«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր հարցազրույցը «Առաջին լրատվական»-ին:
1. Պարոն Չուգասզյան, 2017-ը նախընտրական տարի է Հայաստանում:
Որոնք են ըստ ձեզ այս տարվա առաջնահերթությունները:
Տարին բնորոշելով “նախընտրական” դուք կուլ եք տալիս Հայաստանի հանցագործ գաղութային կարչակազմի և նրա պապաների “կուտը” և օգնում նրանց շարունակել “թոզ փչել” և կեղծ քաղաքական առաջնահերթություն գծագրել:
Մինչդեռ Հայաստանում քաղաքական ժամանակը այլևս չի կարող բնորոշվել հանրային լեգիտիմությունից զուրկ և ոչինչ չորոշող “ընտրությունների” ազդեցությամբ :
Իրականում անցյալ տարվա հուլիսի 17-ին Հայաստանում քաղաքական նոր ժամանակաշրջանը է սկսվել: Նախորդ նման տարեթիվը դա 1988թ. փետրվարի 28-ն էր…
Ապրիլյան պատերազմը և դրան հետևած Սասնա Ծռերի ապստամբական գործողությամբ սկսված զանգվածային քաղաքացիական ընդվզումը, ինչպես նաև Երևանի բնակելի թաղամասերից մեկը՝ Սարի թաղը ռազմական թատերաբեմի վերածած ոստիկանապետության արձագանքը հասարակական գիտակցության մեջ լրջագույն բեկում են առաջացրել …
Հանրային ընկալման մեջ այլևս փլուզվել է ինչպես վստահությունը ազգային շահերի անվտանգությունը ապահովող գործող համակարգի նկատմամբ՝ ներառյալ բանակի վերին հրամանատարությունը և ոստիկանությունը, այնպես էլ հավատը առ արտաքին “դաշնակիցը” և նրա հետ Հայաստանի ռազմավարական շահերի համընկնումը… Սա հատկապես ակնհայտ է դառնում ռուս-թուրքական մերձեցման նոր փուլի խորապատկերի վրա:
Բարեբախտաբար մեր պատմական հիշողության մեջ դեռ արթուն են քեմալա-բոլշեվիկյան կարճ համագործակցության ընթացքում հայ բոլշևիկների դավաճանական դերի երկարատև դառը պտուղները…Եվ միայն շնորհիվ 1921թ. փետրվարյան ապստամբության, որն ի դեպ կոմունիստական բռնակալության դեմ առաջին ապստամբության փորձն էր ամբողջ աշխարհում, Հայաստանը դրան հաջորդող 70 տարիների ընթացում վաստակեց միութենական հանրապետության ինքնավարության որոշակի կարգավիճակ՝ իր համապատասխան երկարաժամկետ արդյունքներով…
Այսպիսով արձանագրենք. հանրային գիտակցության համար այլևս մերկացել է հայկական պետության ինքնիշխանության աստիճանական կորստի քաղաքական փաստը և ապագաղութացման գործընթացի անհրաժեշտությունը:
Եվ ուրեմն 2017թ. քաղաքական օրակարգում կա մեկ հիմնական հարց՝ հայկական պետականության լինել թե չլինելու հարցը…Եվ ուստի տարին էլ պետք է բնորոշվի հենց այդ կերպ, իր համապատասխան ներքին և արտաքին առաջնահերթություններով…
2. Թեպետ Դուք ընտրությունները բոյկոտելու կողմնակից եք, ի՞նչ եք մտածում այն քաղաքական ուժերի, դաշինքների մասին, որոնք ընտրությունները փորձելու են օգտագործել իշխանափոխության հասնելու համար:
1908թ. օսմանյան սահմանադրության ընդունումից հետո, անգամ Ադանայի ջարդերից հետո, շատ հայ ականավոր մարդիկ, օրինակ ժամանակի ամենակրթված անձնավորություններից մեկը՝ Սորբոնի համալսարանը ավարտած Զապել Եսայանը, կարծում էին, որ ընտրությունների միջոցով հնարավոր կլինի հայ-թուրքական հակամարտությանը քաղաքական լուծումներ գտնել…Բարեբախտաբար այն ժամանակ կային նաև Անդրանիկի նման մտածող անհատներ…
Կտրվածություն ժամանակից ու ժողովրդից, ահա, թե ինչն էր բնութագրում այն ժամանկվա հայ վերնախավին, ցավոք նույնն է այսօր …Կարծես մեզ որևէ կերպ չեն վերաբերում հեղաշրջման փորձը Թուրքիայում, քուրդ-թուրքական բախումները, իսլամական զարթոնքը: Իսկ ապրիլյան պատերազմը և նոր սերնդի զենքերը հավանաբար Լուսնի վրա էին հայ կյանքեր խլում…
Որ մեր ժողովրդին մոլորեցնելու մեծ փործ կուտակած ուժեր կան մեր մեջ, կասկած չկա: Սակայն, նրանց այդ փորձը արժեքազրկված է, քանի որ նրանց առջև ահռելի բարդության նոր խնդիր է դրվել: Պավլիկ Մանուկյանի, Վարուժանի Ավետիսյանի, Կյուրեղյանների, Արայիկ Խանդոյանի և մյուս Սասնա Ծռերի ու նրանց համակիրների գործողության շնորհիվ ավտորիտար, հետադիմական, ազգակործան ռեժիմի պայմաններում քաղաքական նշաձողը Հայաստանում այլևս ապագաղութացման բարձրունքին է հասցվել և այս ֆոնին լեզուն կուլ տված և կլինիկական մահվան վիճակում հայտված քաղաքական “ուժերը” հրահանգով “հարություն” առնելով այլևս չեն կարողանալու որևէ լուրջ մեկին մոլորեցնել, իսկ ժողովուրդը իր սրտում արդեն տեղ է տվել իրական լուծումը ցույց տված քաղաքական ուժին, որը ռազմագերու կարգավիճակով բանտում գտնվելու ամեն հաջորդ օրով էլ ավելի մեծ տեղ է ստանում նրա սրտում…
3. «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը օրերս կոչով է հանդես եկել: Վերջինս, ըստ էության, չի մերժում մասնակցությունը, ասում է պետք է համախմվել ընդդիմադիր ուժերի շուրջ: Ինչպե՞ս կմենկանաբանեք այս հայտարարությունը: Փաստորեն այսչափ կարևոր հարցի շուրջ տարակարծիք եք:
Ցավոք, իր հետ կապ չունեմ ու չեմ կարող մեկնաբանել, թե հատկապես ի՞նչ նկատի ունի նա և ինչո՞վ է պայմանավորված իր դիրքորոշումը…
4. «Սասնա ծռեր» խորհրդի անդամները չեն բացառում ֆորս-մաժորները: Թեպետ ձեզնից շատերը կալանավորված են, կարծում եք՝ հրապարակային պայքարը, հանրահավաքները մնո՞ւմ են օրակարգում:
Թե՛ ներքին քաղաքական իրավիճակը՝ խավարասեր ավտորիտարիզմի խորացում, պարտքերի վտանգավոր խորության հասնող փոս, սոցիալական հետագա բևեռացում, սաստկացող արտագաղթ, և թե՛ միջազգային քաղաքական իրավիճակը ՝ Թրամպի ընտրության և Բրեքսիտի հետ կապված տուրբուլենտ համաշխարհային զարգացումներ, մերձավորարևելյան հրդեհ և Ռուսաստան-Թուրքիա սիրախաղ, ահա այս բոլորը անխուսափելի են դարձնում արցախյան հարցի սրացումը և շարունակվող մաշեցնող պատերազմը: Ուստի և ֆորսմաժորները նույնպես դառնում են անխուսափելի…
Հանցագործ ու տգետ իշխանության նման պայմաններում ողջամտությունը ոչ թե ողջամտության դատարկ կոչերն են, այլ պատրաստվելը հաջորդ ֆորսմաժորին և դրան հետևող ապագաղութացման գործընթացին, այդ թվում նաև հրապարակային պայքարով և հանրահավաքներով…
Մեր երկրի ու ժողովրդի “ձախորդ օրերը ձմռան նման կգան ու կերթան, վհատելու չի”, իսկ ներկայիս ռեժիմը հիշվելու է որպես պատմության աղբամանին արժանացած մղձավանջ…
Հարցազրույցը՝ Մարիամ Գրիգորյանի
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում