▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Բախշյանի պատասխանը ԳԹԿ-ին

Ես իհարկե տեղյակ եմ, որ ԳԹԿ-ի լիազոր մարմինը ՀՀ կառավարության աշխատակազմն է: Այո՛, իրավացի է Արա Իսպիրյանն իր ա՛յս հակադարձումով, որ կառավարման խորհրդի նախագահ փոխնախարար պարոն Մկրտչյանն իրավունք ունի լինել ԳԹԿ-ի կառավարման խորհրդի նախագահ, ուղղակի երբ ասվում է, որ ԳԹԿ-ն անկախ է կրթության նախարարությունից, և նախարարությունը չի կարող ազդել նրա վրա, ես էլ մատնանշում եմ այս փաստը: Այսքանով հայցում եմ պարոն Մկրտչյանի ներողամտությունը: 

Մի միտք էլ եմ ասել, որին չի անդրադարձել Արա Իսպիրյանը, բայց այն նույնպես շտկման կարիք ունի: ԳԹԿ-ի կառավարման խորհուրդը հաստատում է գործադիր մարմնի հետ կնքվելիք աշխատանքային պայմանագրի ձևն ու բովանդակությունը, այլ ոչ՝ աշխատանքային պայմանագիրը: Սա պարզեցի ԳԹԿ-ի տնօրեն պարոն Գագիկ Մելիքյանի հետ հանդիպման ժամանակ:

 Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան

 ԳԹԿ-ի հոդվածն` ուղղված Անահիտ բախշյանին, ներկայացնում ենք ստորև.

ԳԹԿ-ին առնվազն զարմացնում է Անահիտ Բախշյանի անտեղյակությունը

-Ստացվում է, որ Անահիտ Բախշյանը դեռ չգիտի թե ԳԹԿ ՊՈԱԿ-ի լիազոր մարմինն ով է: Այդ մարմինը կառավարության աշխատակազմն է, իսկ ղեկավարը կառավարության աշխատակազմի ղեկավարն է, ոչ թե նախարարությունը: Այսինքն` նախարարը և փոխնախարարն իրավունք ունեն, որովհետև մեր լիազոր մարմինը կառավարությունն է,- Report.am-ին հայտնեց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը` ի պատասխան ԿԱԻ փոխտնօրեն Անահիտ Բախշյանի արած այն դիտարկման, թե համաձայն ԳԹԿ կանոնադրության` լիազորված մարմնի ղեկավարը չի կարող միաժամանակ լինել կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի նախագահ, այնինչ ԳԹԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի նախագահը ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն է: Անահիտ Բախշյանը նաև այն միտքն էր հայտնել, որ չգիտես ինչու միայն ԳԹԿ-ին է վերապահված շտեմարանների փորձաքննության իրավունքը, մինչդեռ դա պետք է աներ նաև Կրթության ազգային ինստիտուտը: Դրան ի պատասխան Արա Իսպիրյանն ասաց, որ ԳԹԿ-ին այդ լիազորությունը տրված է կառավարության որոշմամբ, իսկ Կրթության Ազգային Ինստիտուտին այլ հրամանով այլ լիազորություն է տրված: Այդ լիազորությունը վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններում գործող դասագրքերի, ձեռնարկների, թեստերի փորձաքննության անցկացմանը, որը միասնական քննության շտեմարաններին չի վերաբերում: ԿԱԻ փոխտնօրենը նաև այն միտքն էր հայտնել, թե ԳԹԿ-ն ինքը գրում է, ինքը փորձաքննում, տպագրում սեփական տպարանում, հետո վաճառում և ստանում եկամուտ, իսկ թե այդ ամենից ի՞նչ հարկեր են մուծվում, և մուծվո՞ւմ են արդյոք, դա հարցի մյուս կողմն է, որը նույնպես օդում է: ԳԹԿ ներկայացուցիչը այդ միտքը ևս հերքեց` ասելով. "Դա այդպես չէ: ԳԹԿ-ն փորձաքննության է ենթարկում բոլոր այն շտեմարանները, որոնք տպագրվում են այլ հրատարակչությունների կողմից: Մենք միայն հաստատում ենք բովանդակությունը: Այնպես որ Անահիտ Բախշյանի բերած փաստարկներից շատերը չեն համապատասխանում իրականությանը": Մեր այն հարցին` իսկ բերած ո՞ր փաստարկն է համապատասխանում իրականությանը, Արա Իսպիրյանը պատասխանեց. "Օրինակ այն, որ ԳԹԿ-ն հայոց լեզու և գրականություն առարկայի հետ կապված տպագրությունն ինքն է իրականացնում, որի իրավունքը մենք ունենք: Մնացած բոլոր շտեմարանները մասնավոր հրատարակչություններ են իրականացնում և ԳԹԿ-ն միայն իրենց դիմելով իրականացնում է դրանց փորձաքննությունը: Իսկ ինչ վերաբերում է մեր տպածից հարկեր չմուծելուն, ինչպե՞ս կարող է պետական կառույցը տպի և հարկ չմուծի": Մեր վերջին հարցին` ուզում եք ասել, որ տիկին Բախշյանը չի՞ տիրապետում իրավիճակին, Արա Իսպիրյանը պատասխանեց. "Կարելի է ասել` այո":

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին