«Գյումրի-Վանաձոր մայրուղուց մի քանի մետր այն կողմ՝ Շիրակ գերեզմանատանը հուղարկավորություններ են կատարվում:
Այլ կերպ ասած, հուղարկավորություններն արվում են մայրուղու անմիջական հարևանությամբ, քանի որ վաղուց սպառվել է այն հողատարածքը, որն օգտագործվում էր այդ նպատակով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Շիրակ գյուղի համայնքապետ Խորեն Հարությունյանը: Խնդիրն առկա է արդեն մի քանի տարի, սակայն, ինչպես ստեղծված իրավիճակից է երևում՝ պատկան մարմինների մտքով անգամ չի անցնում համապատասխան քայլեր ձեռնարկել: 1970-ականներին Շիրակի մարզի Շիրակ գյուղի վարչական տարածքից շուրջ 20 հա տարածք հատկացվել է Գյումրուն, որ հուղարկավորություններ կատարվեն: Շիրակի գյուղապետն ասում է, որ տարիների ընթացքում հուղարկավորությունների համար հատկացվող հողատարածքն ընդլայնվել ու կրկնապատկվել է՝ դառնալով 40 հա, սակայն լրացուցիչ 20 հեկտարն օրինական ճանապարհով ձեռք չի բերվել Գյումրու քաղաքապետարանի կողմից: Հուղարկավորություններն այժմ իրականացվում են Շիրակի արոտավայրերում, ինչպես նաև մայրուղուց 4-5 մետր այս կողմ: «Գերեզմանի մեջ էլ տեղ չկա, մարդկանց ուրտեղ հարմար է, ընդեղ էլ կթաղեն: Օրինական տված 20 հեկտարն էլ է վերջացել, անօրինական վերցրած 20 հեկտարն էլ է վերջացել, արոտավայրերը լրիվ օգտագործել են»,- ասում է Խորեն Հարությունյանը: Գյուղապետը տեղեկացնում է, որ համայնքը չունի ռեսուրս՝ հուղարկավորությունների համար տարածք տրամադրելու նպատակով: Անօրինական վերցված 20 հա տարածքի խնդիրը դատական ատյաններում վիճարկելու ցանկություն չունի, միայն ցանկանում է դադարեցնել անօրինական հուղարկավորությունների գործընթացը: «Դատարան որ դիմեմ, ի՞նչ են անելու: Գալու են մեռելներին հանե՞ն, տանե՞ն»,- հարցնում է գյուղապետը: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Զորիկ Կարապետյանն Armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ սկսել են քայլեր ձեռնարկել, Գյումրու քաղաքապետարանին մի քանի տարբերակներ են առաջարկել: «Գյումրու քաղաքապետարանին առաջարկել ենք, որ վերցնի նույն գերեզմանատան արևելյան հատված ձգվող 10 հեկտար տարածքը, որին դեմ չէ նաև Շիրակի համայնքապետը: Այդ տարածքում ներդրումների խնդիր կա, պետք է հարթեցնել, քարերը հեռացնել, որը կարող է որպես գերեզմանատան շարունակություն օգտագործվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: