▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Վարագա Ս. Խաչի տոնը

Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Վարագա Ս. Խաչի տոնը: Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն` Հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից և հետապնդումներից, գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Սակայն մինչև Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Ս. Կույսերից Հռիփսիմեն իր պարանոցին միշտ կրում էր Քրիստոսի խաչափայտից մի մասունք, որն ըստ ավանդության Կալվդիոս կայսեր կինը` Պատրոնիկեն ստացել էր Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբորից: Քանի որ Հռիփսիմեն սերում էր Կլավդիոս կայսեր տոհմից, խաչափայտի սրբազան մասունքը ժառանգաբար փոխանցվել էր նրան: Եվ Ս. Հռիփսիմեն իր կրծքից կախված Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքը ապահովության համար հանձնում է Վարագա լեռան վրա աղոթող ճգնավորներին և խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Քրիստոնեության դեմ հալածանքների պատճառով երկար ժամանակ գաղտնի էր պահվում սրբազան մասունքի գտնվելու վայրը, իսկ վերոգրյալ ճգնավորների մահից հետո` մոռացվում, սակայն Աստծո նախախնամությամբ Հայոց աշխարհում ավանդաբար գիտեին Ս. Նշանի` Վարագա լեռան վրա պահվելու մասին, բայց անհայտ էր գտնվելու ստույգ վայրը: Այդ սուրբ մասունքն այդպես թաքնված մնում է մինչև Է դարը: 
653 թ., երբ Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթում էր Վարագա լեռան վրա և խնդրում, որ Աստված ողորմություն անի և ցույց տա Ս. Խաչի տեղը, հանկարծ 12 լուսեղեն սյուներ են երևում լեռան շուրջը, իսկ նրանց միջև փայլում է լուսավոր Խաչի նշանը, որն իրենց հետ հայոց աշխարհ էին բերել Տիրոջ սիրասուն կույսերը: 12 օր շարունակ լուսեղեն սյուները տեսանելի են լինում նաև հեռավոր վայրերից: Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր: 
Ժամանակի Ներսես Գ Շինող Կաթողիկոսը և Թեոդորոս իշխանի որդի Վարդ սպարապետն էլ, լսելով այս բարի լուրը, հոգևորականների և աշխարհականների մեծ թափորով գնում են Վարագա լեռը` տեսնելու կատարված հրաշքը: Հաստատելով հայտնաբերված մասունքի ստուգությունը` երանելի Հայրապետը տնօրինում է, որ այսուհետ Խաչվերացից երկու շաբաթ հետո կատարվի Վարագա Սուրբ Խաչի տոնը: Վեհափառը ժողովրդի աջակցությամբ կառուցում է նաև մի փառավոր եկեղեցի, որն էլ ի վկայություն կատարված հրաշքի` անվանում է Ս. Նշան: Նա գրում է նաև «Նշանաւ ամենայաղթ խաչիւդ քով Քրիստոս» շարականը, որը երգվում է տոնի օրը, ինչպես նաև տոնից առաջ սահմանում է հնգօրյա շաբաթապահք:
Ս. Խաչի մասունքը երկար ժամանակ պահվում է Վարագավանքում, որի շնորհիվ վանքը դառնում է սրբազան ուխտատեղի ամեն մի հայ քրիստոնյայի համար: 1021թ., երբ Վասպուրականը բռնի կերպով կցվում է Բյուզանդիային, Սենեքերիմ-Հովհաննես թագավորը Վարագա Ս. Խաչն իր հետ տանում է Սեբաստիա: Այստեղ նրա որդի Ատոմը 1022 թ. հիմնում է Սեբաստիայի Ս. Նշան վանքը: Սենեքերիմ-Հովհաննեսի վախճանվելուց հետո, նրա որդիներն իրենց հոր աճյունը վերաթաղում են Վարագավանքում` միաժամանակ վանքին վերադարձնելով Ս. Նշանի մասունքը: 
1273 թ. Վարագավանքի վանահայր Ղուկասը, Ջալալեդդինի ասպատակություններից խույս տալով, Վարագա Ս. Խաչը տանում է Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության Անապատ վանքը. որն էլ վերանվանում է Նոր Վարագավանք:
1651 թ. Ս. Խաչը գերի է տարվում Խոշաբ, իսկ 1655 թ. զետեղվում է Վանի Ս. Տիրամոր եկեղեցում, որն այնուհետև վերանվանվում է Ս. Նշան, ուր և պահվում էր մասունքը մինչև 1915 թ.: Ցավոք, Մեծ Եղեռնից հետո Սրբազան Մասունքի գտնվելու վայրը հայտնի չէ: 
Ինչպես Ս. Խաչի մյուս տոները, այնպես էլ Վարագա Ս. Խաչի տոնը մեկ անգամ ևս առիթ է ընձեռում քրիստոնյաներիս` խորհելու այն մեծ զոհողության մասին, որ ի սեր հանուր մարդկության Խաչի վրա իրականացրեց մարդկության Փրկիչը` Մարմնացյալ Բանն Աստված` տալով մեզ Խաչը որպես հաղթության զենք` ընդդեմ չարի լարած բոլոր որոգայթների:

Թող Ս. Խաչը միշտ պահապան լինի բոլորիս և հատկապես մեր ազգին:

 

Հայր Զաքարիա Բաղումյան 

 

Լուսանկարում` Վարագավանքը` ներսից

Կարդացեք նաև` Կորսվող արժեքներ.Վարագավանքի պահապանը քուրդ Մեհմեդի ընտանիքն է

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին