▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի նման աշխարհագրական դիրք ունեցող երկրի համար ամենաթանկ կապիտալը մարդն է

Հայաստանից այսօր շատերն են մեկնում, շատերն էլ առաջին իսկ հնարավորության դեպքում կհավաքեն ճամպրուկներն ու կմեկնեն անդարձ: Արտագաղթի պատճառները ոչ մեկի համար գաղտնիք չեն՝ չկա աշխատանք, չկա ապրելու հնարավորություն, երկրի բնակչությունն էլ տարեցտարի սեփական մաշկի վրա է զգում, թե որքան շռայլ հաճույք է Հայաստանում միջին կենսամակարդակով ապրելը: Գյուղերն ու քաղաքները դատարկվում են՝ վաղվա օրվա նկատմամբ կորցրած հավատով: Ըստ տարբեր տվյալների՝ վերջին մի քանի տարիների ընթացքում, Հայաստանից հեռացել է ավելի քան 200 հազար քաղաքացի: Իսկ եթե նույն տեմպերը շարունակվեն, ապա մի քանի տարի հետո Հայաստանը կանգնած կլինի մարդկային կապիտալի սովի առաջ: Ի՞նչ է պետք այս աղետից խուսափելու համար, առաջին հերթին իշխանության կողմից անկեծություն՝ սեփական ազգի նկատմամբ, որը բացակայում է: Նախորդ տարի ԵՄ-ը Հայաստանին տրամադրեց 1 միլիոն եվրո՝ արտագաղթը կանխելու համար: Ու՞ր է հաշվետվությունը, որքանո՞վ այդ ծրագիրը զսպաշապիկ դարձավ արտագաղթի տեմպերը թուլացնելու հարցում: Եթե 1 միլիոն եվրո ստանալուց հետո 2013-ին ավելի շատ մարդ պետք է արտագաղթեր Հայաստանից, քան 2012-ին՝ ուրեմն մեզ պետք չեն այդ դրամաշնորհներն ու ծրագրերը: Եթե կառավարությունը հա պետք է հայտարարի, որ արտագաղթը կանխելու ուղղությամբ ռազմավարություն է մշակում, որին հակառակ ահագնացող չափերի է հասնում արտագաղթի տեմպերը՝ ուրեմն մեզ պետք չեն այդպիսի մտահաղացումները: Փրկության դարմանը մեր ձեռքում է, մեր մտածողության մեջ. իրավիճակը կլինի անշտկելի այնքան ժամանակ, քանի դեռ վերևից ներքև բոլորն անխտիր չեն գիտակցել, որ Հայաստանի նման աշխարհագրական դիրք ունեցող երկրի համար ամենաթանկ կապիտալը մարդն է:

Մարտիկ Իսախանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին