▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

First Armenian Front-ն ու Red Eagles-ը վերջնաժամկետ են տվել ՀՖՖ-ին

First Armenian Front և Red Eagles ֆուտբոլային ֆան ակումբները համատեղ հայտարարություն են տարածել. «Վերջին օրերի ընթացքում մի քանի անգամ փորձել ենք ըստ գործող ընթացակարգի պայմանավորվածության` ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա` Հայաստան - Ֆարերյան Կղզիներ հանդիպման տոմսերը, սակայն համապատասխան աշխատակիցը մեզ տվել է խուսափողական պատասխաններ և մինչ այժմ չունենք ինֆորմացիա այն մասին, թե ինչպես Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆան շարժումները կարող են ձեռք բերել այն տրիբունաների սեկցիաների տոմսերը, որտեղ մշտապես տեղակայվում են։
Տեղեկացնում ենք, որ այս պահին տոմսերի գնման օնլայն հարթակում թե՛ FAF-ի, թե՛ Red Eagles-ի սեկցիաների տոմսերը ամրագրված կարգավիճակ ունեն և հասանելի չեն վաճառքի համար։
Հորդորում ենք ՀՖՖ ղեկավարությանը զերծ մնալ հին բարքերը հիշեցնող գործելակերպից, մենք մարզադաշտից ազգային հավաքականին աջակցել ենք ձեր պաշտոնավարումից շատ ավելի վաղ ու աջակցելու ենք ձեզանից հետո։
Անկախ խոչնդոտներից FAF-ը և Red Eagles-ը լինելու են իրենց մշտական տրիբունաներում և եթե ՀՖՖ-ն որոշում կայացնի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը հանել ազատ վաճառքի, հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին։
Հանրային կերպով դիմում ենք ՀՖՖ-ին` ակնկալում վաղը ժամը մինչև 12:00, հստակ պատասխան ստանալ մեր ավանդական սեկցիայի տոմսերի ձեռք բերման մասին»։

***

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հիմնադիր Տիգրան Քեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպիսի իրավիճակում ակնհայտ է, որ երկրպագուների և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) միջև առկա է անընդունելի, անբարյացակամ հարաբերություն, որը վկայում է երկխոսության և համատեղ աշխատանքի պակասի մասին: Երբ ազգային հավաքականի երկրպագուները, հատկապես ֆան շարժումները, փորձում են ձեռք բերել տոմսեր իրենց սեկցիաների համար և հանդիպում են խոչընդոտների, դա ցույց է տալիս, որ ՀՖՖ-ի որոշումների թափանցիկությունը և երկրպագուների հանդեպ վերաբերմունքը խնդրահարույց է:
Ֆուտբոլը միայն խաղ չէ. այն միավորում է երկրպագուներին, ովքեր պատրաստ են իրենց ժամանակն ու էներգիան նվիրել հավաքականին աջակցելու համար: ՀՖՖ-ն, լինելով կառույց, որը կոչված է աջակցելու և զարգացնելու ֆուտբոլը, պետք է գնահատի և հարգի ֆան շարժումները, որոնք ամուր հենարան են կազմում թիմի համար:
Հորդորում եմ, որ ՀՖՖ-ն վերանայի իր մոտեցումը երկրպագուների հանդեպ, հատկապես նրանց, ովքեր տարիներ շարունակ աջակցել են հավաքականին, անկախ ղեկավարության փոփոխություններից կամ տնտեսական խնդիրներից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին