▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր օրինախախտները հարկայինի թիրախում են

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Արդեն քանի ամիս է խոսվում է ստվերի դեմ պայքարի մասին, սակայն լուրջ առաջընթաց այդ ուղղությամբ, թերևս, չի արձանագրվել: Սակայն, հանուն արդարության պետք է նշել, որոշակի դրական ազդակներ արդեն նկատելի են դառնում: 

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ հարկայինը խստացրել է իր վերաբերմունքը իշխող ՀՀԿ ներկայացուցիչներին պատկանող բիզնեսների նկատմամբ: Այդ կուսակցության երկու պատգամավորների Աշոտ Աղաբաբյանի և Հակոբ Հակոբյանի անուղղակի սեփականություն հանդիսացող օբյեկտներում ստուգումների արդյունքում պետբյուջեի օգտին ավելի քան 700 մլն դրամ տուգանքն է նշանակվել:

Ճիշտ է՝ վերջիններս չեն ընդունում, որ իրենք օրենք են խախտել և խուսափել են հարկային պարտականություններ կատարելուց, այդուհանդերձ անհրաժեշտ է փաստել, որ հարկային մարմիններն իրենց գործը լավ են կատարել, ավելին՝ գործել են անաչառության սկզբունքով, և լավ իմանալով, թե ում գրպանին են կպնում, միևնույնն է, չեն կաշկանդվել և գործել են օրենքի խստությամբ:

Մի կողմից նման մոտեցումը հարգանքի է արժանի, բայց մյուս կողմից էլ զարմանալի է, թե ինչու ենք զարմանում նշված երևույթի վրա: Պատճառը տարիներ շարունակ մեր երկրում տիրող կոռուպցիոն դրսևորումների արտացոլումն է մեր պատկերացումներում: Ճիշտ է՝ շատ ոլորտներում այդ արատը կարծես մեծ առումով վերացել է. օրինակ նույն պետական հիմնարկներում, որտեղ նախկինում առանց լրացուցիչ «մաղարիչի» գործը առաջ չէր գնում, այժմ իրավիճակը փոխվել է, և ուրախալի է, երբ պետական վճարներդ կատարում ես բանկերի միջոցով, իսկ ժամանակի միջնորդները, կարծես, թոշակի են անցել:

Բայց վերոնշյալն, ամենևին չի նշանակում, որ անելիք չկա: Հակառակը, պետք է ձգտել լրացնել բացերը, ուղղել սխալները, և ամենակարևորը՝ գումարները ուղղել և ծախսել նպատակային: Եվ եթե հարկային մարմինը և հարկային տեսուչները աշխատավարձ են ստանում, ապա նրանք պարտավոր են կատարել իրենց աշխատանքը ամենայն պատասխանատվությամբ և պարտաճանաչությամբ:

Ի դեպ` միայն հարկայինի ներկայացուցիչները չեն, որ իրենց համապատասխան պետք է դրսևորեն: Հարկատուները ևս ազնվություն պիտի ցուցաբերեն, և զերծ մնան այս կամ այն հնարքների միջոցով խուսափել պետության հանդեպ ունեցած պարտավորություններից:

Ընդհանուր առմամբ, հարկավոր է պահել տեմպը, որպեսզի մյուս օրինախախտները, հատկապես օլիգարխ օրինախախտները, ևս զգոն լինեն և մտքներից հանեն, որ, ծանոթ կամ բարեկամ խառնելով, կարող են լուծել հարցերն ի օգուտ իրենց:

Այն, որ հարկայինը խոշոր տուգանքներ է սահմանում այն մարդկանց նկատմամբ, ովքեր, ըստ էության, հովանավորներն են նաև մյուսների բիզնեսների համար, պարզ է դառնում, որ արդեն շատերը մտածելու տեղ ունեն, և նրանց համար սա պետք է ազդակ լինի՝ հաշտվելու առ այն, որ միայն ու միայն օրենքի սահմաններում գործունեություն ծավալելու դեպքում խնդիր չեն ունենա համապատասխան մարմինների հետ:
Հարկայինից պետք չէ վախենալ, անհրաժեշտ է ուղղակի ազնիվ աշխատել:

Բոլոր դեպքերում դժվար է հավատալ, որ հարկայինը կտուգանի բոլոր օրինախախտներին՝ անկախ այն հանգամանքից, թե ում են պատկանում այդ բիզնեսները: Այդուհանդերձ սկսված գործընթացը որոշակի հույսեր ներշնչում է, և լավ կլինի, որ իշխանությունները վերջապես ապացուցեն, որ հավատարիմ են իրենց խոսքերին և ստվերի դեմ պայքարը մտնում է որոշիչ և գործնական փուլ:

Հակառակ պարագայում կունենանք նույն պատկերը, ինչ կա այսօր, և հասարակությունը կրկին կհայտնվի հիասթափության գրկում:

Մարատ Ստեփանյան

Կարդացեք նաև` Հարկայինը «բամփում է» օլիգարխներին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին