▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ սրբագործել բանակը․ Նիկոլ Փաշինյան

***

Նիկոլ Փաշինյանի համար բանակն առաջին հերթին խոշոր հարկատու՞ է․ ԱԺ–ում բանակի մասին խոսելիս նա ասաց, որ պետք չէ սրբագործել բանակը, դա 3–րդ հանրապետության մեծագույն սխալն է։

«Որպես մի մարդ, ով բանակի սրբագործման հայեցակարգի կրողն է եղել և հետո դառնալի իրականության է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը: Դա երրորդ հանրապետության ընթացքում բոլորիս գործած մեծագույն սխալն է»,- ԱԺ-ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև այդ «սրբագործումը» մեզ կուրացնում է, ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմն ու անելիքը և բանակի այն անկումը, որը ունեցել ենք երկար տարիներ: Նաև այդ «սրբագործման» հետևանքով մենք մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին։ Մեր զինվորը, իրա ցավը տանեմ, կուչ եկած, սառած՝ կանի ինքը, բոլորի դեմ կկռվի, ինքը գիտե՞ք՝ ում սերունդնա՝ Տիգրան Մեծի, հեսա ստեղից տալու ա, դուրս գա Մադագասկար կղզի»,-ասաց նա
Վարչապետը նշեց նաև, որ Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից է, ինչը նշանակում է, որ, այնուամենայնիվ, մեր սոցիալ-հոգեբանության և սոցիալ-մտածողության մեջ որոշակի խնդիրներ կան։

Դիտեք նաև՝

«Արդյո՞ք հերոսություն է երկրի պաշտպանությանը մասնակցելը, իհարկե հերոսություն է։ Բա եթե զինվորը սնունդ, պաշտպանության միջոց, զենք, հագուստ, տրանսպորտային միջոց, կապի միջոց, ինժեներական կահավորում, գրագետ սպա չունենա, ինչպե՞ս պետք է պաշտպանի երկիրը և հերոսություն անի»,-ԱԺ-ում իր ելությում ասաց Փաշինյանը՝ կրկին անդրադառնալով հարկ վճարողի՝ հերոս լինել, չլինելու թեմային:

«Կարո՞ղ է զինվորը հերոսություն անել՝ առանց այս ամեն ինչի․ մեծ հաշվով, բացառված է, կամ կլինեն բացառություններ, որոնք կհաստատեն օրինաչափությունը: Չի՛ կարող, մանավանդ՝ այսօրվա տեխնոլոգիական դարում»,- ասաց նա:

Նա խոսեց նաև պայմանագրային զինծառայության մասին՝ ընդգծելով, եթե, օրինակ, պայմանագրային զինծառայողը սոցիալական երաշխիքներ չունենա, արդյոք կանցնի՞ ծառայության: Հետևաբար սոցիալական երաշխիքներ ապահովելու համար անհրաժեշտ է պետական եկամուտ, որն ապահովում է աշխատող, արդյունք ստեղծող, հարկ վճարող քաղաքացին: «Առանց այդ քաղաքացու՝ ո՛չ պետություն կարող է լինել, ո՛չ հերոսություն: Հետևաբար նույնիսկ չեմ պնդում, որովհետև այնքան ակնհայտ է, որ մեր պետության թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին է»,- ասաց նա:

***

ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով պատասխանատվության մասին, անդրադարձավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի ստորագրմանը․ «2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ասել եմ` այս պահին ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը և այս թուղթը ստորագրելու եմ, ու համարում եմ, որ ճիշտ եմ արել, ինչո՞ւ եմ արել՝ դա ուրիշ խնդիր է»,- ասաց նա՝ հավելելով, որ պահ է գալիս, որ դու պետք է ուղղակի վերցնես պատասխանատվություն։

***

«Փողի նկատմամբ մեր վերաբերմունքն էլ է ապապետական, քանի որ նրան վերաբերվում ենք երբեմն որպես արգահատանքի արժանի մի բան, երբեմն էլ՝ որպես պաշտամունքի առարկա։ Մինչդեռ փողը պետության տեսակետից ընդամենը կառավարման գործիք է, առանց որի պետություն գոյություն ունենալ չի կարող»,- ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մեր խնդիրը պետք է լինի փողից բարեկամ դարձնելը, ինչպես ավետարանմ է մեզ բոլորիս հորդորում։ Եթե ուզում ենք ուժեղ պետություն ումենալ, պետք հնարավորինս շատ փող աշխատենք, հարստացնենք մեր բյուջեն»,-ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այս առումով շատ համակարգային խնդիրներ կան, որից մեկն էլ հարկային օրենսգիրքն է․ «Մեր հարկային օրենսգիրքը ապապետական է։ Այն չի խրախուսում զարգացումը, չի խրախուսում ավելի շատ փող աշխատելը»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է ունենանք նոր հարկային օրենսգիրք, որը պետք է համապատասխանի Հայաստանի պետական շահերին։

***

«Ասում եք հերոսներին նսեմացրել ենք։ Ո՞ր հերոսներին ենք նսեմացրել, որ ավտոմատով մտնում, սրա-նրա ունեցվածքը բաժան-բաժան էին անո՞ւմ, էն որ զինվորի ուտելիքը իրենց շների, արջերի համար գողանո՞ւմ էին։ Եկեք ձև տանք, թե բոլորս ամեն ինչ մոռացել ենք»,- ԱԺ-ում պետբյուջեի նախագծի քննարկման եզրափակիչ ելությում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ընդդիմադիրների մեղադրանքներին։

***

«Հիմա էլ ընկել եք հեծանիվի հետևից, ասում եք՝ ինչո՞ւ ես հեծանիվ քշում, բա դրա համար ենք քշում, որ դուք էլ քշեք»,-դիմելով ԱԺ ընդդիմությանը՝ ԱԺ ամբիոնից ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ընկներներ, ես ձեր տների պատերի տակով եմ հեծանիվ քշում, այն ժամերին, որ ես քշում եմ, դուք քնած եք, ընդ որում՝ խորը։ Ծնգծնգացնում եմ՝ մի հատ վառվող լույս չկա, ավարտում եմ, դեռ խորը քնած եք»,- ասաց նա՝ հերքելով, որ իր հեծանիվ քշելիս մեքենաներ են կանգնեցվում, ճանապարհներ՝ փակվում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին