▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ դին ապացուցում է, որ մեղավորն Ադրբեջանն է. Դավիթ Բաբայանը` ԵԱՀԿ համանախագահների ուշացած հայտարարության մասին

«Այդ հայտարարությունն ունի ինչպես դրական կողմեր, այնպես էլ փոփոխման ենթակա կետեր:Դրականն այն է, որ համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանքր չկա, և պետք է շարունակել աշխատանքները Սանկտ Պետերբերուրգի և Վիեննայի հանդիպումների կետերը կյանքի կոչելու ուղղությամբ, այսինքն` այն, ինչը թույլ կտա պահպանել ու ամրապնդել զինադադարի ռեժիմը: Սա շատ կարևոր է, որ հայտնում են մտահոգություն բախումների և այլ բացասական երևույթների նկատմամբ»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ` երեկ տարածած հայտարարությանը, որում ասված է, որ Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016-ի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին ներխուժման փորձի համար, որի հետեւանքով եղել են զոհեր։

Դավիթ Բաբայանը նշեց, որ համանախագահների հայտարարության մեջ կան նաև փոփոխման ենթակա կետեր, որոնք արդեն իսկ չեն համապատասխանում կոնկրետ իրավիճակին:

«Շատ կարևոր է, որ այդ մեղադրանքները լինեն կոշտ ու հասցեական, որովհետև եթե դրանք հասցեական չեն, կարծում եմ, որ իրավիճակը մնում է նույնը, նման հայտարարությունները դրականորեն չեն ազդում իրավիճակի կամ կայունության ու խաղաղության պահպանման վրա: Հասկանալի է, որ համանախագահները դիվանագիտական բառապաշար են  օգտագործում, փորձում են ավելի չվատթարացնել իրավիճակը, սակայն այս մոտեցումն արդեն վաղուց հնացել է: Եթե մեղավորը Ադրբեջանն է, պետք է այդ մեղադրանքները հասցեկան հնչեցվեն նրան, եթե հայկական կողմն է մեղավոր, ապա հայկական կողմին պետք է ուղղվեն: Եթե Ադրբեջանը դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի ուղղությամբ ներխուժման փորձ է իրականացրել` ուղարկելով իր հատուկջոկատայիններին, որոնք եկել ու կատարել են իրենց գործողությունները, ինչն ապացուցված է, և որևէ մեկը չի կարող դա ժխտել, պետք է դրա համար գոնե մեղադրվի»:

Հայտարարության մեջ նշված էր նաև, որ համանախագահները կոչ են անում անհապաղ վերադարձնել ադրբեջանցու աճյունը՝ 2010 թվականին բարձր մակարդակով Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով տվյալ հարցի բացառապես մարդասիրական բնույթը։

«Այդ դին մեզ պետք չէ: Սակայն խնդիրն այն է, որ այդ դին ապացուցում է, որ մեղավորն Ադրբեջանն է: Համանախագահների կողմից ուղարկված փորձագետները պետք է  տեղում մի շարք հարցեր պարզեին` օրինակ ինչպե՞ս է մեր կողմում հայտնվել այդ դին: Համանախագահները փաստացի չեզոք դիրք են գրավում, բայց խնդիրը պետք է ավելի խորությամբ դիտարկել, այնպես անել, որ էլ ավելի չբարդանա իրավիճակը»,- ասաց Բաբայանը:

Անդրադառնալով այն փաստին, որ համանախագահների կազմում փոփոխություններ են եղել և փոփոխությունից հետո սա առաջին հայտարարությունն է` Դավիթ Բաբայանը նշեց. «Սա անձի խնդիր չէ, սա քաղաքականություն է: Իհարկե, շատ կարևոր է, որ լինեն լավ պատրաստված դիվանագետներ, բայց դա չի նշանակում, որ զբաղեցնելով այդ պաշտոնը` համանախագահները պետք է արմատապես փոխեն իրենց պետության քաղաքականությունը»: 

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին