Ըստ հաղորդւած պաշտօնական լուրերի, այսօր իրանական մերձկասպեան Ռամսար քաղաքում կայանալու է Իրան-Ադրբեջան-Թուրքիա արտգործնախարարների մակարդակով հերթական 4-րդ նիստը: Յիշեցնենք, որ այդ ձեւաչափով առաջին եռակողմ նիստը կայացել է 2011-ին` Իրանի Ուրմիայում, 2-րդը` Նախիջեւանում, իսկ 3-րդը` Վանայ լճի մերձակայքում...:
Բացի ձեւաչափային-պրոտոկոլային օրակարգերից, եռակողմ նիստերի շեշտադրւած թեմաներից է հանդիսացել ՙՏարածաշրջանի կայունութիւնն ու անվտանգութիւնը՚:
Թէ այդ շեշտադրւած օրակարգի վերաբերեալ թուրքական կողմը (ինչու ոչ` նաեւ Բաքուն) յատկապէս հէնց 2011 թւականից ի վեր ինչպիսի կեցւածք եւ ուղղութիւն են որդեգրելª պարզ է ու յստակ աշխարհին եւ տւեալ դէպքում` նոյնինքն Իրանին: Ուստիեւª հէնց Իրանին է վերապահւած, որ Ռամսարեան հերթական, բայց պահի առումով գերկարեւոր հանդիպմանը ի գործ դնի իր դիւանագիտական ողջ ներուժըª կանխելու համար ըստ էութեան ՙԴԱԷՇ՚-իզմին փաստացի ենթահող տրամադրող ու ապաւէն հանդիսացածª թուրք-ադրբեջանական մոգոնած սադրանքները: Սադրանքներ, որոնք նոյն ԴԱԷՇ-ի ուրւականը Մերձաւոր Արեւելքից (Սիրիա-Իրաք) դէպի Կովկասեան տարածաշրջան փոխադրելու դաւադիր գործարքի համահեղինակ են հանդիսանում` Թուրքիան ու Բաքւի իր խամաճիկները` Հայոց Արցախի գործօնի չարաշահմամբ:
Արցախեան ռազմաճակատում վերջին իրադարձութիւնների կապակցութեամբ`Ռամսարում Եռակողմ ժողովի երկու կողմերը` Թուրքիան ու Բաքուն արդէն քանիցս բարձրաձայնել են իրենց նենգամիտ համընթացութեան մասին: Իրանը, սակայն, հէնց երէկ` Ազգային անվտանգութեան Գերագոյն խորհրդի մակարդակով բարձրաձայնել է իր անկողմնակալութիւնըª Արցախեան վերսկսած թնջուկի վերաբերեալ: Սա, ինքնին եւ տրամաբանօրէն վկայում է այն մասին, որ Իրանը, որպէս եռակողմ նիստի հիւրընկալ, նաեւ նախաձեռնութիւն պէտք է ստանձնի`դիմագրաւելու համար թուրք-ադրբեջանական նորագոյն սադրանքները, որոնք անկանխատեսելի զարգացումներով են յղի` Իրանի հիւսիսային եւ հիւսիս- արեւմտեան հատւածներում:
Մինչ այդ, սակայն, խիստ ուշագրաւ է (եւ յատկապէս Իրանի համար) Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի մամլոյ քարտուղարի յայտարարութիւնը` ադրբեջանական ոճրագործ բանակայինների առանց այն էլ խախուտ շարքերում վարձկան ու տեռորիստական խմբաւորումների` ջիհադականների առկայութեան փաստի մասին:
Յատկանշելի է նաեւ այն հանգամանքը, որ Ռամսարի եռակողմ հանդիպումից անմիջապէս յետոյ, ապրիլի 7-ին Բաքւում նախատեսւած է մի այլ եռակողմ նիստ`մասնակցութեամբ Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, որտեղ եւս Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը Ռուսաստանի իր գործընկերոջը համընթաց` ի զօրու է լինելու Բաքւի կամազուրկ իշխանաւորներին զերծ պահելու նորանոր արկածախնդրութիւններից:
ԱԼԻՔ՚ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ