Փակ շուկայի համար, եթե հիշում եք մեր հասարակությունը շատ պայքարեց, բայց արդյունքում ունեցանք այն ինչ ունենք այսօր: Փակ շուկայի սեփականատերը, մեզ բոլորիս հայտնի գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մեր քաղաքացիներին սկզբում վստահեցնում էր, որ շուկան մնալու է շուկա և ոչ մի սուպերմարկետ այդ տարածքում չի կառուցվելու, այլ պարզապես նրա խոսքերով ստեղծվել էր մի իրավիճակ, որ այդ կառույցը անհրաժեշտ էր ամրացնել և արդյունքում էլ ըստ վերջինիս կունենայինք ավելի հարմարավետ միջավայր աշխատողների և ավելի գրավիչ՝ զբոսաշրջիկների համար:
Դրանից հետո կամաց-կամաց սկսվեց շրջանառվել այն լուրը, որ սուպերմարկետն ի վերջո կառուցվելու է, բայց շուկայի նախկին մրգավաճառներին կհատկացվի բավականին մեծ տարածք, որտեղ նրանք կկարողանան նախկինի պես զբաղվել իրենց արևտուրով:
Ի վերջո տեր կանգնե՞ց արդյոք Սավել Ալեքսանյանն իր խոսքին թե ոչ, կարծում եմ՝ ոչ:
Փակ շուկայի վերաբացումից հետո (արդեն որպես «Փակ Շուկա» սուպերմարկետ) օլիգարխ-մոնոպոլիստ-գործարարը իրոք հատկացրեց մի մեծ հատված նախկին շուկայի մրգավաճառներին, և նույնիսկ «մեծահոգություն» դրսևորեց և տրամադրեց այդ տարածքներն անվճար:
Սակայն գործարարային այդ մեծահոգությունը շատ երկար չտևեց և «Փակ Շուկա» սուպերմարկետում ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում միրգ-բանջարեղենի բաժին ավելացավ: Գործարարը, լինելով խոշոր ներկրող և Հայաստանում գործող ամենամեծ սուպերմարկետների ցանցերից մեկի սեփականատերը, առանց կռվի առանց դավի ստեղծեց այնպիսի պայմաններ, որ շուկայում աշխատող անհատները մեծ վնասներ կրեցին և կամավոր հրաժարվեցին իրենց՝ «անվճար» հատկացված տեղերից:
Այդ «պայմաններ» ասվածը շատ պարզ է: Երբ մարդ ուզում է օրինակի համար խնձոր գնել և մի տեղ այդ խնձորն արժե 300 դրամ, իսկ կողքին դրված է նույն խնձորից 600 դրամով, ոչ մի գիտակից սպառող իրեն վնաս չի պատճառի և չի գնի խնձորը 600 դրամով «շուկայի» մրգավաճառներից:
Նման պայմաններին հաջորդում է հետևյալը. մարդիկ հրաժարվում են իրենց տարածքներից և լքում դրանք, իսկ Ալեքսանյանը, առանց երկար-բարակ մտածելու, դրանք, կա´մ վարձակալության է տալիս տարբեր տնտեսվարող սուբյեկտներին, կա´մ էլ դարձնում վաճառակետեր իր կողմից արտադրվող ապրանքների համար:
Սա ոչ ավել ոչ պակաս քան ագահության դասական դրսևորում է: Ցինիկավարի անվճար տարածքներ տրամադրել խեղճ ու կրակ մարդկանց և անբարեխիճ մրցակցային պայմաններում խլել մի քանի ընտանիքի օրվա ապրուստը, իսկական լկտիություն է:
Ախր իրոք, որ այս ագահությանը չափ ու սահման չկունի: Ալեքսանյանը դարձել է «Չինաստան» Հայաստանի ներսում: Ամեն ինչ Made in Սմավել Ալեսքանյան է:
Ճիշտ հասկացեք սիրելի ընթերցողներ բիզնեսը զարգացնել կամ էլ դիվերսիֆիկացնելը վատ բան չէ, բայց այն դառնում է այդպիսին, երբ կիրառվում են հակաօրինական, քրեական, և անբարոյական միջոցներ:
Հ.Գ. Ծածկած շուկայի նոր սրճարանն էլ շնորհավոր: Ամո´թ է: