Երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը, ԱԺ ոչ իշխանական ուժերը, հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շտապեցին հայտարարել, թե Հայաստանում այսօր առկա չէ սահմանադրական ճգնաժամ եւ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չկա: ԲՀԿ ներկայացուցիչները իշխանության առաջադրած սահմանադրական բարեփոխումների օրակարգը որակեցին որպես կեղծ օրակարգ` ընդգծելով, որ հրապարակ նետելով այս գաղափարը` փորձ է արվում ժողովրդի ու քաղաքական ուժերի ուշադրությունը շեղել շատ ավելի կարեւոր ու հրատապ քաղաքական խնդիրներից:
Իրականում ԲՀԿ-ի բոլոր այս պնդումները ճշմարտությունից հեռու չէին, խնդիրն այն է, սակայն, որ այսօր հենց նույն ԲՀԿ-ականներն իրենք են ձեռնամուխ եղել իշխանությունների ծրագրած` ժողովրդի ուշադրությունը շեղելու գործընթացի սպասարկմանը` սահմանադրական բարեփոխումների` մինչ այս կեղծ որակված խնդիրը բերելով հանրային քննարկման առաջնային օրակարգ: Համենայնդեպս` ԱԺ ոչ իշխանական եռյակի մարզային հավաքների ընթացքում հնչած ելույթների բովանդակության առյուծի բաժինը նվիրված է հենց սահմանադրական բարեփոխումների խնդրին: Արդյունքում` ստացվում է, որ ոչ իշխանական եռյակը կամա թե ակամա սպասարկում է իշխանության շահերը եւ իրագործում Սերժ Սարգսյանի գծած սցենարը:
Սակայն եթե ոչ իշխանական ուժերն իրապես ցանկանում են հասնել երկրում համակարգային փոփոխությունների` ապա բացի սահմանադրական բարեփոխումներից (ինչը եռյակը մերժում է), բացի երկար ժամանակ եւ մեծ ջանքեր պահանջող օրենսդրական փոփոխություններից, կա մեկ ճանապարհ. դա իշխանափոխությունն է, որի պահանջը, սակայն, եռյակն այդպես էլ չի առաջադրում: Ընդ որում ընդգծենք, որ այս իրավիճակում «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի` առանձին գործիչների շուրթերով հնչեցված հայտարարությունները հաշիվ չեն, քանզի գաղտնիք չէ, որ գործընթացների ուղղությունը որոշողը ԲՀԿ-ն է:
Ուստի` եթե Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում հայտնվել պարտվողի դերում` նա առանց հապաղելու պետք է կայացնի իշխանության հրաժարականը պահանջելու որոշում` չընկրկելով դրա արդյունքում իր բիզնեսների վրա գործադրվելիք հնարավոր ճնշումների վտանգից: Հակառակ պարագայում` եթե Ծառուկյանը հապաղի, Սերժ Սարգսյանը հաղթելու է` անկախ այն բանից` կիրագործվեն սահմանադրական բարեփոխումները, թե ոչ: Առաջին դեպքում նա կդառնա ԱԺ նախագահ` նոր սահմանադրությամբ վերապահված հսկայական լիազորություններով, իսկ սահմանադրական բարեփոխումները չհաջողելու դեպքում էլ` կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Ի վերջո, ոչ ոք չի կարող ասել, որ անգամ գործող Սահմանադրությամբ` լինելով ՀՀԿ ղեկավարը եւ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը` Սերժ Սարգսյանը կկորցնի ներկայում ունեցած իշխանական լծակները:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում