▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանական զույգը որոշել է իրենով լցնել երկրում առկա ողջ վակուումը․ Արմինե Օհանյան

Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Իշխանական զույգը որոշել է իրենով լցնել երկրում առկա ողջ վակուումը եւ մի բան էլ ավելի. Ֆեյսբուք, հանրային դիսկուրս, բանավեճի եւ հանդիպումների առաջարկներ, մարզեր եւ արտերկիր այցելություններ, նոր հեշթեգեր... Մեկը սովորում է, մյուսն իր բանտային անցյալն է հիշել: Ինչքան հնարավոր է սադրիչ հայտարարություններ, իբր օրիգինալ, իրականում՝ խիստ վիճելի ու հակահայ թեզեր, ցնցող վերնագրեր, անակնկալ գաղափարներ, քննադատողներին որքան հնարավոր է ցինիկ շշպռել ու հակադարձել... Այդ աժիոտաժի մեջ կինը լրագրողներին է «մարտահրավեր» նետում, ամուսինը` նախկին նախագահներին, նախապես իմանալով, որ իրեն հարգող ոչ մի լրագրող, կամ իրենց կողմից դատվող, ծանակվող, հալածվող ոչ մի նախկին պաշտոնյա չի ընդունելու այդ «մարտահրավերները», որովհետեւ հրավերի նպատակն իրենց մաքրագործելն է, իրենց համար քավարան կազմակերպելը, իրենց վերարտադրությունն ապահովելը:

Կրթությունից ողջ օրը խոսող մարդը, առնվազն, անկիրթ ու անդաստիարակ պետք է լինի, որ հավակնի հանրությանը կրթել եւ իր ընդդիմախոսների «միջից տգիտությունն արմատախիլ անել»: Առնվազն պետք է չգիտակցի կրթություն, բանավեճ, ժողովրդավարություն, ազատ խոսք, հանրային կարծիք բառերի իմաստը։ Պետք է առնվազն իր ժողովրդի ու երկրի թշնամին լինի, որ ստերով ու մանիպուլյացիաներով փորձի ամրապնդել հակառակորդի դիրքերը, խեղաթյուրի ու դիսկուրսի առարկա դարձնի Արցախում հայ մարդու ապրելու իրավունքը։

Իհարկե, հանրության մի հատված շատ կուզենար, որ նախկին նախագահները կամ նրանց թիմակից արտգործնախարարները գրագետ, խելացի փաստարակներով հրապարակավ ջախջախեին Փաշինյանի կեղծ թեզերը եւ դա իսկապես կլիներ ուշագրավ տեսարան, բայց մարդիկ գան՝ ի՞նչ քննարկեն` այն, որ Արցախն ի սկզբանե Ադրբեջանի կազմում էր եւ 30 տարվա բանակցություններն ընթացել են Ադրբեջանին վերադարձնելու մասի՞ն: Դա նույնն է, որ քննարկես՝ երկրագունդը կլո՞ր է, տափա՞կ է, թե՞ գիգանտ փղերն են իրենց մեջքի վրա այն տանում:

Մարդը պետք է անմեղսունակ լինի, որ հույս ունենա, թե կարելի է հանրությանը համոզել, որ այն, ինչ 30 տարի իր աչքով տեսել է, զգացել է, անձամբ մասնակցել է, այդպես չէ՝ ինքը չի տեսել, չի հասկացել, չի հիշում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին