Քիչ առաջ ընկերներիցս մեկն ասում էր, որ ես Սերժ Սարգսյանի գաղափարակիցն եմ։
Ես ընդդիմացա, որովհետև անկեղծորեն չգիտեմ, թե ինչ գաղափարախոսության կրող է մեր նախագահը։ Հաստատ դա նժդեհականությունը չէ։
Իսկ եթե ավելի անկեղծ, կարծում եմ, որ այսօրվա Հայաստանում գաղափարական բաղկացոկցիչը պակաս կարևոր է կուսակցությունների համար։
Գաղափարական ինչ–որ քննարկում հիշում եմ, երբ, կուսակցություն դառնալուց հետո, ՀԱԿ–ը հրապարակեց իր ծրագիրը։ Այդ քննարկումն էլ մնաց մասնագիտական նեղ միջավայրում։
Մեծ հաշվով՝ որոշիչը ոչ թե գաղափարախոսությունը կամ արժեհամակարգն է, այլ՝ իրավիճակը։
Սոցիալիստական Դաշնակցությունը կոալիցիայի մաս էր ոչ այն պատճառով, որ կաբինետն առաջնահերթություն էր համարում սոցիալական արդարությունը։ ՀՅԴ–ն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մաս կազմեց, ապա և լքեց կոալիցիան։
Կառավարության քաղաքականությունն էլ ոչ թե ծրագրային, այլ՝ իրավիճակային է։ Նույն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, համոզված եմ, ոչ թե ծրագրային մոտեցումների, այլ՝ իրավիճակային թելադրանքի արդյունք է. իշխանությունը չի էլ թաքցնում, որ փող է պետք։
Եթե գաղափարախոսությունը լիներ վարքագծի հիմքում, ՀԱԿ–ը չէր քննադատի հայ–թուրքական արձանագրությունները, բայց դրանք քննադատվեցին, որովհետև նախաձեռնությունը գալիս էր Տեր–Պետրոսյանի թիմի քննադատության հիմնական թիրախ նախագահից։
Ես ազատական հայացքներ ունեմ ու, դժբախտաբար, Հայաստանում չեմ տեսնում կուսակցության, որին քվե տամ՝ արժեհամակարգիցս ելնելով։