▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում իրենց հաղթանակներ են վերագրում, գյուղեր ազատագրում` այդ թվում Աղդամը և Ֆիզուլին. Սամվել Մարտիրոսյան

Այս օրերին շարունակվում է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, սակայն, որպես կանոն, դա տեղափոխվում է նաև համացանց,  ինչն էլ իր հերթին պակաս վերահսկողության կարիք չունի: Asekose.am-ի թղթակիցը զրուզել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ` հայկական տեղեկատվական հնարավոր բացթողումների, համացանցային  լարվածության, ադրբեջանական քարոզչության մասին և ոչ միայն:

Խոսելով ադրբեջանական՝ երբեմն երևակայության սահմաններից դուրս արվող քարոզչության մասին, Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ պատկերն ամեն օր փոխվում է.

«Ներկայումս Ադրբեջանի հիմնական խնդիրը ներքին շուկայի վրա աշխատելն է: Նրանց մոտ բավական տարօրինակ իրավիճակ է այս պահին, քանի որ անընդհատ իրենց հաղթանակներ են վերագրում, գյուղեր ազատագրում` այդ թվում Աղդամը և Ֆիզուլին: Այսինքն` փորձում են տպավորություն ստեղծել, որ բավական թեժ պատերազմ է գնում և իրենք լուրջ հաղթական դիրքում են, մի  խոսքով` հորինված սցենար»:

Հիշեցնենք, որ եթե այսօր Ադրբեջանը, ըստ Սամվել Մարտիրոսյանի, աշխատում է ներքին լսարանի վրա, ապա որոշ ժամանակ առաջ կար տեղեկատվություն, որի համաձայն՝ ադրբեջանցիներն օգտագործում են «հայկական ֆեյսբուքյան պռոֆիլներ՝ facebook account» ռազմական գործողությունների մասին ստահոդ ու ֆանտաստիկ լուրերով մեր ազգաբնակչության շրջանում լարվածություն ու տագնապ առաջացնելու նպատակով: Սակայն տեղեկատվական անվտանգության մասնագետի խոսքով՝ այդ ալիքը, իհարկե, եղել է, բայց, բարեբախտաբար, արդեն մարել է:

Սամվել Մարտիրոսյանը նաև անդրադարձավ համացանցում ադրբեջանցիների կողմից տարածած հայ գերի Կարեն Պետրոսյանի տեսանյութին, որում վերջինս ներկայացվում էր իբրև դիվերսանտ, և Asekose.am-ի թղթակցի դիտարկմանը, որ արդյո՞ք հայ համացանցային օգտատերը տեսանյութը հրապարակելով` չեն տարածում ադրբեջանական քարոզչությունը.

«Տվյալ դեպքում պարզ է, որ ոչ մեկ չի հավատում այդ ամենին: Մարդիկ հիմնականում տարածում են այն լուսանկարը, որում հստակ երևում է, որ Կարենի հագուստը քաղաքացիական է, որից հետո էլ այն փոխվել է, քանի որ Ադրբեջանում որոշել էին այլ սցենարով գնալ: Այդ առումով այս դեպքը տարբերվում է, և հայերը դա հասկանալով են տարածում»:

Սակայն միաժամանակ նշեց, որ այդ տարածումից նաև ադրբեջանական կայքերի այցելություններն են ավելանում, ինչն այդքան էլ լավ չէ:

Իսկ այն հարցին, թե որո՞նք են հայկական կողմի հնարավոր բացթողումները տեղեկատվական դաշտում, Սամվելն ասաց.

«Ամեն ինչ ճիշտ, բնակաբար, չի լինում, բայց այսօր մեզ մոտ շատ ավելի դրական վիճակ է, քան ադրբեջանական մամուլում: Իհարկե, խնդիրներ ունենք, հատկապես՝ դրսի լսարանի հետ աշխատելու առումով, որովհետև քչերին է հաջողվում տեղեկատվությունն արագ թարգմանել ռուսերեն, առավել ևս՝ անգլերեն: Այդ խնդիրը երկու կողմերն էլ ունեն, հատկապես շաբաթ-կիրակի օրերին, իսկ ընդհարումները հիմնակում այդ ժամանակ են տեղի ունենում»

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին