▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ բոշի յուղը շատանում է, մի տեղին է քսում». Աթենքում հրապարակվող թերթը քննադատել է Հրանուշ Հակոբյանին

Աթենքում հրատարակվող «Հայաստան» շաբաթաթերթը հունիսի 8-ին խմբագրական է հրապարակել, որում քննադատության է ենթարկել ՀՀ Սփյուռքի նախարարությանը, ու նախարար Հրանուշ Հակոբյանը, եթե պաշտոնյային պատշաճող արժանապատվության զգացում ունենար, պիտի առնվազն բացատրություն տար խմբագրականում հիշատակված փաստերի առնչությամբ:

«Մինչ հալեպահայությունը տագնապալից օրեր է անցկացնում, ու քաղաքում մնացած հայերը չունենալով շրջանից հեռանալու համար ֆինանսական նվազագույն միջոցներ, ՀՀ իշխանություններից հերթականորեն աղերսում են օգնություն, ՀՀ սփյուռքի նախարարությունը նրանց օգնության ձեռք մեկնելու փոխարեն, Աթենքի ՀՅԴ արբանյակ միության հետ կազմակերպել  է երգչուհի Նունե Եսայանի մասնակցությամբ խրախճանքի երեկո՝ համերգ, միջոցառումը ձոնելով  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,-գրված է  խմբագրականում:

Այսօր արդեն նախարարության տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք. «ՀՀ սփյուռքի նախարարության եւ Եվրոպայի հայ համայնքների Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի նախաձեռնությամբ «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» նշանաբանով մեկնարկում է Նունե Եսայանի բարեգործական համերգաշարը Եվրոպայում՝ Նիկոսիայում (Կիպրոս), Աթենքում (Հունաստան), Վիեննայում (Ավստրիա), Մյունխենում, Համբուրգում (Գերմանիա), Մարսելում (Ֆրանսիա)»:

Հրանուշ Հակոբյանը, պարզվում է, դեռ իր տարերքի մեջ է: Նախարարը, բավական չէ, Ցեղասպանության 100-րդ տարելիցը վերածել է խրախճանքի առիթի, այլեւ փորձում է  այդ առիթից օգուտներ քաղել: Հաղորդագրության մեջ նշված է, որ համերգային  ծրագրի ֆինանսական խնդիրները հոգում են «Հրայր եւ Աննա Հովնանյան» բարեգործական եւ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամները: Նշվում է նաեւ, թե «համերգներից հասույթի դեպքում…  այն կտրամադրվի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերին՝ ցեղասպանությանը նվիրված հետագա ծրագրերի իրականացման նպատակով»:

Այլ խոսքով՝ եթե հասույթ լինի: Այսինքն՝ հասույթ կարող է եւ չլինել: Կամ այնքան չլինել, որքան ակնկալվում է:  Ի դեպ,  նախարարության հաղորդագրության մեջ նշված չէ, թե որքան գումար է ծախսվելու համերգները  կազմակերպելու համար, ում՝ ինչքան է բաժին հասնելու իր «քրտնաջան» աշխատանքի համար: Այսինքն՝ սփյուռքի նախարարությունը ենթադրության վրա է աշխատում:

 

Այսօր, այս օրերին, ողջ սփյուռքահայության  ուշադրությունը սեւեռված է  սիրիահայերի ուղղությամբ,  ավելի քան տասը հազար հայեր դեռեւս գտնվում են Սիրիայում ու չեն կարողանում դուրս գալ պատերազմող երկրից: Նրանց մի մասը Հայաստան է հասնում դատարկաձեռն, չունի դրամ՝ տուն վարձելու համար, չունի աշխատանք գտնելու հնարավորություն, քանի որ Հայաստանում գործող իշխանական համակարգն այնպիսին է, որ շարքային մարդուն զրկում է մարդավայել ապրելու հնարավորությունից:

Սփյուռքի նախարարը, այս իրականության մեջ, մտածում  է  եվրոպաներում համերգներ կազմակերպելու մասին:  Հայոց ցեղասպանության100-ամյա տարելիցի առիթով: Երբ սիրիահայերը ցեղասպանվում են Սիրիայում մահմեդական ծայրահեղականների կողմից: Երբ այդ նույն հայերը Հայաստանում իրենց տեղը չեն գտնում՝ այստեղ  գործող բարքերի պատճառով:

Իշխանամերձ որոշ ԶԼՄ-ներ, ի դեպ,  պարբերաբար տեղեկություններ են հրապարակում, թե իբր Սիրիայում մնացած հայերը չեն ցանկանում գալ Հայաստան: Իրո՞ք: Սփյուռքի նախարարը եւ ՀՀ իշխանություններն՝ ընդհանրապես ցանկություն ունե՞ն պարզելու  կամ աչք են փակում հարցի վրա, թե ինչու մեր հայրենակիցները վախենում են լքել  այն երկիրը, որտեղ ամեն օր Աստծո օր լուսացնում ու մթնեցնում են մահվան սարսափի տակ: Նրանք իրենց հարց տվե՞լ են, թե ինչպե՞ս գան այդ մարդիկ Հայաստան, եթե եկածների մեծ մասը օրվա հաց վաստակելու հարցի առջեւ է  կանգնած:

Ժողովրդական հայտնի խոսք կա. «Երբ բոշի յուղը շատանում է, մի տեղին է քսում»: Հարցն այն է, որ այդ յուղ ասվածը չկա էլ: Պարզապես այն հայթայթելու ճանապարհներ գտնելը ոմանց համար որոշ դեպքերում ավելի հեշտ է: Միգուցե անձնական շահո՞վ պայմանավորված:

 

Աղբյուր` hartak.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին