Նախօրեին Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայող էր մահացել, Երեւան քաղաքի բնակիչ Դերենիկ Մանուկյանը: Ըստ Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ ժամկետային զինծառայողի մահը վրա է հասել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Մահացած զինվորը, ըստ իր բարեկամների՝ զինակոչվելուց ունեցել է առողջության եւ տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ, սակայն դա չի խանգարել, որ նրան ուղարկեն 1-ին գիծ՝ մարտական հերթապահության։ «Ժողովուրդ»-ը դեպքի մանրամասները պարզելու նպատակով այցելել է զինվորի տուն: Դերենիկի հորաքույրը՝ Թամարա Մանուկյանը, պատմել է, որ Դերենիկը մահացել է իր ծառայակից ընկերոջ զենքի կրակոցից. «Դիրքերում շատ ուժեղ անձրեւ է եկել: Զինվորների ավագն ասել է՝ տղեք, մտեք բլինդաժ ու հանձնարարել է մաքրել զենքերը: Տղեքը սկսել են մաքրել: Մաքրելուց են եղել ու ինչ-որ Դերենիկը շատ ուշ է մտել բլինդաժ ու լսվել է կրակոց: Դերենիկի եղբայրն էլ է ասում, որ պատահականություն է եղել»:
Ըստ մահացած զինվորի հորաքրոջ՝ Դերենիկի մայրը առողջական լուրջ խնդիրներ ունի եւ երբ երեկ նրան հայտնել են, որ իր որդին վիրավոր է, մորը շտապ տեղափոխել են հիվանդանոց. «Այժմ վերակենդանացման բաժանմունքում է ու չգիտենք, թե ինչ է լինելու այս ամենի վերջը: Եղբայրս իր երկու որդիներին շատ մեծ դժվարությամբ է մեծացրել, շատ դժվար պայմաններում են ապրում: Պետք է ձեզ ասեմ՝ թե՛ Դերենիկի, թե՛ Հրաչիկի աչքերը մինուս 5 տեսողության խնդիր ունեն, ակնոց են կրում, ողնաշարի խնդիրներ ունեին: Ու այդպես գնացել սահման են պահում: Գոնե թեթեւ ծառայության տանեին, սահման չտանեին, բայց դե արի ու տես...»:
Զինվորի հորաքրոջ խոսքով՝ կատարվածը ճակատագրի հեգնանք է. «Դերենիկն ասում էր՝ մամ, ախպերս՝ Հրաչիկը, փափուկ տղա է, չի դիմանա, մի բան արեք չգա ծառայության: Դե տեսեք, որ իր մահով եղբորը չթողեց մինչեւ վերջ ծառայի»:
Թամարա Մանուկյանն ասել է, որ իրենք բողոք չունեն կրակոց արձակած զինվորի դեմ, իսկ թե ինչ որոշում կկայացնեն Պաշտպանության նախարարությունում, իրենք ոչինչ ասել չեն կարող:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում