▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Վարդանյանը՝ նոր նախագծերի, եթերային հումորի և Արտյոմ Մարկոսյանի հետ ընկերության մասին

Life.panorama.am-ը գրում է, որ  այսօրվա զրուցակիցն է հումորիստ, սցենարիստ Արմեն Վարդանյանը:

-Արմեն, արդեն երկար ժամանակ է, ինչ հեռուստատեսային նոր նախագծերում Ձեզ չենք տեսնում, հետաքրքիր է ինչո՞ւ:

-  Այս պահին հետկադրային տրամադրություն է ինձ մոտ, բոլոր ուժերս բեմական գործունեության մեջ եմ ներդրել: Հիմա  ես եւ Արտյումը մի նախագծի վրա ենք կենտրոնացած, որի մասին դեռեւս ոչինչ ասել չեմ կարող:

-Վերջին շրջանում զբաղվում եք թատրոնով, հետաքրքիր է՝ ինչո՞ւ որոշեցիք ոլորտային նման կտրուկ քայլին գնալ: Առաջին հաջողված ներկայացո՞ւմը պատճառ դարձավ այս ոլորտում ավելի խորանալու, թե ի սկզբանե որոշել էիք կենտրոնանալ թատրոնի վրա:

- Իհարկե, հաջողությունը ոգեւորում է, բայց, երբ կուտակվում է ասելիքը եւ հատկապես, երբ գալիս է այն տարիքը, որի ժամանակ ունես տարիների փորձ, որի արդյուքնում կարող ես վերլուծել ճանապարհդ եւ թատրոնում էլ աշխատել, այդ ժամանակ մինչեւ հաջողությունները նպատակներ ես ունենում: Պետք է նկատի ունենամ, որ Աստված մի արասցե, եթե հաջողություն չգրանցվեր, ես, միեւնույն է, կշարունակեի այս ոլորտում որովհետու 1993-թից այդպիսի փորձ կա՝ եղել են եւ հաջողություններ, եւ անհաջողություններ: Չկա այնպիսի մի ստեղծագործող, որի կյանքը միայն հաջողություններից բաղկացած լինի:

-Ձեր ներկայացումները կոմեդիայի ժանրում են, հնարավո՞ր է, որ առաջիկյում որեւէ դրամատիիկ ներկայացում բեմադրեք:

-  Դա անպայման կլինի, բայց ոչ մոտ ապագայում: Ինձ համար հիմա դժվար կլինի հեռանալ կոմեդիայից, քանի որ մասնագիտացել եմ այդ ուղղությամբ: Գուցե դրամատիկ աշխատանքը լինի մեկ կամ երկու անգամ, բայց հաստատ մի օր կներկայացնեմ: Ես սիրում եմ հումորային ժանրում աշխատել. այս ոլորտում աշխատելն էլ հեշտ չէ, ես այդ ուղղությամբ եմ մասնագիտացած եւ դեռ մասնագիտանում եմ:

-Հնարավո՞ր է, որ հետագայում որպես դերասան Ձեզ էլ տեսնենք Ձեր իսկ բեմադրություններում:

- Ես ինձ ոչ մի անգամ դերասան չեմ համարել: Միշտ հնարավորություն եմ ունեցել խաղալու, բայց ես չափի մեջ եւ ճիշտ եմ գնհատում իմ ուժերը որպես դերասան, դրա համար իմ խաղով չէի ցանկանա փչացնել իմ աշխատանքները: Գուցե շոու ժանրում հանդես գամ որպես հանդիսավար, բայց որպես դերասան՝ դժվար: Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ, դերասաններ չլինելով, գուցե ավելի պրոֆեսիոնալ խաղան, բայց լավ կլինի, որ դերասանի գործով զբաղվի դերասանական դպրոց անցած մարդը:  Առհասարակ, կցանկանայի, որ Հայաստանում ամեն մեկն իր գործով զբաղվեր, չնայած հիմա հիմնականում բոլորը դերասաություն են անում, բայց գոնե բեմի վրա լավ կլինի դերասանություն անի դերասանը:

-Կար ժամանակ, երբ հայաստանյան հումորը կարծես նախկին 7,5-ի անձնակազմի ձեռքերում էր, դա Ձեր աստեղային ժամանակահատվածն էր, ինչի՞ արդյունքում են արտիստները բաց թողնում ձեռք բերած հաղթաթուղթը:

-  Այո, երկար տարիներ մենք գտնվում էինք աստեղային ժամում, ես եւ Արտյոմը ներկայացնում էինք հումորի նոր տեսակ, որին ողջունում էին անգամ «ОРТ»-ի մեր կոլեգաները: Մենք կարող  ենք այսօր էլ անել այն, ինչ տարիներ առաջ էինք անում, բայց չնեք անում, որովհետեւ դա կլինի կրկնվել, գուցե հետագայում էլ անենք մեր նախագիծը, բայց դեռ դրա ժամանակը չի: Բացի այս էլ, անհատական որոշ հիասթափություններ կան այսօրվա պահանջարկից: «Բեռնարդ շոու»-ն իր գործունեության 5 տարիներից 3-4-ում եղել է բացարձակ վարկանիշային փուլում: Իհարկե, մենք ունեինք նաեւ քննադատողներ, բայց նրանք էլ հասկանում էին, որ այդ երկուսը իսպակես ահռելի, տիտանական աշխատամնք են անում: Նաեւ պետք է նշեմ, որ մենք ինքնանպատակ դուրս չէին գալիս եթեր՝ աղջիկներին սեղանի վրա պարացնելու համար, մենք առաջինն էինք, որ կենցաղային հումորը բերեցինք եթեր, որը հետո ունեցավ իր հետեւորդները, մենք էինք առաջինը, որ հայերիս մենթալիտետային բացասական հատկություննորը դրական քողով ներկայացրեցինք:

-Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա եթերային հումորը:

- Այսօր եթերային հումորը ավելի շատ սկետչային բնույթով է ներկայացված: Ես, իհարկե ողջունում եմ այն, ինչ արվում է, բայց, կարծում եմ, դրանք այնքան էլ  չեն անդրադառնում հայի ներքին կենցաղային վիճակներին եւ մտածելակերպին, ինչը մենք կանեինք:

-Չկա մտավախություն, որ գուցե տարիներ անց չկարողանաք նորից մտնել ասպարեզ եւ վերականգնել նախկին դիրքերը, մոռացվելու վախ չկա՞:

- Նոր սերնդի մոտ ճանաչելիության հարցը շատ հեշտ է եւ կլուծվի հինգ րոպեում, որովհետեւ մենք այսօր ապրում ենք «օնլայն» աշխարհում, այդ ամենը կախված է նրանից, թե որքանով ես դու պրոֆեսիոնալ, որպեսզի լավ բան ներկայացնես: Բայց հետ մնալու վախ չկա, քանի որ այնպես չէ, որ մենք ընդհանրապես չենք գոծում: Վստահ եմ՝ չի հնանան մեր հումորի տեսակը, քանի որ քանի մարդ ապրում է, ուրեմն կա իր կենցաղը, թեկուզեւ փոփոխված տեսակով:

-Դուք եւ Արտյոմ Մարկոսյանը Ձեր նախկին թիմակիցներից միակ զույգն էիք, ովքեր պահպանեցին իրենց թե ընկերությունը, թե գործընկերությունը: Դա Ձեր տեսակի, թե իրադարաձությունների ճիշտ զարգացման հետեւանքն էր:

- Եթե ասեմ մարդկային տեսակի, կստացվի վիրավորում եմ մնացածին, դրա համար այդպես չեմ ասի, բայց փաստն էլ այն է, որ ես եւ Արտյոմը ճիշտ է ամեն օր իրար հետ չենք, բայց հաստատ երկու օրը մեկ հանդիպում ենք: Մենք ընկերությունը մի փոքր առանձին ենք պատկերացնում: Մեր միջեւ էլ կոնֆլիկտներ եղել են, բյաց հիմնականում դրանք կապված են եղել ստեղծագործական գործունեության հետ, շատ կարեւոր է, որ սցենարական դուռը, երբ փակում ես եւ գնում ես նստում մեքենադ, ամեն ներվը, էմոցիան  թողնես այն սենյակում, եւ մենք այդպես էլ արել ենք, դրա համար էլ ընկերներ ենք մնացել:

-Հետաքրքիր է՝ Ձեր նախկին թիմակիցների հետ այսօր կապ ունե՞ք:

- Այո, ոմանց հետ շատ, ոմանց հետ շատ ավելի քիչ: Մեր քաղաքը որքան էլ տարիքով մեծ լինի, տարածքով փոքր է, հաճախ ենք հանդիպում: Կան մարդիկ, որոնց հետ ընկերներ ենք, կան մարդիկ էլ, որոնց հետ գործընկեր էլ մնացինք:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին