Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը մասնագիտությամբ բժիշկ է: Բժշկական մասնագիտական ճյուղը Բալայանների ընտանիքում սկիզբ է առնում Գոհար Դավիթի Բալայանից, ումից էլ Զորի Բալայանը ժառանգել է բժշկի մասնագիտությունը: Նա տասնամյա գործունեությունից հետո թողել է բժշկի աշխատանքը, բայց մինչև այսօր էլ շարունակում է հետևել բժշկության, բժշկագիտության, առողջապահության ոլորտի զարգացումներին՝ դրանք հաճախ ներկայացնելով իր հրապարակումներում: Բժիշկի մասնագիտությունն են ստացել անվանի գրողի երեք զավակները: Զորի Բալայանի կնոջ՝ Նելլի Բալայանի ընտանիքը ևս համալրված է մասնագիտությամբ բժիշկ անդամներով: Նա մանկաբարձ-գինեկոլոգ է, եղբայրը՝ Վալերի Մարությանը, հայտնի բժիշկ էր Արցախում: Վալերի Մարությանը եղել է Արցախի ռազմաբժշկական ծառայության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիրը: Նրա մասնագիտական ուղին այժմ շարունակում են որդին և թոռը՝ Մարութ Մարությանը, որը ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում, առաջին բուժօգնություն ցուցաբերել վիրավոր զինվորներին:
Բալայաններ-Մարությաններ բժշկական ընտանիքին է անդրադարձել «Կոչումով բժիշկ» նախագծի 23-րդ թողարկումը, որի տեքստային տարբերակը կարող եք կարդալ տեսանյութի ներքո:
Բժշկական մասնագիտական ճյուղը Բալայանների ընտանիքում սկիզբ է առնում Գոհար Դավիթի Բալայանից: Նա բուժաշխատող էր: Գոհար Բալայանը ծնվել է 1918 թվականին Արցախի Քյաթուկ գյուղում, աշխատել՝ որպես բուժքույր: 1937-ին պապիկը՝ որպես «ազգի թշնամի» 58-րդ հոդվածով դատապարտվել և ուղարկվել է Կոմիի ինքնավար հանրապետություն, որտեղ և 1939-ին սպանվել է: Գոհար Բալայանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի ՝ այսպես ասած՝ «ազգի թշնամիների» պատասխանատու տասնվեց կանանցից մեկը, 1943 թվականին աքսորվել է ԳՈՒԼԱԳ, արցախյան հայրենի օջախից նրան ուղարկել են երկարատև «արձակուրդ» ոչ միայն 1930-ականներին, այլև պատերազմի ամենաթեժ ժամանակ, անգամ՝ պատերազմից հետո: Դրա հետևանքով կյանքն այնպես է դասավորվել, որ հայրս իր մոր հետ ծանոթացել է բավականին մեծ հասակում՝ ռազմածովային նավատորմում ծառայության ժամանակ: Տատիկս՝ հայրիկիս կրտսեր եղբոր՝ Բորիս Հայկի Բալայանի հետ միասին, որը ևս մասնագիտությամբ բժիշկ էր, պաթանատոմ, դոցենտ, Երևանի կենտրոնական անատոմիական բաժանմունքի ղեկավարը, հաստատվեցին, ուզբեկական Անդիջան քաղաքում, որտեղ ապաստան գտան նաև Արցախից աքսորված նրանց բարեկամները»,-պատմում է Բալայանների բժշկական երրորդ սերունդը ներկայացնող, մասնագիտությամբ բժշկուհի Լուսինե Զորիի Բալայանը: Համակենտրոնացման ճամբարում անցկացրած տարիներին Գոհար Բալայանին օգնում է նրա՝ բուժաշխատող լինելու հանգամանքը, այնտեղ բուժքրոջը գնահատում էին բժշկից ոչ պակաս: Չէ՞ որ ազատազրկվածներին հազվադեպ էին բուժօգնություն ցուցաբերում բժշկական կանոններով, իսկ բուժքույրերը կարողանում էին ցուցաբերել ամենօրյա անհրաժեշտ օգնություն: Բուժքրոջ մասնագիտությունը թույլ տվեց տատիկիս ներկայացնել իր այն կամային հատկությունները, որոնք կային նրա բնավորության մեջ:
Բժշկի մասնագիտությունը մայրը փոխանցեց որդուն՝ Զորի Բալայանին, որը և դրեց Բալայանների բժշկական մեծ գերդաստանի հիմքը: Զորի Բալայանի հայրը՝ Հայկ Բալայանը, ծնվել է 1904-ին, Արցախում, սովորել Մոսկվայի պետական համալսրանաի Արևելյան ժողովուրդների բաժինը:
«Չորս տարի ծառայել եմ Բալթիկ ծովում, նավաստի էի: Հիշում եմ, որ չորս տարի անընդմեջ մտածում էի՝ վերջացրեցի, հետո՞…չգիտեմ նույնիսկ ինչ է տեղի ունեցել, որ ես մտածեցի բժիշկ դառնամ: Վեց տարի ուսում եմ ստացել Ռյազանում, տասը տարի աշխատել եմ որպես բժիշկ Կամչատկայում: Տասը տարվա ընթացքում շատ գործ եմ արել այնտեղ: Դա շատ հետաքրքիր է, քանի որ ես հաճախ պետք է լինեի Տունդրայում, որը հեռու էր, շատ հաճախ չէր լինում գնալ, եթե եղանակը վատ էր լինում, չէր ստացվում, որ ուղղաթիռը գնար: Սիրում էի, որ ինձ ուղարկում էին հեռու Տունդրա: Անընդհատ ես գրում էի, անընդհատ տպագրում էին, և ես մտածում էի՝ պետք է վերջ տամ, բժշկությունը շատ եմ սիրում, բայց ինձնից խլում է, և տասը տարի անց, երբ «Լիտերատուրնայա գազետա»-ն ինձ վերցրեց որպես սեփական թղթակից Հայաստանից, թողեցի բժշկությունը» ,-նշում է Զորի Բալայանը:
Անվանի գործիչը փոխարենը մտածում է՝ ընտանիքը բժիշկներով համալրելու մասին՝ ընտանիք կազմելով մասնագիտությամբ բժշկուհի Նելլի Մարությանի հետ:
«Այդպես էլ ստացվել է: Բացի դրանից, իր մայրն էր բժիշկ, եղբայրը, հետո, անշուշտ, մտածել եմ, որ մեր երեխաներն էլ պետք է այդ ճանապարհով գնան: Ուզում եմ ասել, որ չի ստացվել, որ բժշկությունը, որպես մասնագիտական ուղի, մինչև կյանքիս վերջ տանեմ, թեկուզ անընդհատ հետևում էի ու շարունակում եմ հետևել՝ ինչ է տեղի ունենում աշխարհում: «Լիտերատուրնայա գազետա»-ում նյութեր եմ տպագրել բժշկության մասին, հիվանդությունների մասին: Հիմա ես երջանիկ եմ, որ իմ ընտանիքը և կինս, և որդիս, և երկու աղջիկս, բժիշկ են, այդ պատճառով, որ ես հիվանդանում եմ, մեծ պրոբլեմ կա, որովհետև բժիշկները շատ են, ես էլ մենակ որպես հիվանդ և տանջվում եմ, սա կատակ»,-նշում է Զորի Բալայանը:
Զորի Հայկի Բալայանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում։ 1953-1957 թվականներին ծառայել է բալթիական նավատորմում։ 1963 թվականին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1963-1973 թվականներին Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ։ 1967 թվականին իր երկու ընկերների հետ «Վուլկան» և «Հեյզեր» նավակներով Կամչատկայից Օդեսա է հասել՝ անցնելով 22 հազար կիլոմետր տարածություն։ 1970 թվականին Կամչատկայից կտրել է Խաղաղ օվկիանոսը, հասել Ատլանտյան օվկիանոս։ 1973 թվականի ձմռանը շնասահնակով կտրել-անցել է Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները, հասել մինչև Հյուսիսային օվկիանոս։ 1973-1975 թվականներին աշխատել է Երևանի բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դեսպանսերում։ Եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, «Բայկալյան շարժում», միջազգային էկոլոգիական կազմակերպության համանախագահը։ Հայ դատի և Արցախի հարցի արդար լուծմանը զինվորագրվել է 20-րդ դարի 1960-1970-ականներին։ Իր հեղինակած «Օջախ» գրքում անդրադարձել է Հայաստանի, Նախիջևանի և Արցախի թեմային:
Եղել է 1988 թ. ծավալված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։ 1988-1991 թթ. Միխայիլ Գորբաչովի, Ա. Յակովլևի և ԽՄԿԿ ԿԿ ու գործադիր իշխանությունների բարձրագույն այլ գործիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, ԽՍՀՄ պատգամավորների համագումարներում, Բորիս Ելցինին հղած նամակում ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությունների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգավորությունը, պատճառաբանված և հիմնավորված ելույթներով դատապարտել Ադրբեջանի և Կենտրոնի կողմից կատարվող հակաօրինական, հակահայկական գործողությունները։ 1989-1992 թթ. եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1990 թ. սեպտեմբերի 20-29-ին Մոսկվայում իր հյուրանոցային համարում հայտարարել է հացադուլ՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների և Մ. Գորբաչովի անգործության դեմ» և պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։ Զորի Բալայանը 1992-1995 թթ. եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992-1994 թթ. ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշնակության հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում և իր ներկայությամբ ոգևորել հայ զինվորին, որի համար ստացել է «Կոմիսար» պատվանունը: Նրա նախաձեռնությամբ են կազմակերպվել արտասահմանյան երկրների կողմից Արցախին ուղղված մարդասիրական օգնության բազամթիվ ծրագրեր: Անվանի գործչի ամենամեծ առաքելությունը եղել է արցախյան ազգային- ազատագրական պայքարի միջազգայնացմանն ուղղված նպատակասլաց գործունեությունը։ Իսկ դրա համար ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ հետպատերազմյան շրջանում նա օգտագործել է ոչ միայն միջազգային տարբեր հանդիպումների ու հրապարակային ելույթների հնարավորությունը, այլև «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու տարբերակը… Ճանապարհորդություն, որի ընթացքում նավերով օվկիանոսներն ու ծովերը հատում է՝ վեր պարզած Արցախի պետական դրոշը:
Նշանավոր գրողի, հրապարակախոսի, հասարակական ու քաղաքական գործչի, բժշկի գործունեությունը տարբեր տարիներին արժանացել է բարձր գնահատականի:
Նա ՀԽՍՀ պետական, ԽՍՀՄ լրագրողների միության Ն. Օստրովսկու անվան համամիութենական գրական մրցանակների դափնեկիր է։ 2006թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով Արցախի հանրապետության անկախության ձեռքբերման և ամրապնդման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Զորի Բալայանն արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե Արծիվ» շքանշանով։
Հրապարակախոսական գործունեության ընթացքում Զորի Բալայանը՝ և որպես բժիշկ, և որպես գրող, ակտիվորեն քարոզել է առողջ կենսակերպը: Խորհրդային հայտնի հրապարակումներում Զորի Բալայանը ջանասիրաբար պայքարել է «արբած բեղմնավորման» դեմ. գիտական տերմինի հեղինակն ինքը՝ Զորի Բալայանն է: Նրա՝ «Բաց նամակ նորապսակներին» եզակի գրքույկը թարգմանվել է շատ լեզուներով, մասնավորապես, Խորհրդային միության երկրների լեզուներով, որը երբեք չի կորցնում իր արդիականությունը, քանի որ խոսքը ապագա սերունդների ճակատագրերի մասին է:
Ամբողջ կյանքի ընթացքում Զորի Բալայանը զբաղվել է սպորտով: Հայտնի գրող-հրապարակախոսը «կշռաքարերի բարձրացում» մարզաձևում և ծանր ատլետիկայի չեմպիոն է: Զորի Բալայանը Հայաստանում սամբոյի ֆեդերացիայի հիմնադիրը և առաջին նախագահն է, այժմ՝ պատվավոր նախագահը:
Ինչպես նշվեց, հայտնի գրող-հրապարակախոս Զորի Բալայանի կինը բժշկուհի է: Նելլի Երվանդի Բալայանը 1971թ.-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1971-1972թթ. Կամչատկայի մարզային կլինիկական հիվանդանոցում աշխատել է՝ որպես թերապևտ: Նելլի Բալայանը 1977-1979թթ. անցել է կլինիկական օրդինատուրա «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ: 1979թ.-ից առայսօր նա աշխատում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ:
«Միշտ ցանկացել եմ, որ ավելի ակտիվ լինեմ, աշխատել եմ Մարգարյան հիվանդանոցում, գոհ եմ եղել: Զորին հաճախ բացակայել է տնից, ինձ վրա էր դրված մեր երեք զավակներին մեծացնելու պատասխանատվությունը: Իհարկե, հիմա էլ եմ աշխատում, զբաղվում եմ անպտղության խնդիրներով: Բժշկի մասնագիտությունը լուրջ մասնագիտություն է, բժիշկ ես, ուրեմն՝ պետք է իմանաս՝ ինչպիսի առաքելություն ունես, մարդկանց հանդեպ, նրանց առողջության»,-ասում է Նելլի Բալայանը:
Բալայանների բժշկական մեծ ընտանիքի երրորդ սերունդը ներկայացնում են Զորի Բալայանի երեք զավակները՝ որդին և երկու դստրերը:
Կոչումով բժիշկների տոհմիկ ավանդույթը շարունակում է Զորի Բալայանի ավագ դուստրը՝ Սուսաննա Բալայանը: Նա ուլտրաձայնային հետազոտության մասնագետ է և աշխատում է «Երևան» ԲԿ-ում:
«Առաջինը դարձավ բժիշկ մեր երեխաներից ավագ քույրս՝ Սուսաննան, նա աշխատում է «Երևան» ԲԿ-ում՝ որպես բժիշկ-սոնոգրաֆիստ: Ոչ ոք իրեն չի ուղղորդել այդ մասնագիտությունն ընտրելու համար: Այն, որ ինքը մեծացել է այդ միջավայրում, որտեղ բոլորը բժիշկներ են եղել, հայրս, մայրս, տատս, մորեղբայրս, մորեղբորս որդին, ինքը ընտրել է այդ մասնագիտությունը շատ սիրով»,-նշում է Սուսաննայի եղբայրը՝ Հայկ Բալայանը, որը վիրաբույժ է, բժշկական գիտությունների թեկնածու:
Նա ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, կլինիկական օրդինատուրան անցել ԵՊԲՀ-ի թիվ 2 վիրաբուժության ամբիոնում: Նա ղեկավարում է «Երևան» ԲԿ-ի ընդհանուր և էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքը, դասախոսում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: ԵՊԲՀ-ի 2-րդ վիրաբուժության ամբիոնի ասիստենտ է: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների հայկական և արտասահմանյան տարբեր պարբերականներում: Հայկ Բալայանն անդամակցում է միջազգային բժշկական կազմակերպությունների, Էնդոսկոպիկ վիրաբուժության ռուսական և հայկական ասոցիացիաների իսկական անդամ է:
«Փոքր տարիքից արդեն իսկ հստակ էր, որ ընտրելու եմ բժշկի մասնագիտությունը, որն ինձ համար միայն աշխատանք չէ, կոչում է: Շատ եմ սիրում այդ աշխատանքը, բայց կարծում եմ՝ կոչում է, որովհետև գենետիկ մակարդակով իմ մեջ նստած է եղել, որ պետք է բժիշկ լինեմ, հատկապես՝ վիրաբույժ»,-նշում է Հայկ Բալայանը:
Հայկի կինը՝ Աննա Բալայանը, ևս բժշկի մասնագիտությունն է ընտրել: Նա ևս ուլտրաձայնային հետազոտության մասնագետներ է:
«Կինս ևս բժշկուհի է, և քանի որ մենք տարբեր պրոֆիլի մասնագետներ ենք, կարող եմ ասել, որ լրացնում ենք իրար»,-նշում է Հայկ Բալայանը:
Լուսինե Բալայանը 1991 թվականին ավարտել է Երևանի Չեխովի անվան միջնակարգ դպրոցը: Նույն թվականին նա ընդունվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1997-ին: 1997-2001թթ. անցել է կլինիկական օրդինատուրա «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ: 2001թ.-ից առայսօր՝ աշխատում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքում՝ վերարտադրողական առողջության բաժնում/Էկո/: ԱՄՆ-ում՝ Չիկագոյի «Saint Francis Hospital Evanston»-ում, անցել է վեցամսյա պրակտիկա, հետո այն շարունակել Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: Օրդինատուրայում սովորելու ժամանակ Լուսինեն ծանոթանում է ապագա ամուսնու՝ Դավիթ Լավրենտի Գասպարյանի հետ, որը ևս մասնագիտությամբ բժիշկ էր:
«Համարում եմ, որ աշխատում եմ մի հիանալի բաժանմունքում՝ արտամարմնային բեղմնավորման բաժանմունքում: Այդ զգացումը, երբ զույգերին, որոնք երկար տարիներ չեն կարողանում մայրանալ, հայրանալ, ունենալ երեխա, բառերով չի կարելի, անհնար ա նկարագրել՝ ինչպիսի զգացմունք ես ապրում, երբ ասում ես, որ դուք երեխա եք ունենալու: Կան զույգեր, որոնք փոքրիկի են սպասում 13, 15, անգամ 18 տարի. դա մի ուրիշ զգացում է, որն իսկապես բառերով անհնար է նկարագրել: Չեմ կարող ասել՝ ինչպես դարձա բժիշկ: Որ ասեմ՝ ինչ-որ պատմություն կա, ռոմանտիկ, ինչպես ես դարձա, չէ, ուղղակի միշտ գիտեի, որ ընտրելու եմ բժշկի մասնագիտությունը, քանի որ մեծացել եմ այդ միջավայրում, շուրջբոլորս եղել են բժիշկներ ու ինձ համար դա այնքան բնական էր, որ ես պետք է բժիշկ լինեմ: Իմ ամենամեծ ուսուցիչը տատիկիս եմ համարում: Ինձ համար օրինակ էր նրա բարձր պահվածքը, հիվանդների հետ նրա վերաբերմունքը»,-ասում է Լուսինե Բալայանը:
Զորի Բալայանն ունի վեց թոռնիկ, որոնք դեռևս մասնագիտական կողմնորոշման հարցում վերջնական որոշում չունեն, բայց բժշկական գերդաստանի ավագ անդամները վստահ են՝ բժշկի առաքելությունը Բալայանների տոհմում ապագայում ևս կլինի շարունակական:
Ուշագրավն այն է, որ հայ նշանավոր բժշկական ընտանիքներից շատերը ստեղծվել են` միավորելով երկու տարբեր բժշկական «ազգանուններ»` հիմնելով բժշկական մեծ գերդաստան: Այդպիսին են Բալայաններ, Մարությաններ ընտանիքները, որոնք միասին ձևավորել են բժշկական գերդաստան՝ իրենց նպաստը բերելով Հայաստանի առողջապահության տարբեր ոլորտների ու բժշկագիտության զարգացման գործին:
«Մեր ընտանիքում ամենագլխավոր բժիշկը տատիկս էր՝ մայրիկիս կողմից»,-նշում է թոռնուհին՝ Լուսինե Բալայանը: Մարգարիտա Մամիկոնի Ղուկասյանը Լեռնային Ղարաբաղի հանրապետության վաստակավոր բժշկուհի էր, պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Մարգարիտա Ղուկասյանը ծնվել է 1917 թվականին, Լեռնային Ղարաբաղի Մեծ Շեն գյուղում: Անվանի կինը եղել է Արցախի գլխավոր գինեկոլոգը, աշխատել է մինչև 88 տարեկանը: Կյանքից հեռացել է 95 տարեկան հասակում:
Մարգարիտա Ղուկասյանի զավակները՝ Նելլին և Վալերին, ևս ընտրում են ամենամարդասիրական մասնագիտությունը:
«Մայրս Լեռնային Ղարաբաղում շատ խոշոր բժշկուհի է եղել, գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ: Շատ-շատերը իրեն նայելով ուզում էին բժիշկ դառնալ: Գիշեր-ցերեկ աշխատում էր, որևէ նշանակություն չուներ՝ որտեղ է հիվանդը, ինքը հարսանիքում լիներ, թե թատրոնում, գնում էր, մեծ հարգանք էր վայելում: Մայրս երկար տարիներ է աշխատել, մինչև 85 տարեկան: Արցախյան ազատամարտի տարիներին անգամ դժվար պայմաններում՝ նկուղներում է վիրահատություններ կատարել»,-պատմում է Նելլի Բալայանը:
Մարությանների բժշկական ընտանիքի մասնագիտական ճյուղն այնուհետև շարունակում է Վալերի Մարությանը: Նա ծնվել է 1943 թվականի նոյեմբերի 3-ին Շահումյանի շրջանի Հայպարիս գյուղում: 1965-1971 թվականներին սովորել և ավարտել է Կրասնոյարսկի պետական բժշկական ինստիտուտի բուժական գործ ֆակուլտետը: 1973-1988 թվականներին աշխատել է Ստեփանակերտի մարզային հիվանդանոցում, նախ որպես ավագ օրդինատոր, ապա` վիրաբուժության բաժանմունքի վարիչ: Վալերի Մարությանը 1992-1995 թվականներին ղեկավարել է պաշտպանության բանակի բուժծառայությունը: 1996-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության գլխավոր վիրաբույժ: Նրա նախաձեռնությամբ 1996թ-ին Խոջալուում ստեղծել է զինվորական կենտրոնական հոսպիտալը , որը նա ղեկավարել այն մինչև 1998-ը:
(Որպես բժիշկ ու մարտիկ՝ նա մասնակցել է Հադրութի, Տող, Ծամձոր, Սարի շեն գյուղերի ազատագրման մարտերին: Վալերի Մարությանը, նրա գործընկեր բժիշկները և բուժքույրերը եղել են ռազմաճակատի գրեթե բոլոր ուղղություններում: Պաշտոնական փաստաթղթերում արձանագրված է, որ Արցախի ինքնապաշտպանական ուժերի բուժծառայության պետը՝ Վալերի Մարությանը, և նրա թիմը պատերազմի տարիներին կատարել են մոտ 11.000 հազար վիրահատություն: Բավական է նշել, որ նրա վիրահատած վիրավորների ութսուն տոկոսը վերադարձել է շարք, որ նրա ղեկավարած հոսպիտալում ցավային շոկի պատճառով չի գրանցվել մահվան ոչ մի դեպք, եթե վերքն ինքնին մահացու չիեղել: Ռազմական գործողությունների դադարից՝ 1994 թվականին կնքված զինադադարից հետո էլ, գնդապետ Վալերի Մարությանը պաշտպանության բանակում՝ որպես բուժծառայության պետ, իսկ որոշ ժամանակ անց՝ որպես գլխավոր վիրաբույժ շարունակել է հայրենանվեր ու անխոնջ գործունեությունը: Նրա գլխավորությամբ հստակեցվել և առավել բարձր հիմքերի վրա են դրվել բուժծառայության կազմակերպումը, իրականացվել են սանիտարահիգիենիկ լայնածավալ աշխատանքներ, զորամասերում բացվել են անհրաժեշտ սարքավորումներով ու դեղորայքով համալրված նոր բուժկետեր:
Մարտական գործողություններին զուգահեռ, երբ սկսվեց կազմավորվել Արցախի պաշտպանության բանակը, Վալերի Մարությանն արդեն ստանձնեց բանակի բուժծառայության պետի պաշտոնը: Նա դարձավ Արցախի ռազմաբժշկական ծառայության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիրը:
Նա մահացել է 1998թ. հունիսի 20-ին: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն», «Արցախի քաջորդիներ» մեդալներով:
Վալերի Մարությանն ունի մեկ որդի, չորս թոռ: Որդին` Արթուր Մարությանը, ռազմաբժշկության զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20տարի» հոբելյանական մեդալով: Նա շարունակում է Մարությանններ բժշկական տոհմը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր վիրաբույժ է, բժշկական գիտությունների թեկնածու, բուժծառայության գնդապետ:
Արթուր Վալերիի Մարությանը ծնվել է 1965 թվականի ապրիլի 28-ին, Կրսանոյարսկում (Ռուսաստան)): 1997 թվականին նրան շնորհվել է ՊԲ բժշկական ծառայության պահեստի կապիտանի կոչումը։ 1988 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը,ապա վերապատրաստվել Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, Օլդռարի (Մեծ Բրիտանիա) զինվորական կլինիկական հոսպիտալում (1993 թվական) և Կրյուի (Մեծ Բրիտանիա) քաղաքային հիվանդանոցում (1999 թվական)։
1988-1997 թվականներին աշխատել է Ստեփանակերտի մարզային (հանրապետական) հիվանդանոցում, քաղաքային ծննդատան մանկաբարձական բաժնում, կենտրոնական զինվորական հոսպիտալում, Վալերի Մարությանի անվան հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքում՝ որպես վիրաբույժ, բաժնի ղեկավար, 1997 թվականից ղեկավարել է Ստեփանակերտի ծննդատունը: 1992-1994 թվականներին բժշկական կամավորական բրիգադի կազմում աշխարտել է Շուշիի, Ֆիզուլիի, Աղդամի շրջանների, Լաչինի ռազմադաշտային շարժական հոսպիտալներում, վիրահատել և բուժել է հարյուրավոր ազատամարտիկների, խաղաղ բնակիչների։
Հատկանշական է, որ ինչպես Վալերի Մարությանի որդին` Արթուր Մարությանը, այնպես էլ նրա թոռը`Մարութ Մարությանը, այսօր շարունակում են լեգենդար բժիշկի սկսած գործը: Մարութ Մարությանը բուժծառայության լեյտենանտ է:
Ի դեպ, ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Մարութ Մարությանը, որը դեռևս Մարությանների բժշկական գերդաստանի ամենակրտսեր սերունդն է, առաջնային բուժօգնություն ցուցաբերելու նպատակով եղել է ղարաբաղաադրբեջանական շփման գծում, առաջնագծում, փրկել բազմաթիվ վիրավոր զինվորների կյանքեր: Արցախի ռազմական հոսպիտալը կրում է անվանի բժշկի՝ Վալերի Մարությանի անունը:
Առողջապահության նախարարության կայքից