Ռուսերենը նախկին Խորհրդային միության անդամ երկրներում պետք է օրենդրական կարգավիճակ ստանա: Այս մասին հայտարարել է ռուսաստանցի դիվանագետ, ՌԴ ԱԳՆ հատուկ գործերով բանագնաց Էլեոնորա Միտրոֆանովան:
Նրա խոսքով՝ ռուսերենի իրավական կարգավիճակի ամրագրումը հարևան երկրների սահմանադրություններում Մոսկվայի առաջնահերթ խնդիրներից է.
«Երիտասարդությունը մոռանում է ռուսերենը: ԱՊՀ երկրների 138 մլն բնակչությունից ռուսերեն է խոսում միայն 61 մլն-ը, 36.9 մլն-ը պասիվ կրող է, 35.6 մլն-ը լեզվին չի տիրապետում»,-ասել է նա:
«Չեմ հասկանում այս հայտարարության տրամաբանությունը, եթե չընդունենք որպես նեոիմպերիալիզմի դրսևորում: Հայաստանի համար սա անընդունելի է, որովհետև այստեղ ռուսները չնչին տոկոս են կազմում:
Մեր երկիրը կատարում է միջազգային փաստաթղթերով սահմանված պարտավորությունները՝ ազգային փոքրամասնություններին աջակցելու առումով: Ավելին, մեզ մոտ այսօր ռուսերենը դասավանդվում է բոլոր դպրոցներում և կարծես թե դասաժամերն ի տարբերություն անգլերենի՝ ավելի շատ են:
Օրինակ՝ ես կկրճատեի այդ ժամերն ու անգլերենին կտայի, որովհետև ակնհայտ է՝ անգլերենի իմացությունն ավելի լուրջ, ծավալուն գիտական նյութերից օգտվելու հնարավորություն է տալիս: Պետք է հասկանալ, եթե նախկին սովետական երկրներից դուրս եկար, ռուսերենն էլ պետք չէ, իսկ անգլերենով նույնիսկ այդ տարածքում կարող ես «յոլլա» գնալ: Աշխարհի որ ծայրն էլ գնաս, եթե անգլերենը գիտես, նշանակում է ձեռք ու ոտք ունես:
Ռուսերենը եղել ու մնում է օտար լեզու ու որևէ կարգավիճակ, այն էլ՝ երկրորդ պետական լեզվի, չի կարող ստանալ»,-Asekose,am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դիվանագետ Արա Պապյանը՝ հավելելով.
«Ի դեպ, պետական լեզու կամ երկրորդ պետական լեզու հասկացությունը ոչ բոլոր երկրների համար է: Քչերը գիտեն, որ անգլերենը որևէ փասատթղթով հայտարարված չէ որպես ԱՄՆ պետական լեզու: Լեզուն ժողովրդի կողմից ընդունելի է լինում, կամ՝ ոչ: Հիմնական չափորոշիչը դրա օգտակարությունը, պիտանելիությունն է»:
Անի Կարապետյան