ԱԺ քառօրյային այսօր 2017թ. պետական բյուջեի՝ լրամշակված նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հարց ուղղելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, նշեց. «Ձեր ներկայացրած ծրագիրը բացարձակ ադեկվատ չէ այսօրվա իրավիճակին: Ներկայացնում եք գյուղի, դպրոցի թվեր: Ախր, բյուջեի իմաստը դա չէ, բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, քաղաքական լուծումներ պետք է առաջակի, իսկ դուք տնտեսության հիվանդ կողմերին չեք անդրադառնում՝ կոռուպցիա, մենաշնորհ...
Ո՞րն է ձեր կոնցեպտը, չկա այն: Դուք ինչո՞վ եք տարբերվում նախորդ կառավարություններից: Չէ՞ որ իրավիճակը ճգնաժամային է, ո՞րն է ձեր տարբերությունը նախորդ կառավարությունից: Հիվանդ տնտեսության դեղատոմսը բերե՞լ եք»:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայնվեց, որ բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, բայց գործիք էլ է. «Ձեր նշած խնդիրների մասին մենք ներկայացել ենք մեր մոտեցումները: Օրինակ՝ կոռուպցիայի մասին արտացոլված է Կառավարության մեր ծրագրի մակրո հատվածում: Օրինակ՝ տեղադրել ենք տեղեկատվական համակարգեր, որ մարդը մարդու հետ չշփվի: Կոռուպցիան ծնվում է այնտեղ, որտեղ մարդը թղթերը դնում է թեւի տակ ու գնում է չինովնիկի մոտ, իսկ նա ասում է՝ քո կյանքը այնքան վատ է, որ պետք է այս-այն անել: Մեկ այլ օրինակ բերեմ՝ լիցենզիաներն ամբողջությամբ պետք է էլեկտրոնային դառնան, ու սա կոռուպցիային դեմ ուղղված քայլ է: Բյուջեն նաեւ սոցիալական պարտավորություն է: Ես վստահ եմ՝ մենք հաջողություն ենք ունենալու կոռուպցիայի դեմ ուղղված քայլերով»:
Արամ Մանուկյանն արձագանքեց՝ ասելով. «Այն, ինչ ասում եք, դրանք անհրաժեշտ են: Սակայն դուք մեր հիվանդ տնտեսությանը նայում եք որպես երկար՝ 50 տարվա բուժվող համակարգ, ու նրան տալիս եք մրսածության դեղեր, իսկ համակարգը փտախտի մեջ է, քայքայվում է ուղղակի: Էդ ռակը թողած, մրսածության կաթիլներ եք տալիս: Երկրում 40 տոկոսանոց ստվեր կա, դրա մասին բացարձակ չեք խոսում: Ձեր քայլերը լինելով ճիշտ, ադեկվատ չեն մեր տնտեսությանը. պետք են ռադիկալ քայլեր»:
Իսկ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իր ներկայացրած 101 առաջարկից միայն 6-7-ն է ընդունվել բյուջեի նախագծում. «Այո, Արամ Մանուկյանը ճիշտ է՝ դուք մրսած եք, ու տնտեսության մեջ ոչ թե մրսածության դեղեր պետք է տալ, այլ պետք են դեղեր, որ կկայունացնեն տնտեսությունը»: