PR, PR, PR մինչև վերջ
Այս էլ որերորդ անգամ է, Արդարադատության նախարար Հովիկ Մանուկյանի PR ակցիաները հասնում են ծայրահեղության: Վերջինիս էջ մտնելով՝ կարելի է զարմանալ՝ այս ինչքան պետք է մարդ ինքնասիրահարված լինի, որ անկարևորն այնպես ներկայացնի, որ կարդացողին թվա՝ հույժ կարևոր ինչ-որ դեպք է տեղի ունեցել, կամ, ինչքան պետք է մարդ ինքնամեծարման բարդույթ ունենա, որ իրական կամ կեղծ «պրոֆիլների» միջոցով Հովիկ Մանուկյանին գովերգող հայտարարությունները տարածի:
Տպավորություն է, որ ինքը ոչ թե արդեն համեստությության, այլ մանկամտության համատեքստում է տարածում դրանք: Սա իրականում աննախադեպ երևույթ է՝ գոնե այս աստիճանի ինքնագովերգելու տեսակետից: Անկասկած, ժամանակն է, որ վարչապետն իր սիրելի նախարարներին աշխատելու կոչ անի, որպեսզի վերջիններս հոգեցունց ստատուսներ քիչ տարածեն՝ ֆեյսբուքյան դոն կիխոտներ իսկական: Նույն շենքում երկու կառույց են տեղակայում, այնպես են դա ներկայացնում, կարծես մի շարժումով արդարադատության համակարգ են կառուցում, կաշառակերությունն արմատախիլ անում, բա եղա՞վ, գործ արեք, մենք ձեզնից շատ ձեզ կգովենք, թե չէ իսկական խնդիրը թողած՝ տուն-տունիկ եք խաղում:
Աշոտյանին էինք բան ասում ֆեյսբուքային նախարար լինելու համար, բայց նույնիսկ նա այս աստիճան ինքնասիրահարված, ինքնամոռաց սեփական PR-ով չի զբաղվել: Փոխարենը նույն Հ. Մանուկյանին մենք երբեք չենք տեսել իր գաղափարները հստակորեն շարադրելիս ու պաշտպանելիս՝ ի տարբերություն նույնիսկ տխրահռչակ Հրայր Թովմասյանի:
Այսինքն, այսքան ժամանակ Հովիկ Մանուկյան Արդարադատոթյան նախարարին չենք տեսել, փոխարենը տեսել ենք փոխնախարարներին, որոնք գուցե լավ են աշխատում, սակայն նույնիսկ այդ աշխատանքն առոչինչ է, եթե նախարարն ինքը չի աշխատում, եղած էներգիան էլ սեփական ֆեյսբուքյան էջի վրա է վատնում: Մշտապես խուսանավում և միայն նախապես որոշված PR արշավներին է մասնակցում: Ի դեպ, տարօրինակ է, քանի որ ինչպես հայտնի է, Հ. Մանուկյանին հենց Դավիթ Հարությունյանն է բերել, մտերիմ ընկերներ են, սակայն նույն Դ. Հարությունյանն անգամ նման պարզունակ բաներ չի անում:
Ի դեպ, Հ. Մանուկյանն ավելի լավ կաներ՝ կարգավորեր ԴԱՀԿ-ի և քրեակատարողական հիմնարկների վիճակը, դե իսկ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի՝ Միհրան Պողոսյանի հետ ունեցած խրթին հարաբերությունների մասին խոսակցություններն արդեն կառավարության պատերից դուրս էլ է լսվում: Այժմ նայենք այն համատեքստում, թե ումով է շրջապատված վարչապետը, և ինչու են նրա դիրքերը թույլ:
Հ. Աբրահամյանի դիրքերը թույլ են, որովհետև շրջպատված է ծայրահեղ վարկաբեկված անձանցով՝ մականունավոր հանցագործ օլիգարխներով և այսպես՝ անդեմ ինքնաPRվող դեմքերով, սեփական խաղը տանող իր հետ թիմ չկազմող անձանցով, ու վաղը, եթե Կառավարությունը հրաժարական տա, ոչ մեկ չի ափսոսա, ոչ մեկ չի ասի՝ այս ինչը գոնե մնար:
Վերջապես, Կառավարությունն ԱԺ չէ, այստեղ Հովիկ Աբրահամյանը չի կարողանում մանկապարտեզի վարիչի դերն ըստ արժանվույն խաղալ:
Գրիգորի Թովմասյան