանին բազմիցս խնդրել եմ, որ նա հայտարարությամբ հանդես գա՝ դատապարտելով, որ Հայաստանում չարաշահվում է նախնական կալանքը, այդ թվում նաև իմ նկատմամբ: Ես չէի ցանկանում, որ Դեսպանը իմ անմեղության մասին հայտարարություն անի, այլ բացառապես նախնական կալանքի: Ի դեպ այս մասին արդեն ԱՄՆ պետական դեպարտամենտը Հայաստանի մասին իր տարեկան զեկույցում արդեն նշել էր: Իր հերթին էլ դեսպանը ինձ ուղղված նամակում ևս նշել էր այս մասին»:
Տիգրան Հայրապետյանը հայտնեց նաև, որ հիմա քննիչի դեմ տեսակցություններն արգելելու բողոք է ներկայացվելու.
«Եղնուկյանը շատ է կապված ընտանիքի անդամների հետ և իր կարծիքով նրանց տեսնելն արգելելը անմարդկային է: Ավելին, այդ սահմանափակումն օրենքով չէ, ինչին որ հղում արել էին՝ անորոշ է: Ու այս բողոքը կհասնի նաև Եվրոպական դատարան»,-նկատեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու մեջ։ Հոկտեմբերի 6-ին դատարանը մերժեց նրան՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Եղնուկյանը միջնորդություն էր ներկայացրել՝ առաջարկելով շուրջ 1 միլիոն դոլար գրավ, ինչպես նաև երաշխավորագրեր պատգամավորներից, նախկին օմբուդսմեններից, մտավորականներից, առ այն, որ ազատության մեջ հայտնվելով չի թաքնվի նախաքննությունից, սակայն դատարանը մերժեց այն։
Անի Կարապետյան