Տևական լռությունից հետո Շուշան Պետրոսյանը որոշեց հիշեցնել իր մասին:
Մի պահ թվում էր, թե հասունացման արդյունքում հասկացել է, որ երբեմն, կամ ավելի ճիշտ իր պարագայում միշտ լռելը խոսելուց առավել խոսուն է, բայց շոու-բիզնեսի ներկայացուցչի համար մեդիայում չերևալը հավասարազոր է մահվան, դրա համար էլ որոշեց թեկուզ հավանական պարսավանքի գնով, այնուամենայնիվ, վերադառնալ մեդիա դաշտ:
Եվ այսպես, ինչի՞ց է դժգոհ մաքսային միությանը, իրենց աշխատավարձի բարձրացմանը, կուտակային կենսաթոշակին, գազային համաձայնագրին և Հայաստանը գաղութացնող բոլոր որոշումներին պարտադիր կողմ քվեարկած պատգամավորը: Նկարներում փնտրած փոքրագլուխ նեգատիվների՞ց:
Դե արի ու ՀՀԿ խարանը կրող երեսփոխանին բացատրի՝ բոլորը չեն, որ աշխատում են Ազգային ժողով կոչված օլիգարխների ակումբում օգտվելով բացառիկ ապահով Հայաստանի մենաշնորված բարիքներից, և այդ շենքից դուրս կա ուրիշ՝ իրական Հայաստան, որը անյքան էլ ապահով չի, ու մարդիկ գոյատևման ամենօրյա կռիվ ունեն տալու, ու որ Քելեր ցոլեր լսելն էլ իրենց չի օգնում այդ հարցում, էլ չեմ ասում, որ Քելեր ցոլերին վաղուց եթերներում փոխարինել եք Արմենչիկներով և Թաթուլներով, որովհետև դուք դրա կրողն եք, ու մեդիային ստիպել եք իջնել ձեր բնազդների բավարարման մակարդակին:
Մեր երեսփոխանը դժգոհում է կիսագրագետ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ՞Ց: Դե արի բացատրի, որ ամենագրագետ լրագրողն անգամ ի վիճակի չի Գալուստի, Մանվելի կամ Լիմինդրովիչի խոսքն այնպես ներկայացնել, որ non stop հայհոյանքների ալիք չառաջանա:
Պարզվում է՝ մեր երեսփոխանը ջերմեռանդորեն աղոթում է մեղքերի մեջ կորած բողոքող զանգվածի համար: Իրոք որ հոզիչ տեսարան է, երբ պատկերացնում եմ Շուշանին ՀՀԿ հպատակ հոգևոր առաջնորդների միջավայրում աղոթելիս՝ բենթինելով, գորշ գայլերի հետ միասին կաթողիկոսի ամպահովանու տակ:
Իսկ ինչ վերաբերվում է սրբության սրբոց բանակին, այստեղ հարց է առաջանում, որ բանակի՞ն: Այն բանակին, որ վերածվե՞լ է սպանդանոցի մեր երեխաների համար: Այն բանակի՞ն, որտեղ զինվորին ստորացնելով, հասցնում են խելագարության կամ ինքնասպանության: Այն բանակի՞ն, որն ընդամենը դարձել է օլիգարխ գեներալների անսահման հարստության աղբյուր:
Թե այն բանակի՞, որի գեղագիտական և բարոյական դաստիարակության համար նախատեսված գումարները քո հովանու ներքո լղոզվում են կեղծ հայրենասիրական կլկլոցների տարափի տակ: Այն բանակի, որտեղ ծնողներն իրենց երեխային ճանապարհելուց հետո մեկ երազանք են փայփայում, որ իրենց երեխան առողջ ու անվնաս հետ գա՞: Հիմա դավաճանն ո՞վ է, այս ամենը նկատո՞ղը, թե այս վիճակին հասնողը:
Վերջում մեկ հիշեցում....Երեկվա օրն արդեն պատմություն է, և ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չի լինի փոխել այն, գոնե ապագայի մասին մտածելով հաշիվ տվեք ձեզ, թե ինչ եք անում այս ժողովրդի հետ: Մեր ժողովուրդը բարի է, ու դժվար է նրան հիշաչար անվանել:
Անմիտ արտահայտությունների փոխարեն ճիշտ կլինի ամեն անցորդից ներողություն խնդրեք՝ ամեն օր, ամեն վայրկյան: Հեղինակություն դառնալը շատ դժվար է, իսկ կորցնելը անհամեմատ հեշտ: