▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 խնդիր, որոնց լուծումը կդարձնի Ձեզ աշխարհահռչակ միլիոնատեր

 

Վերջին հիսունամյակի ընթացքում Երկիր մոլորակի բնակչությունն ավելի քան կրկնապատկվել է, ինչը նշանակում է, որ աճել են նաև մարդու պահանջմունքները: Խմելու ջրի, էներգիայի փոխանցման հիմնախնդիրներն օրեցօր ավելի են սրանում: Այդ իսկ պատճառով մեր մոլորակը կարիք ունի հանճարների, ովքեր կլուծեն գլոբալ խնդիրները՝ միաժամանակ հարստանալով և փառք վաստակելով:

Asekose.am-ը կներկայացնի Ձեզ հիմնական և առաջնային խնդիրները, որոնց լուծման վրա աշխատում են մարդկության հզորագույն ուղեղները:

Ծովային ջրի քաղցրացում

Չնայած նրան, որ Երկիր մոլորակի 70%ը զբաղեցնում են օվկիանոսի և ծովային ջրերը, դրանք անպիտան են խմելու համար՝ աղիության պատճառով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2050 թվականին բնակչության քառորդ մասը կառնչվի խմելու ջրի մշտական կամ ժամանակավոր պակասի հետ: Իհարկե, արդեն գոյություն ունեն ջրի քաղցրացման սարքավորումներ, սակայն դրանք շատ ծախսատար են, և այն անձը, ով կստեղծի հեշտ և մատչելի տարբերակ, անշուշտ միլիոնատեր կդառնա:

Էներգիայի անլար փոխանցում

Դեռ 19-րդ դարի վերջում Նիկոլա Տեսլան սկսել է էներգիայի անլար փոխանցման փորձեր, իսկ 1975 թվականին ամերիկացի գիտնականներին հաջողվեց մի քանի տասնյակ կիլովատտ փոխանցելառանց լարերի, ճիշտ է, 60% կորստով:

Ինդուկցիոն լիցքավորման սարքերը, որոնք թույլ են տալիս լիցքավորել հեռախոսն առանց լարերի, արդեն գոյություն ունեն: Սակայն նրանք ունեն երկու էական թերություն՝ բարձր գին և գործողության փոքր դաշտ: Այդ իսկ պատճառով մեծ ծավալով էներգիայի անլար փոխանցման մասին դեռ շուտ է խոսել:

Մարդու օրգանների տպագրություն

2003 թվականին բիոինժեներ Թոմաս Բոլանդը պատենտավորեց կենդանի բջիջների տպագրման տեխնոլոգիան, իսկ 2009 թվականին ստեղծվեց աշխարհի առաջին բիոտպիչը, որը թույլ է տալիս մարդու մարմնի հյուսվածքներ տպել: Արդեն 2030 թվականին գիտնականները պլանավորում են տպել առաջին գործող երիկամը. ճիշտ է, այն  կարժենա նույնքան, որքան տիեզերանավը: 

Բացի նմանատիպ տեխնոլոգիայի էժանացումից հարկավոր կլինի նաև լուծել տպված օրգանների օրգանիզմի կողմից ընդունման հարցը, ինչպես նաև, ստեղծել ռոբոտի, որը կկարողանա տպել և միաժամանակ տեղադրել օրգանները մարդու մարմնի մեջ: 

Տելեպորտ

Տելեպորտացիայի «առաջին քայլերն» արդեն կատարված են: 2014 թվականին գերմանացի գիտնականները 3D տպիչի հիման վրա ստեղծել են «Սքոթթի» անվանմամբ սարքավորում, որը սկանավորում է առարկան, փոխանցում է նրա մասին տվյալներն այլ սարքավորման, որն իր հերթին վերստեղծում է այն: Սակայն կա մի խնդիր. սկանավորման գործընթացում առարկան մասնատվում է, հետևաբար տվյալ պայմաններն ընդհանրապես չեն համապատասխանում մարդու տելեպորտացիայի համար:

Բացի այդ, «Սքոթթին» դեռևս աշխատում է միայն սև պլաստմասե առարկաների հետ, ինչն անհրաժեշտ է,  որպեսզի կարդացող սարքի տեսախցիկը ճանաչի առարկան հնարավորինս լավ: Մի խոսքով, տելեպորտացիան ստեղծողների առաջ բավականին բարդ խնդիր է դրված:

Գերլուսային շարժիչներ

Հարաբերականության տեսության համաձայն՝ նյութական առարկաները չեն կարող հասնել կամ գերազանցել լույսի արագությունը: Գոյություն ունեցող տիեզերանավերի ցածր արագությունների պատճառով մենք չենք կարողանում հասնել նույնիսկ ամենամոտիկ աստղին՝ ՊրոքսիմաԿենտաուրիին, որը գնտվում է մեզնից 4.22 լուսային տարի հեռավորության վրա: Ամենաարագ հրթիռ «Սատուրն-5ը», որի արագությունը հասնում է 64.500 կմ/ժ-ի, կհասնի այնտեղ մոտավորապես 70 հազար տարում:

Սակայն, նույն հարաբերականության տեսությունն առաջարկում է տվյալ արգելքի շրջանցման երկու տարբերակ`որդնախոռոչներ և տարածաժամանակի կորացումներ: Հենց տարածաժամանակի կորացումների վրա էլ պետք է հիմնված լինի այն շարժիչը, որն անշարժ տիեզերանավի շուրջ կստեղծի «պղպջակ», որը թույլ կտա տարածության մեջ շարժվել լույսի արագությունը մի քանի անգամ գերազանց արագություններով: Իմիջիայլոց, նմանատիպ շարժիչի վրա արդեն աշխատում են: Կարող եք միանալ:

 

Հեղինակ՝ Հովհաննես Եսայան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին