▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական «ծանր ռեքվիեմն» ու «Նաիրի» ռոք խմբի ամբիցիաները

Եղեռնի զոհերի 100-ամյա հիշատակին նվիրված միջոցառումների շարքում առանձնացավ ապրիլի 16-ին «Նաիրի» ռոք խմբի կազմակերպած համերգ-շնորհանդեսը: Համերգ-շնորհանդեսն աննախադեպ էր իր տեսակի մեջ, քանի որ խմբի նոր` «Genocide» ալբոմը չէր վաճառվում, այլ յուրաքանչյուր ոք կարող էր ձեռք բերել այն «Ուլիխանյան» ակումբում, որտեղ և կազմակերպվել էր համերգը: Խմբի հայկական մոտիվներով ծանր երաժշտությունը ամբողջ համերգի ժամանակ ուղեկցվում էր կազմակերպված վիդեո-շոուով, որի հիմնական մոտիվը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված հայերի ջարդերն էին:
Խմբի նոր ալբոմի, կազմակերպված համերգի և հետագա ծրագրերի հետ կապված մեկնաբանություններ ստանալու համար «Նաիրի» ռոք խմբի հիմնադիր, վոկալիստ Արտաշ Դարբինյանը պատասխանեց մեր մի քանի հարցերին:


-Արտաշ, պատմիր «Genocide» ալբոմի ստեղծման մասին և մեկնաբանիր՝ ինչու՞ հենց Հայկական «ծանր ռեքվիեմն» անունը ստացավ Եղեռնի զոհերի 100-ամյա հիշատակին նվիրված ստեղծագործությունը:
-Նախ ուզում եմ նշել, որ Հայոց Մեծ Եղեռնի թեմայով վաղուց ցանկանում էինք ինչ-որ բան ստեղծագործել և հենց զոհերի 100-ամյակի հիշատակը մոտիվացրեց մեզ: Երաժշտությունն ու բառերը ես եմ գրել: Սկզբում կանգնած էի մի խնդրի առաջ՝ ինչ լեզվով գրել երգի բառերը: Եվ քանի որ մեր առաջ խնդիր կա դրած, մեր ասելով նկատի ունեմ հայերիս, միջազգային ճանաչման հասցնել հայոց ողբերգությունը, որոշեցի այն գրել անգլերեն: Heavy requiem անունը ստացավ, որովհետև գործը ստեղծելուց ներառել ենք թե ՛ ծանր ռոքի, թե ՛ դասական երաժշտության տարրեր, անգամ սիմֆոնիկ գործիքավորում և երգչախումբ:
-Իսկ ի՞նչ կպատմեք համերգի մասին:
-Մենք ժամանակ առ ժամանակ համերգներ ենք ունենում տարբեր վայրերում, մեծամասամաբ հենց «Ուլիխանյան» ակումբում, բայց որպես փոքր գաղտնիք հայտնեմ, որ մոտ ժամանակներս ցանկանում ենք մեծ համերգ կազմակերպել, բայց չեմ ցանկանում ավել խաղաքարտեր բացել (ծիծաղում է): Իսկ ապրիլի 16-ի համերգի հետ կապված կարող եմ ասել, որ բավականին մեծ քանակի հանդիսատես ունեինք, շատերը հետաքրքրված էին հենց նոր ալբոմով, և մենք ստիպված էինք ակումբում դրված սկավառակների ցուցատախտակը մի քանի անգամ թարմացնել:
-Ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք, բացի ձեր նշած համերգից այլ նախագծեր կա՞ն:
-Իհարկե ունենք: Հունիսի 16-ին լրանում է մեր «Cross stone» ալբոմի ստեղծման 5 տարին, որի կապակացության կազմակերպվելու է համերգ: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք հետևել մեզ սոցիալական ցանցերում:
-Շնորհակալություն, Արտաշ, մեր հարցերին պատասխանելու համար, և վերջում ի՞նչ կասեք վերջին շրջանում ռոք երաժշտության լայն քննարկումների վերաբերյալ:
-Բավականին գովելի է, որ տարեցտարի հայ երիտասարդությունը հետաքրքրվում է ռոքով: Այս տարի տեղի ունեցավ մի պատմական համերգ, որը կարող ենք բեկումնային համարել հայ ռոք, ինչու չէ նաև էստրադային ինդուստրիայի համար: Իհարկե խոսքը աշխարահռչակ «System of a down» համերգի մասին է: Վստահ եմ, որ ապագայում ռոք երաժշտության պահանջարկը ավելի շատ կլինի մեր երաժշտասեր հանրության համար:

Հարցազրույցը կազմեց Հովհաննես Եսայանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին